ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Կձեւավորվի մշտապես գործող Համահայկական խորհուրդ. առաջին նիստը՝ անկախության 25- րդ ամյակին

lusinevasilyan

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով՝ պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ: Նիստի սկզբում, նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 5-րդ նիստի որոշման՝ միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակը Հայաստանի անկախության տոնին հետևող և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նախորդող այս խորհրդանշական շաբաթվա ընթացքում անցկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի և առաջիկա անելիքների քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, ցուցահանդեսներ:

Օրակարգի հարցերի քննարկմանը անցելուց առաջ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանձնաժողովի անդամ, սփյուռքում հայապահպանության գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հիշատակը: Հանրապետության նախագահը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ ի նշանավորումն Պատրիարք Ներսես Պետրոս 19-ի երկնային ճանապարհի, հաշվի առնելով նրա հսկայածավալ ազգանվեր գործունեությունը՝ հրամանագիր է ստորագրել նրան հետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին: Շանշանը հանձնվել է հանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիո նորընտիր Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Գրիգոր Պետրոս 20-րդին՝ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նիստի օրակարգի հարցերի թվում հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքն ու առաջիկա անելիքները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, լսել՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին զեկույցը, քննարկել նաև կազմակերպչական հարցեր:

Առաջին հարցի շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նախագահի կարծիքով, դա կարող է լինել օգտակար և արդյունավետ գործընթաց: Հանձնաժողովը քննարկել և միաձայն ընդունել է Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը: Ձևավորվել է կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել է նախաձեռնել խորհրդատվությունների լայն ներառական գործընթաց:

Օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության և, մասնավորապես՝ սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը:

Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը: Նրանք շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջև և արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից: Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու և մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում:

Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ, Տեր Արմաշ Արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ, Տեր Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել: Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային և համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել և շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում:

Ընդունվել է հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարևոր դրսևորում:

Օրակարգի երրորդ հարցի հետ կապված զեկույցներ են ներկայացվել ապրիլի 22-ից 23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքների վերաբերյալ:

Նախագահի գնահատմամբ, առաջին ֆորումը ծառայել է իր նպատակին: Այն դարձել է քաղաքական ազդակը լսելի դարձնելու, ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի Հանրապետության դերակատարումն ամրագրելու կարևոր միջոց: Ըստ Սերժ Սարգսյանի, ֆորումը ներկայացուցչական էր թե՛ քաղաքական դերակատարների, թե՛ ցեղասպանագետների լայն շրջանակի ներկայության առումով: Նախագահի համոզմամբ, ֆորումն ու դրան զուգահեռ ընթացած այլ ֆորումները բովանդակային լիցք են հաղորդել ոգեկոչման միջոցառումներին, նշմարել հետագա պայքարի ուղիները:

Հանձնաժողովը ընդառաջելով 2015թ. ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված Գլոբալ ֆորումի մասնակիցների` Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին՝ ազգային ու միջազգային մակարդակներում շարունակել ջանքերը` խթանելու և համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունները, որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական և պարբերական բնույթը:

Back to top button