Մշակույթ

Հայաստանի քառորդ դարը՝ «Մեր երազանքի ճանապարհը» նախագծում


7 տարբեր սյուժե, 7 ռեժիսոր ու 7 մոտեցում միավորվել են մի գաղափարի շուրջ ու ստեղծել ֆիլմ, որն ամփոփում է Հայաստանի կենսագրության վերջին 25 տարիները։ 

«Շարմ» հոլդինգը, Հանրային հեռուստատեսությունը համատեղ իրականացրել են «Մեր երազանքի ճանապարհը» նախագիծը։

Անկախություն 25- ամյա ճանապարհն անցած  տարբեր ճակատագրեր, որոնց  պատմություններում կա պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն,  կորստի ցավ ու երազանքներ:  Այդ  7 տարբեր պատմությունները միավորվել են մեկ ֆիլմի անվան տակ՝ «Մեր երազանքի ճանապարհը»։

Թվում է` այս պատմությունները չափազանց տարբեր են ու հատման ոչ մի կետ չունեն, մինչդեռ  հատման կետերը շատ են։ Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ երկու տարի առաջ։ Գլխավոր պայմանն էր, որ յուրաքանչյուր պատմություն պետք է տեղի ունեցած լիներ վերջին քսանհինգ տարվա ընթացքում։

«Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը պատմեց,  որ  ընտրվել են 7 աշխատանքներ, որոնք պատմում են մարդկային ամենապարզ հոգեվիճակների մասին:

Սակայն առավել տպավորիչ էր  այդ  նովելներից ռեժիսոր  Արամ Շահբազյանի և սցենարիստ Հարություն Հարությունյանի  «Բարեւ, սիրելիս» ֆիլմը։ Այն առաջնագիծը պահող 12 մարտիկների մասին:

Սա մի փոքր հատված էր  հենց այդ ֆիլմից ու հենց այս նամակի շուրջ էլ ծավալվում է ամբողջ ֆիլմի սյուժեն։ Առաջնագծում գրված նամակը վտանգի փոշու ու կարոտի մեջ գրված երազանքների  մի նամակ է, որը նույնիսկ օտարների ձեռքում հնչում է  ինչպես մայրենի ու դառնում անձնական:  12 մարտիկները առաջնագծում, ձեռքից ձեռք են փոխանցում ու արտագրում մի նամակ, որը գրել է  իրենցից մեկը: Ճակատագրով՝ պատերազմը վերապրում է միայն նամակը:

Ֆիլմը եզրափակվում է  «Մեղրամիս» նովելով, որի  ռեժիսորն է Արշալույս  Հարությունյանը: Այս ֆիլմում  էլ հանուն սիրո կատարվում  են ամենանհավանական խենթությունները: Օրինակ՝ սիրո բուրմունքից արբելով  է  հնարավոր  լինում Էյֆելյան աշտարակը բերել Երևան կամ ընտրություններին  մասնակցել հենց հարսանիքի օրը:

Ի դեպ՝  պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նշեց, որ ֆիլմերը, որպես առանձին պատմություններ, ներկայացված են տարբեր փառատոների։ Իսկ ֆիլմերից մեկը` «Սիմոնի ճամփան», որ առաջիններից մեկն է ավարտին հասցվել, արդեն որպես կարճամետրաժ ֆիլմ ապրում է իր ինքնուրույն կյանքով: Այն մասնակցել է բազմաթիվ փառատոների, ստացել է մրցանակներ: Երեկ նոր հաղթանակ է  գրանցել Մակեդոնիայի փառատոնում ճանաչվելով «Լավագույն ֆիլմ»:

Back to top button