Հասարակություն

Աղանդավորները հայտնվում են կառավարությունում, խորհրդարանում, իրավապահ մարմիններում, ասում է փորձագետը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աղանդները Հայաստանում նոր դրսեւորումներ են ստանում ու իրենց ներկայացուցիչների շարքում հաջողում ընդգրկել խորհրդարանական ներկայացուցիչների, կառավարության, իրավապահ մարմինների, դատական համակարգի անդամների: Անգամ նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն էր աղանդավորական կառույցի ներկայացուցիչ, այսօր հայտարարել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։

Կոնկրետ ում մասին է խոսքը, Ամարյանը չցանկացավ նշել, պարզապես ասաց, որ դրա մասին կխոսի, երբ Հայաստանում ավարտվեն հետընտրական զարգացումները: Ամարյանը պարզաբանեց, որ մինչ ընտրությունը խուսափել է խոսել դրա մասին` հակաքարոզչություն չանելու նպատակադրմամբ: Միայն շեշտեց, որ տվյալ թեկնածուի անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ:
«Ընդհանրապես՝ բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները»,- շեշտեց նա:
Բանախոսի  խոսքով` աղանդավորները փորձում են իրենց ներկայացուցիչներն ունենալ ԱԺ-ում և կառավարությունում: Կրոնական նոր շարժումների մեջ ևս կան  տարբեր բնագավառների` իրավապահ մարմինների, դատական համակարգի ներկայացուցիչներ: Իսկ օրեցօր ծաղկող խնդիրների հիմքում Ամարյանը տեսնում է գործող օրենքը:
Ամարյանը փոխանցեց իր տեղեկություններն այն մասին,  որ երբ Ուկրաինայում կատարվեց գունավոր հեղափոխություն, այն ժամանակ այնտեղ «Աստծո դեսպանատուն» կառույցն էր գործում, իսկ հեղափոխությունից հետո այն անվանափոխվեց և Հայաստանում հայտնվեց որպես «Կենդանի հավաք» կառույցը:
Հետագայում՝ այս շարժումը դուրս եկավ «Աստծո դեսպանատուն» կառույցից և դարձավ «Աստծո հարսնացուները» և ստեղծվեց առանձին հավատք։ Սրանք գործում են արդեն մոտ երկու տարի, սակայն Հայաստանում ասպարեզ են դուրս գալիս այս անվամբ: Քաղաքական ուժերին շատ ձեռնտու է օգտագործել կրոնական կառույցներին  հատկապես ընտրական  գործընթացում:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնն ուսումնասիրում է բարեգործական մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են կրոնական կառույցների կողմից:
Բարեգործական ծրագրերի շնորհիվ՝ Հայաստան  են գալիս բազում ապրանքներ, որոնց համար հարկ չի վճարվում, ընդ որում` այդ ապրանքները ժողովրդին բաժանելու փոխարեն վաճառվում են, ասաց նա՝ օրինակ բերելով «Սեքընդ հենդ» եվրոպական հագուստի խանութը:
Թե ինչի վրա է ծախսվում այդ ապրանքներից գոյացած հասույթը, ոչ ոք չգիտի։ Բայց առավել տրամաբանական է, որ այն ուղղվում է աղանդավորական կառույցների ֆինանսավորմանը, ինչի վրա էլ Ամարյանը ուշադրություն է հրավիրում:
Սակայն սա դեռ ամենը չէ: Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ կրոնական տարբեր կառույցներ գյուղացիներին վարկ են տրամադրում,  իսկ հետո դրա դիմաց հողեր են վերցնում:
«Հիմա Օշականում ընթանում  է  այդ խնդրի հետ կապված մի  դատավարություն: Գյուղացիներից հողեր են պահանջում: Եթե այդպես շարունակվի, Հայաստանի կեսը կլինի իրենցը»,- հերթական անգամ իր մտահոգություններով կիսվեց Ամարյանը: 

Back to top button