ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը՝ 105 պատգամավորով, ՀՀԿ-ն՝ կայուն մեծամասնություն


6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով:  Թե ինչպես է կազմվում  խորհրդարանի այս նախնական պատկերը,  «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա կարծիքով՝ այս պատկերը էական փոփոխություններ չի կրի՝ հաշվի առնելով բողոք-դիմումների բացակայությունը և խորհրդարանական ուժերի ստացած ձայների մեծ տարբերությունը:

 

ՀՀԿ-ն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքով թեև 49 տոկոս ձայն է ստացել, բայց խորհրդարանում մոտ 55 տոկոս ներկայացվածություն կունենա: ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը բացատրում է, որ  մանդատների բաշխման հիմքում դրված բանաձևը հաշվի է առնում նաև խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները:  Եթե  փորձենք պարզ ձևակերպել մանդատների բաշխման մեխանիզմը, ապա խորհրդարան չանցած 5 քաղաքական ուժերի՝ միասին ստացած   մոտ 10 տոկոս ձայները համամասնորեն արտացոլվելու են ընտրված  ուժերի մանդատների բաշխման մեջ:  Այս հաշվարկով Հանրապետականն ապագա խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն:

«Ունի կայուն մեծամասնություն, քանի որ մանդատների բաշխման արդյունքում կստանա մոտ 55 տոկոս, ինչն ավելին է, քան Ընտրական օրենսգրքով սահմանված կայուն մեծամասնության 54 տոկոսը»:

Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Օրենսգրքով սահմանված 101 նվազագույնը գումարած ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը խորհրդարան կմտնի ՀՀԿ-ի ցուցակով, մեկը՝ ԲՀԿ-ի: Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը:

«Հանրապետականը կստանա 58 մանդատ՝ 55 և 3 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,  Ծառուկյան դաշինքը  կունենա 31 պատգամավոր ՝ 30+ 1 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով»:

Բոլոր խմբակցությունների ստացած մանդատների ուղիղ կեսը կտրվի համամասնական թեկնածուներին, մյուս կեսը ՝ տարածքայիններին: Օրինակ, ՀՀԿ-ի 55 մանդատներից  28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: Թե ռեյտինգայիններից՝ ով կհաղթահարի արգելապատնեշները, այլ  հաշվարկ է: Հրայր Թովմասյանն ասում է երկու գործողություն է անհարժեշտ անել:

«Սկզբում պետք է որոշել ամեն տարածքից հասանելիք մանդատների թիվը: Դա կախված է տվյալ տարածքում կուսակցության հավաքած ձայների ընդհանուր քանակից:  Մյուս հարցը՝  գործում է ներքին մրցակցության սկզբունքը: Այսինքն, Արարատի և Արմավիրի մարզի ռեյտինգային թեկնածուներն իրար հետ մրցակից չեն: Մրցակից են Արարատում առաջադրված թեկնածուները: Եվ չի բացառվոււմ, որ մի տարածաշրջանից որևէ մեկը կընտրվի ավելի փոքր ձայներով, իսկ մյուսը ուրիշ տարածքից ավելի բարձր ձայներով չի անցնի»:

Ամենաշատ ձայները ՀՀԿ-ն ստացել է 3 տարածքներում՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթում, Արարատում  և  Լոռիում: Այս երեք տարածքներից ՀՀԿ-ն կստանա 3-ական մանդատ, Տավուշից և Արագածոտնից ՝ 2-ական, իսկ մյուսներից՝  մեկական:

Ռեյտինգայինների ստացած ձայների դիտարկումը  հետաքրքիր զուգահեռների առիթ է տալիս: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս-ՀԺԿ-ն միասին, Կարեն Կարապետյանը միայնակ ՝ 10 հազարով ավելի շատ կողմ ձայն է ստացել,  քան  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամբողջ հանրապետությունում:

Կամ մեկ այլ արդյունք՝ բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել են մոտ 350 հազար ձայն, այսինքն կուսակցության ստացած ընդհանուր ձայների համարյա կեսը:

Ծառուկյան դաշինքի  դեպքում տարածքային թեկնածուներն ապահովել են կուսակցության ստացած ձայների մոտ 1/3-ը՝ 145 հազար ձայն ընդհանուր 429 հազարից: Ամենաշատ ձայները թիվ 5 ընտրատարածքում ՝ Արարատի մարզում, ստացել է Արգամ Աբրահամյանը ` 34 հազար 415, երկրորդը,  երկրորդը Կոտայքի մարզից Դավիթ Մանուկյանն է` 20 հազար 761, երրորդը Շիրակի մարզից Վարդևան Գրիգորյանը` 13 հազար 990:

ՀՅԴ-ում և Ելքում տարածքային թեկնածուները այսպես ասենք եղանակ չեն փոխել:  Ելքի ամենաշատ ձայն ստացած տարածքային պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ շուրջ 11 հազար ձայնով, դաշնակցականներից ամենաշատ ձայները Տավուշում ստացել է Սուրեն Մանուկյանը՝ մոտ 5000:

Back to top button