ԿարևորՀասարակություն

«Ռադիոլուր»-ի ողջ կյանքը՝ ամենաթարմ ռադիոլուրականի աչքերով

Ես շատ շուտ հասկացա, որ «Ռադիոլուր»-ում օրվա ընթացքը որոշվում է առավոտյան մկների ժողովից, երբ բոլորս տնօրեն Արմեն Վարդանյանի սենյակում ենք: Եթե Արմենն ունի առաջին նյութ (առաջին նյութը հիմնական թողարկման համար է), ուրեմն առավոտը բարի է սկսվում: Մյուս պարագայում հնչում է «Ռադիոլուրի» ամենահայտնի արտահայտություններից մեկը.

«Ընկեր քո նյութն առաջին չի դառնո՞ւմ»:

Եթե Արմինեն Գևորգյան արձակուրդում է կամ աշխատում է Երևանից դուրս, ուրեմն «Ռադիոլուրի»օրն անցնում է բավականին հանդարտ: Հանդարտություն էր խմբագրությունում նաև, երբ դեռ ֆիզ. արձակուրդում էր Լիանան Եղիազարյան: Խմբագրության «մարտկոցները» սիրելի զբաղմունք ունեն:

Նաիրա Մայիլյանը մեջբերումներ կատարում է հիմնականում թերթերից  ու գիտի, թե որ թերթի որ համարում ինչ է տպագրվել: Առավոտյան աշխատանքի գալիս է շատ շուտ ու ամենատեղեկացված մարդկանցից է:

Օդում, ջրում ու ցամաքում կարելի է հանդիպել Գիտա Էլիբեկյանին ու Աննա Մարտիկյանին: Նրանք աշխատում ու գտնում են պատմություններ «Ռադիոլուրի» համար մոլորակի ցանկացած կետից: 2018-ին սպասում ենք նյութեր լուսնից ու տիեզերքից:

«Թռիչքից առաջ հրամանատարի հետ Նադիան ստուգում է  Embraer  ինքնաթիռը, որով թռիչքներ է կատարում արդեն 6 ամիս»:

Աննա Նազարյանն ու Լուսինե Ավանեսյանը գիտեն ամեն ինչ Ղարաբաղի մասին: Լուսինեն օրվա ցանկացած ժամին, ցանկացած ինֆորմացիայի տիրապետում է, եթե խոսքը Արցախի Հանրապետությունում տեղի ունեցածի մասին է, Աննան՝ Երևանում և առհասարակ աշխարհի ցանկացած վայրում հետևում է Մամեդյարով- Նալբանդյան ցանկացած քայլի, «մասնակցում» Սարգսյան-Ալիև բոլոր հանդիպումներին:

ԱԺ-ում «կռված» Լենա Բադեյանն ու Լուսինե Վասիլյանը գիտեն, թե որ պատգամավորը որ գումարումից է այստեղ, քանի անգամ է ընտրվել: Հիշում են ԱԺ կազմն անգամ սրանից 15 տարի առաջ ու միշտ ասում, որ ԱԺ լուսաբանելն ավելի լավ  է, քան՝ կառավարություն:

Հասմիկին Դիլանյանին լավ գիտեն ոչ միայն ռադիոյում, այլև կառավարությունում: Չէ բառը գոյություն չունի Հասմիկի համար: Կարող է ցանկացած պահի, ցանկացած նախարարի հետ հարցազրույց ունենալ: Բոլորը գիտեն՝ Հասմիկին մերժելը շատ թանկ կնստի:

Նախագահին ամենամոտ կանգնած անձը «Ռադիոլուրում» Կարեն Ղազարյանն է: Չի սիրում արտակարգ, անսպասելի ու հապճեպ տեղի ունեցած իրադարձություններ:

Մառլենա Հովսեփյանը միջազգայնացված է ամեն տեսանկյունից: «Ռադիոլուր»-ի իր սեղանին նստած գիտի, թե ցանկացած պահի աշխարհում ինչ է կատարվում:

Իսկ Հասմիկին Մարտիրոսյանին գիտեն արաբական աշխարհում: Եթե ուրիշների համար արտակարգ իրավիճակներում կապ հաստատել արաբական որեւէ երկրի հետ դժվար է, ապա Հասմիկի համար դա խնդիր էլ չէ: Սփյուռքահայերն ամենամոտը Հասմիկի հետ են, ինչ խոսք:

