ԿարևորՔաղաքական

Պետբյուջեի նախագիծը պաշտպանում են միայն կոալիցիոն ուժերը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանը կրկին վերսկսեց «Բյուջե 2013-ի» քննարկումը: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագիծը քննարկվել էր նախորդ քառօրյայի ընթացքում, ապա բյուջետային քննարկումներն ընդմիջվել էին՝ խմբակցություններին ու պատգամավորոներին հնարավորություն տալով առաջարկներ ներկայացնել:

Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովից ստացել է 406 առաջարկություն։ Ընդհանուր առմամբ՝ պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով:

Կառավարությունը շատ ավելի զուսպ դիրքրոշմամբ է մոտեցել առաջարկներին։ Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացվել են 1,2 մլրդ դրամով: Պատգամավորների առաջարկներից մասնակի կամ լրիվ ընդունվել է  67-ը, 137-ը մերժվել է, մնացած առաջարկներին, ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի,  տրվել են պարզաբանումներ:

Բյուջեի վերանայված տարբերակում եկամուտները կկազմեն 1 տրլն 32 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 152 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119,8 մլրդ դրամ:

Առաջարկությունների մերժման հիմքում դրված է պետական կառավարման ծախսերի պահպանումը նույն մակարդակում:

Խմբակցություններն այսօր ներկայացրին իրենց վերջնական դիրքրոշումները: Դրանք հիմնականում պահպանվել են: Հաջորդ տարվա բյուջեն պաշտպանում են կոալիցիոն երկու կուսակցությունները, փաստաթղթին դեմ են արտահայտվում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:

Արծվիկ Մինասյանը ՀՅԴ դիրքրոշումը ներկայացնելիս չթաքցրեց դժգոհությունը խմբակցության մի շարք առաջարկությունները մերժելու վերաբերյալ:

«Կառավարությունը պարզապես հանրությանը ուզում է ասել, որ ամենաճիշտը իրենք են, և ցանկացած ընդդիմախոսի առաջարկություն տեղ չի գտնում այդ ճշտի սահմաններում»:

ՕԵԿ-ը ավելի է հանգիստ է վերաբերվում առաջարկների մեծ մասի մերժվելուն: «Միշտ էլ կառավարությունը առաջարկների մի մասն ընդունել է, մյուս մասի մասին ասել է տեղափոխենք հաջորդ տարիներին», իր ելույթում ասաց Հովհաննես Մարգարյանը։
ՕԵԿ-ը հանգամանորեն ուսումնասիրել է փաստաթուղթը և հասկացել, որ բյուջեն միտում ունի շատ թե քիչ լուծում տալու կուտակված խնդիրներին:

Թողնել պատասխան

Back to top button