Մշակույթ

Երեխայի ճաշակը բարձրացնելու արդյունավետ ճանապարհը թատրոնն է. Գորիսում կստեղծվի տիկնիկային թատրոն


Հանգուցյալի անհասկանալի դերը նրան հեռացրեց բեմից, բայց ոչ թատրոնից: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի 73- ամյա դերասան Ռոբերտ Աղաջանյանն այսօր կարևոր առաքելություն ունի՝ Գորիսի մանուկների համար տիկնիկային թատրոն ստեղծել:  «Երեխայի գեղագիտական ճաշակը բարձրացնելու ամենաարագ ու արդյունավետ ճանապարհը թատրոնն է»,- համոզված է «Ռադիոլուրի» զրուցակիցը:

Մարդ, որն իր մասնագիտական կյանքն սկսեց կրկեսից՝ սկզբում որպես իլյուզիոնիստ, հետո նաև կենդանիներ վարժեցնող։ Ինչպես ինքն է ասում՝ մի քիչ էլ ծաղրածու է եղել: Ի դեպ, այսօր կրկեսի միջազգային օրն է:

Ռոբերտ Աղաջանյան. Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: «73 տարեկան եմ, բայց դեռ թատրոնում եմ»,- մի տեսակ մեղքի ու անհարմարության զգացումով ասում է զրուցակիցս:

Հանդիսատեսին ստիպել արտասվել ու ծիծաղել. բազմաժանր դերասան Ռոբերտ Աղաջանյանին երկուսն էլ հաջողվել է: Քսան տարի նա աշխատել է նաև տիկնիկային թատրոնում՝ Երվանդ Մանարյանի հետ միասին: Նա է հիմնադրել Շուշիի տիկնիկային թատրոնը, այն էլ պատերազմի տարիներին: Թատրոնն այսօր արդեն պետական կարգավիճակ ունի: Տիկնիկային երեք թատերախումբ է ստեղծել ու այսօր էլ հանգստանալու միտք դեռ չունի:

Գորիսի թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը, որն ընդամենը վերջերս է ստանձնել պաշտոնը, Աղաջանյանին հանձնարարել է՝ զբաղվել հենց թատրոնի ներսում տիկնիկային թատերախումբ ստեղծելու հարցերով:

«Երեխայի գեղագիտական ճաշակը բարձրացնելու ամենաարագ ու արդյունավետ ճանապարհը թատրոնն է»,- համոզված է այս ոլորտում, ինչպես ասում են, կռված ու հաղթած 73-ամյա արվեստագետը:

«Ագուլիսում» տիկնիկ ունեինք, որին ես Ծիպլի էի ասում, իսկ Երվանդ Մանարյանը՝ Մանչուկ: Նա երեխաներին ավելի շատ բան էր սովորեցնում թատրոնի ու գեղագիտության մասին, քան բազմաթիվ այլ միջոցներ միասին վերցրած»,- ասում է Ռոբերտ Աղաջանյանը:

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի հիմնադիրներից է:  «36 թվականին մենք արդեն թատրոն ունեինք»,-հպարտությամբ արձանագրում է զրուցակիցս:

Դերասան թատրոնում, բայց ոչ բեմում. Ռոբերտ Աղաջանյանի ներկա կարգավիճակն է: Դերասանի կարգավիճակում վերջին անգամ եղել է, ինչպես ինքն է ասում, անհասկանալի մի ներկայացման մեջ, հանգուցյալի դերում:

Դրանից հետո բեմն ամբողջությամբ զիջել է երիտասարդներին: Իր գործն այսօր Գորիսի մանուկների համար տիկնիկային թատերախմբի ստեղծումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button