Սոնա Հակոբյանն ու Աիդա Ավետիսյանը մեր ամենաթեթևներն են ու շատերի նախանձն են շարժում իրենց անձնական քաշի թեթևությամբ։ Բայց թե ինչ ծանր դիրք ունեն հասարակությունում՝ գիտեն ճանապարհային ոստիկանները, վարորդներն ու պաշտոնյաները:

Մեր շաբաթ օրերը գունավորվում են Ալիսա Գեւորգյանի ներկայությամբ: Ամբողջ շաբաթ պահում է բոլորիս սպասման մեջ ու միայն շաբաթ օրը ֆիզիկապես ներկա լինում խմբագրությունում: Եթե երկրում մշակութային միջոցառում կա՝ Ալիսան ունի տոմս թե իր, թե բոլորիս համար:

Երբ Արամ Մանուկյանը խմբագրությունում է, զբաղվում է ոչ միայն մարզական նորություններին հետևելով ու լուսաբանելով, նաև փորձում է կազմակերպել քեֆ «Ռադիոլուրի» համար: Արամը որպես կազմակերպիչ այս տարի այդպես էլ ոչ մի քեֆ չկազմակերպեց:

Այս տարի լրագրողական մրցանակների հիմնական մասը եկավ «Ռադիոլուր»՝ իսկ Ռադիոլուրից մեծ մասը գնաց Արմավիր: Այս տարի Սաթիկ Իսահակյանն իր բարձունքում էր:

Լրագրողներիս ռեպորտաժները ռադիոլսողին չեն հասնի, եթե «Ռադիոլուր»-ի եթերից ամեն օր բարի օր չասեին Լիլիթը, Բարեղամն ու Մարիան։

Իսկ այդ  նյութերը չեն հայտնվում Armradio.am կայքում, քանի դեռ խմբագրության դուռը չի բացել Լիլիթը Մուրադյան ու ասել:

«Բարև, սիրելի խմբագրություն»:

Սիրանուշ Ղազանչյանի անգլերենի իմացության մակարդակի մասին լեգենդներ են պատմում: Իսկ Արտակը Բարսեղյան ու Կարինեն  Բաբաջանյանը բավարարում են մեր ռուսալեզու ընթերցողին: Բազմալեզու ռադիոյում նրանք իրենց օտար լեզուներին լավագույնս են տիրապետում:

Երեկոյան 6-ից հետո սկսվում է Ռադիոլուրի երկրորդ կյանքը: Իրինա Այվազյանն ու Գևորգ Մամիկոնյանը Ռադիոլուրի երկրորդ կյանքի կարևորագույն շարժիչ ուժերն են:

Իսկ եթե չլիներ Ալլա Աբովյանը, հենց նրանց ռեպորտաժները երեկոյան 9-ին եթեր չէին հեռարձակվի:

Արշավիրը կամ ինչպես մենք ենք ասում Արշոն, եթերի ռեժիսորն է ու կարողանում է ուղիղ եթերի ժամանակ գտնել սխալները, վայրկյանական փոփոխություններ կատարել: Ադելը, Աննան, Արմինեն ու Արփիկը (բոլորի անուններն ասում եմ այնպես, ինչպես մենք ենք ասում) հասցնում են մոտնտաժել ամենատարբեր բարդության նյութեր շատ կարճ ժամանակում: Նրանք բոլորն էլ եթերի ծաղիկներն են:

Իսկ մենք ժամանակին հասնում են դեպքի վայր, որովհետև Ռաֆիկ պապիկը, Ռուբոն ու Տիգրանը կարող են անգամ աչքերը փակ երթևեկել։ Գիտեն Երեւանի, ու ոչ միայն, ամեն ծակն ու ծուկը։ Մնում է, որ ճիշտ հասցեն ասենք ու մենք տեղում ենք:

Բոլոր տներում կա մեկը, առանց որի տունը տուն չի լինում: Ռադիոլուրի այդ մեկը Գայանեն է Խաչատուրյան: Բոլոր հացերի համար գտնում է լուծումներ՝ ամենաարագ ու լավագույն լուծումները:

Իսկ Ռադիոլուրցիների երեխաների մասին չեմ խոսում, որովհետև եթե խոսեի ամբողջ տոնական եթերը կլցվեր միայն իմ ձայնով: Ու վերջում, 2018-ը Ռադիոլուրցիների համար դեռ չսկսված արդեն բարի է, քանի որ մենք կհանգստանանք այնպես, ինչպես բոլոր սովորական ու նորմալ մարդիկ՝ մինչև տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ը:

Back to top button