Հասարակություն

Պարգեւներ՝ Բանակի օրվա առթիվ

Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին, հանձնել պետական բարձր պարգևները:
«Ձեր ծառայությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Ձեր արձանագրած հաջողությունները և՛ նման են մյուս ոլորտներում մեր լավագույն մասնագետների արձանագրած հաջողություններին, և՛ սկզբունքորեն տարբեր են: Նման են, որովհետև հայոց հողի վրա մի քայլով առաջ են տանում մեր երկիրն ու հասարակությունը: Տարբեր են, որովհետև զինվորականի ու բանակի առաքելությունը խիստ առանձնահատուկ է. մանավանդ՝ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որտեղ մենք ապրում և աշխատում ենք:

Խաղաղության և անվտանգության պահպանման առաջին գծում եք դուք, և պատվով ու մասնագիտական բարձր ունակություններով իրականացնում եք ձեր առաքելությունը: Շնորհակալ եմ ձեզ դրա համար, նաև այն ինքնավստահության համար, որ ձեր գործով ու կեցվածքով ներշնչում եք մեզ, մեր ողջ հասարակությանն ու համայն հայությանը»,- արարողության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։

Թողնել պատասխան

Back to top button