ԿարևորՔաղաքական

Հայրիկյանն ասում է՝ իր առաջադրումը պարկեշտությամբ թելադրված զսպվածություն առաջացրեց

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունների  նախընտրական այս ընթացքը դրական է գնահատում ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ գիտե, թե ինչ է անելու իր հաղթանակի դեպքում` վստահեցնելով, որ ստեղծվելու է բոլորովին նոր իրավիճակ:
Անցյալում ավելի շատ էին ՀՀՇ-ականները մեզ ասում. «Ո՞նց, դուք մեր սիրելի Լևոնի դեմ եք առաջադրվում»,- հիշեց Պարույր Հայրիկյանը` նկատելով, որ հիմա  այդպես չէ:

ԱԻՄ առաջնորդի համոզմամբ` ամիսներ առաջ նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարությունը շատ քաղաքական ուժերի մոտ պարկեշտությամբ թելադրված զսպվածություն առաջացրեց:
Ըստ նրա` դրանով էր պայմանավորված, Հայրիկյանի ձեւակերպմամբ, քաղաքական եւ կիսաքաղաքական ուժերի կողմից թեկնածու չառաջադրելը, ինչը նա դրական է գնահատում: Նրան հատկապես հիացրել է ՀՅԴ կեցվածքը։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով` ներկայումս ստեղծված իրավիճակը գործող նախագահին լավագույն հնարավորություն է տալիս` կտրուկ քաղաքականություն վարելու, ինչը, սակայն, Դեմկուսի ղեկավարի խոսքով, իրենք չեն տեսնում:
Պարույր Հայրիկյանն ասաց, թե ոչ մեկի դեմ  չի խոսելու, քանի որ պայքարում է բոլորի համար, ոչ թե բոլորի դեմ:
«Պայքարում եմ անգամ այն կոմունիստների համար, ովքեր ինձ բանտ էին ուղարկում ժամանակին և սպանում իմ ընկերներին»,- հայտարարեց ԱԻՄ ղեկավարը:
Հայրիկյանի խոսքով` այս ընտրություններին առաջադրվելու  համար  ԶԼՄ-ների  դերը ևս կարևոր էր: Նրա խոսքով` խորհրդրանական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ները  լավ աշխատեցին եւ խոսքի ազատությունն ապահովված էր: Սակայն ներկայումս Հայրիկյանը շեղումներ է նկատում. ասաց, որ ԿԸՀ առաջինը ինքն է գործերը հանձնել, բայց  ԶԼՄ-ները հերթականությունը չեն պահել:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ` ներկայումս ստեղծված իրավիճակում հասարակությունը մի կարեւոր առաքելություն ունի` ամբողջապես դառնա պահանջատեր գործող իշխանության եւ նախագահի  նկատմամբ: Այլ ճանապարհով փոփոխությունների հնարավորություն դեմկուսի ղեկավարն այսօր չի տեսնում:

Սպասվող ընտրություններում հոռետեսորեն տրամադրվածները, Հայրիկյանի կարծիքով, հիմքեր ունեն, բայց` ինչպես պատգամվել է` պետք չէ մտածել վաղվա մասին, այլ` պետք է անել օրվանը, ասաց Հայրիկյանը:
Նախագահական ընտրություններում թեկնածուների առատությունը Պարույր  Հայրիկյանին ուրախացնում է, քանի դեռ այդ թիվը 3 մլն չի հասել: Հայրիկյանը համոզմունք հայտնեց, որ խոսքի ուժով ինքը կկարողանա նվազեցնել փողի ուժը, ինչը  նրա վստահեցմամբ` ժամանակին արել է:

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` գործող նախագահին հիմնական հակառակորդ կարող էր լինել ԲՀԿ ղեկավարը, որը, սակայն, շատ հեշտությամբ հրաժարվեց իր հավակնություններից: Հենց դրանից հետո պարզ դարձավ ամբողջ իրավիճակը, նշեց Արամ Սարգսյանը` հավելելով, որ մյուսների համախմբումն էլ այլեւս չէր տա այն արդյունքը ինչպիսին եղավ, օրինակ, 96 կամ 08 թվականին, քանի որ ՀԱԿ-ը լիովին կորցրել էր իր հեղինակությունը:

Թե Պարույր Հայրիկյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Դեմկուսի ղեկավարի գնահատմամբ, ունեն բոլոր իրավունքներն առաջադրվելու: Ասաց, որ ինքը հարգում է նրանց, բայց կարծում է, որ չփոխված համակարգում ընտրությունների գնալով ոչինչ չեն կարող անել: Մեզ պետք են որակական փոփոխություններ, եզրափակեց դեմկուսի ղեկավարը:

Թողնել պատասխան

Back to top button