ԿարևորՀասարակություն

Արամ Ա.Սիրիահայությանն օգնելն ամբողջ հայության պարտավորությունն է

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  անցնող օրերի ընթացքում ընդունել է Լիբանանի Հայ օգնության խաչի պատասխանատուներին, ինչպես նաև «Կարագյոզյան» հիմնարկության տնօրենին։ Նրանք վեհափառին զեկուցել են իրենց կատարած աշխատանքի, հատկապես Լիբանանում հաստատված սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։ «Վստահ եմ, որ նույն աշխատանքին լծված են նաև մեր մյուս բարեսիրական հաստատությունները, ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կառույցներ։ Սիրիահայությանն օգնելն ամբողջ հայության առաջնահերթությունը պետք է դառնա։ Պետք է ճիգեր չխնայել Սիրիայի մեր զավակներին այս դժվար օրերին օգնության հասնելու համար»,- ասել է վեհափառը։

Նա նշել է, որ Հայաստանում ևս ժամանակավորապես հաստատված սիրիահայերին հայրենի կառավարությունը տարբեր միջոցներով աջակցություն է ցուցաբերում։ Արամ Առաջինը կոչ է արել Լիբանանում հաստատված սիրիահայերին աշխատատեղերով ապահովել։ «Գիտենք, որ հայկական գործատեղերում մեծ թվով օտարերկրացիներ են աշխատում։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործատերերին՝ Սիրիայի մեր եղբարների և քույրերի համար գործ հայթայթելու ուղղությամբ ճիգեր գործադրել»,-ասել է Արամ Առաջինը։

Վեհափառը նաև կոչ է արել Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին, երբ տոնական մթնոլորտ է տիրելու ամեն տեղ, հիշել դժվարության մեջ ապրող մեր սիրիահայ զավակներին և աղոթել խաղաղության հաստատման համար, ինչպես նաև մասնակցել սիրիահայության օգնության աշխատանքներին։ Կիլիկիո կաթողիկոսարանից նաև հայտնում են, որ Սիրիահայության օգնության ֆոնդում հավաքված գումարները փոխանցվել են Հալեպի ազգային առաջնորդարանին։

Թողնել պատասխան

Back to top button