ԿարևորՔաղաքական

Քաղաքագետ. ԲՀԿ որոշմամաբ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԲՀԿ երեկվա հայտարարությունը, համաձայն որի կուսակցությունը չի առաջադրելու թեկնածու, և ոչ էլ սատարելու է որևէ թեկնածուի, ոչինչ չփոխեց ՀՀԿ-ի համար: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա շեշտել է, որ ԲՀԿ որոշման հետ Հանրապետականը հաշտվելու կամ չհաշտվելու խնդիր չունի, քանի որ ԲՀԿ-ն կուսակցություն է իր ներքին խնդիրներով եւ գերակայություններով, որոնց կարելի է անդրադառնալ «այնքանով, որքանով»: Նույն թեմային անդրադառնալով` «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր համոզմունք է հայտնել, որ «ԲՀԿ-ի երեկվա որոշմամբ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը»:

Տեղի ունեցավ նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգի հանգուցալուծումը` արձանագրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը.«Այս որոշմամբ կանխորորշվեց նախագահական ընտրությունների ելքը»: ԲՀԿ-ն ձևավորվել է որպես իշխանության պրոյեկտ և, ըստ էության, չի կարող լինել ընդդիմություն` հավելեց Սուրենյանցը` նկատելով նաեւ, որ շատ քիչ են դեպքերը, երբ օլիգարխը համարձակություն է ունենում հակառակվել իշխանությանը:

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօրվա ասուլիսում հակված էր խոսելու ՀՀԿ-ի նախընտրական գործընթացների մասին: Այս առումով, նրա ձեւակերպմամբ, քարոզարշավը կտա բոլոր հարցերի պատասխանները: «Քարոզարշավը կգնա այն հունով, որ ցանկացած թեկնածու կարողանա պատասխանել այն հարցադրումներին, որոնք կան մեր հասարակության մեջ, իսկ նման հարցադրումները քիչ չեն»:

Հանրապետական պատգամավորը համոզված է, որ ընտրությունները կանցնեն աննախադեպ պայմաններում, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը ընտրություններից հետո դա կհասկանա ու կընկալի: «Մեր թեկնածուն հաղթելու և ստանալու է ձայների մեծամասնությունը»,-համոզմունք հայտնեց Գագիկ Մինասյանը:

Գագիկ Մինասյանի խոսքով` Հանրապետականի համար ԲՀԿ-ի հայտարարությունը ոչինչ չի փոխել: Դրա հետ հաշտվելու կամ չհաշտվելու խնդիր էլ չկա, ինքը չի համարում, թե ամեն ինչ ավարտված է, քանի որ մինչեւ առաջադրումների սկիզբն ու ավարտը դեռ բավականին ժամանակ կա: «Կապրենք` կտեսնենք»,-ասաց:

Ում կգնան ԲՀԿ-ի ձայները: Հարցադրման ձեւակերպումը հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը չկիսեց, ասաց, որ դրանք քաղաքացիների ձայներն են, ընտրությունից ընտրություն դրանց քանակը փոխվում է` կախված կուսակցությունների տակտիկական ու ռազմավարական քայլերից:

«Ես համոզված եմ, որ այդ ձայները կգնան  տարբեր թեկնածուների: Այդ ձայների մեծ մասը կգնա քաղաքական այն ուժին, որն ավելի իրատեսական ծրագրեր կներկայացնի հանրությանը»: Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով` դեռ շատ շուտ է խոսել այն մասին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ հնարավոր է նոր կոալիցիայի կազմումը:

Ի պատասխան հարցի նա նաեւ հակադարձեց, որ նրանք գնում են ոչ թե ՕԵԿ-ի, այլ իրենց՝ ԲՀԿ-ի ճանապարհով, ինչի մասին բազմիցս է այդ կուսակցությունը հայտարարել: Ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի համար, ըստ հանրապետական պատգամավորի, ԲՀԿ-ի որոշումը վճռորոշ էր եւ, կարծում է, ոմանք կփոխեն իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը, սակայն դա էլ այդ քաղաքական ուժերի խնդիրն է` նշեց հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` եզրափակելով, որ ընտրություններից հետո կլինի նոր իրավիճակ, փոփոխությունները կլինեն առավել առարկայական եւ հասարակության համար ավելի տեսանելի, ինչի մասին խոսել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button