ԿարևորՀասարակություն

Խախտումներ ստոմատոլոգիական կլինիկաներում

Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների, անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների, նյութերի և այլնի բացակայությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման համար սանիտարական պարտադիր պահանջներից խախտումներ են արձանագրվել շենքերի կազմի և մակերեսների անհամապատասխանության, ախտահանման աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, բժշկական գործիքների օգտագործման և պահման կարգի, աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկելու կամ դրա ընթացակարգը խախտելու, ինչպես նաև տվյալ բժշկական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, ժամանակավոր պահմանը, վնասազերծմանը, ոչնչացմանը, փոխադրմանը և թաղմանը ներկայացվող սանիտարական ու հակահամաճարակային պահանջները չբավարարելու մասին:

Նշված խախտումների վերացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։ Տնտեսվարող ինը սուբյեկտի հայտարարվել է նախազգուշացում` տալով ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Եվս հինգ սուբյեկտի գործունեությունը կասեցվել է առանձին մասնագետների գործունեության մասով: Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, ևս չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան` տրված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով։

Թողնել պատասխան

Back to top button