Հասարակություն

Գնաճը պաշտոնյաների եւ բնակչության աչքերով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան իրականության մեջ ամանորը մշտապես ուղեկցվում է անհասկանալի գնային բարձրացումներով եւ քաղաքացիներին նյարդայնացնող երեւույթներով: Սակայն միեւնույն է` մենք ամեն տարի էլ շարունակում ենք ամանորին առատ ու շռայլ գնումներով տարվել, իսկ տնտեսվարողներն էլ սովորույթի ուժով ամեն տարի բարձրացնում են գները:
Օրեր առաջ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ նախաամանորյա շրջանում գների կտրուկ բարձրացումներ իրենք չեն արձանագրել: Այն 28 ապրանքային շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն, սակայն նաեւ` բարձր կենտրոնացվածություն, հանձնաժողովը գնային լուրջ փոփոխություններ չի արձանագրել:
Փոքր գնային փոփոխություններ կան կաթնամթերքի շուկայում` «Աշտարակ կաթի» կողմից: Հանձնաժողովը փորձում է ընկերությունից  պարզել` հիմնավորվա՞ծ է արդյոք թանկացումը: Մի քանի դրամով թանկացել է ձուն:
«Կան շուկաներ, ուր գնի նվազում է նկատվում, օրինակ՝ ձիթապտղի, ոլոռի, շաքարավազի»,- ասաց Շաբոյանը: Ապա հստակեցրեց, որ գների մասին պատկերացում կազմելիս իրենց դիտակետում են պահում մի քանի խոշոր սուպերմարկետներ:
Սրան հաջորդեց գնաճի գլխավոր պատասխանատուի` Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը: Գների այս տարվա աճը նա 3.2 տոկոս գնահատեց, իսկ գնաճի ցուցանիշերի մասին հպարտությամբ խոսեց. հայկական փորձը ԱՄՀ- ն նախատեսում է կիրառել զարգացող այլ երկրներում։
Այս հայտարարություններից 2-3 օր անց` այսօր, փոքրիկ հարցախույզի միջոցով պարզեցինք` ինչ պատկեր են արձանագրել գների բարձրացման առումով մեր համաքաղաքացիները: Գրեթե բոլորն արձանագրեցին, որ թանկացել են դեղերից սկսած մինչեւ սննդամթերքի տարբեր տեսակներ՝ հատկապես միրգ- բանջարեղենը, մսամթերքը եւ կաթնամթերքը։

Թողնել պատասխան

Back to top button