ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելել է, որ 2011թ. մարտ և մայիս ամիսներին իրար հաջորդած երկու երկրների նախագահների պաշտոնական փոխայցելությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումները, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը մեծապես նպաստել են համագործակցության զարգացմանը:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ռոսիեն նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, որը և իր այցի հիմնական նպատակն է։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, Հայաստանում Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության գործունեության, առևտրատնտեսական սերտ համագործակցության զարգացման ուղիների շուրջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր, որի շրջանակներում նախարար Նալբանդյանը իր հյուրին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները և բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Թողնել պատասխան

Back to top button