Հասարակություն

Հեռուստա- ռադիոընկերությունները ուշադրության 60 տոկոսը «վատնել» են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Նախընտրական շրջանում ընդհանուր առմամբ Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ Հայաստանի նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել, նման եզրակացության է եկել Երևանի մամուլի ակումբը` ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում իրականացնելու ընթացքում:
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցները որպես նախագահի թեկնածու հիշատակել են Հայաստանի 41 քաղաքացու անուն:

Մշտադիտարկումն իրականացվել է 6 համազգային հեռուստաալիքների` Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, մեկ մայրաքաղաքային հեռուստաալիքի` «Արմնյուզ», նաև` Հանրային ռադիոյի և «Արմռադիո FM 107» ռադիոալիքի շրջանակում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր նկատեց, որ ձևավորված քաղաքական անորոշությունը բերել էր նրան, որ ԶԼՄ-ների կողմից հնարավոր թեկնածուներին հատկացված ուշադրության մեծ մասը բաժին է ընկել նրանց, ովքեր հետագայում չեն առաջադրվել:
Իսկ այն ութ թեկնածուները, ովքեր առաջադրվեցին, ստացել են ընդհանուր ուշադրության 40 տոկոսը: ԶԼՄ-ներն այս շրջանում իրենց ուշադրության 60 տոկոսը, փաստորեն, այսպես ասած, վատնել են այն գործիչների, քաղաքական ուժերի համար, որոնք որևէ դերակատարություն չեն ունենա նախընտրական պայքարում:
Ուսումնասիրված ժամանակաշրջանում քաղաքական ուժերի ու հնարավոր թեկնածուների նկատմամբ ամենամեծ ուշադրությունը դրսևորել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, ամենաքիչը` «Շանթն» ու «Արմենիան»:
Հայաստանյան հեռարձակողների ուշադրության կենտրոնում են հայտնվել հինգ քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Հետազոտման ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև` Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Սեդրակյանը, Պարույր Հայրիկյանը:
Թեկնածուների նկատմամբ ամենամեծ «չեզոքությունը», դատելով այս կամ այն թեկնածուին կողմ/դեմ արտահայտությունների քանակից, դրսևորել են «Շանթ», «Հ1», «Արմենիա» հեռուսաալիքները:
ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման  երկրորդ փուլն ընդգրկելու է պաշտոնական քարոզչության ժամանակահատվածը։

Թողնել պատասխան

Back to top button