Հասարակություն

Էկոտուրիզմը, մաքուր Հայաստանն ու հանքարդյունաբերությունը


Մաքրել տունը՝ նո՞ր ընդունել հյուրերի, թե՞ լավ ժամանակ անցկացնել՝ հետո մտածել խնդիրների մասին: Մոտավորապես այսպես է էկոտուրիզմի ջրբաժանը Հայաստանում: Տուրիզմի այս տեսակը զարգացնելու հեռանկարներ Հայաստանը շատ ունի, բայց դեռեւս տեսնում ենք, որ պատշաճ չենք կարողանում ներկայանալ պետության հյուրերին, քանի որ նրանց դժգոհությունների հիմնական բաժինը կապված է հենց աղտոտվածության հետ: Հայաստանում էկոտուրիզմ զարգացնելու հարցի առնչությամբ հակասական կարծիքներ են հնչում: Ոմանք պնդում են, որ այս պահին էլ հնարավոր է զարգացնել էկոտուրիզմը, մյուս մասը հակադարձում է, որ հյուր ընդունելուց առաջ նախ եւ առաջ պետք է մաքրել սեփական տունը: Զբոսաշրջիկների հիմնական դժգոհություններից մեկը Հայաստանից հենց աղտոտվածությունն է: Այս փաստի վրա ուշադրություն հրավիրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա պատճառ դարձավ «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի մեկնարկի համար: Բայց մինչ ակտիվիստների մի մասը ջանում է մաքրել Հայաստանը, մյուսները փորձում են այս պայմաններում էլ զբաղվել էկոտուրիզմով:

 


«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ն մի շարք այլ կազմակերպությունների հետ միասին իրենց ծրագրերի համար ընտրել են Վայոց ձորը: Անցյալ տարի առաջին անգամ 400-ից ավելի խմբով էկոտուրիզմի արշավ են կազմակերպել  Մարտիրոս եւ Գոմք համայնքները: Գոհ են մնացել թե բնությունից, թե շրջապատից: Այս տարի էլ պատրաստվում են նոր խումբ տանել նույն մարզի արդեն Արտավան համայնք: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»- ի փոխնախագահ Հռիփսիմե Աթոյանի ներկայացմամբ՝  ճիշտ են թիրախավորել էկոտուրիզմի զարգացման ուղղությունը:

Վայոց ձորում էկոտուրիզմով զբաղվողները նախատեսել են թիթեռների եւ թռչունների դիտումներ, համերգներ, թեյախմություն բնության գրկում, խարույկներ եւ անգամ՝ «գանձերի որոնում»։ Այս մեկն արդեն՝ որպես խաղ: Իսկ որպեսզի բնության հետ  մերձեցումն ավելի լավ ստացվի՝ երկու օր ապրելու են վրաններում: Եւ ահա այստեղ էր, որ առաջանում է գլխավոր հարցը:

Թե այսպիսի միջոցներով որքանով հնարավոր կլինի իրագործել կազմակերպիչների հիմնական նպատակը, նաեւ համայնքի բնակիչներին հորդորել մաքուր պահել շրջակա միջավայրը՝ դժվար է ասել: Մինչ հասարակության մի հատվածը փորձում է ժամանցային այսպիսի ծրագրեր իրականացնել, մյուս հատվածը՝ այլ ճանապարհ է ընտրել: Բնությունը եւ շրջապատը մաքրելու նախաձեռնության հեղինակները՝ փորձում են հյուրերին դիմավորել մաքուր Հայաստանում։ Այդպես՝ ընդամենը ֆեյսբուքյան մեկ գրառման միջոցով ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի շուրջ հավաքվեցին այն կամավորները, ովքեր այսօր իրականացնում են «Make Armenia clean again» ծրագիրը: Կամավորներից մեկն էլ լրագրող Աննա Թավաքալյանն է:

Եթե աղտոտվածությանը գումարենք նաեւ հանքարդյունաբերությունը, որի բացասական հետեւանքներն էկոտուրիզմի սիրահարները դեռ չեն նկատել, ապա էկոտուրիզմի հեռանկարը հատկապես Վայոց ձորում ավելի է խավարում:

Կոնկրետ այս դեպքում Վայոց ձորի Գնդեվազ համայնքի ներկայացուցիչները դժգոհում էին «Ամուլսարի» հանքավայրի շահագործման դեմ: Իսկ ընդհանրապես գործարկվող կամ գործարկման պատրաստվող հանքավայրերը այս մարզում հասնում են 6-ի. բացի Ամուլսարից կան նաեւ Գլաձորի, Վաղաշենի, Ազատեկի, Վարդենիսի եւ «Կապույտ» բազմամետաղային հանքերը: «Վայոց ձորի մարզը, որտեղ կարելի էր զարգացնել տուրիզմը և գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերության պատճառով կդառնա ռիսկային»,- սա արդեն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի կարծիքն է, որը նա հայտնել էր դեռ 2016 թվականին:

Back to top button