ԿարևորՀասարակություն

Համայնքները խոշորացնելու ժամանակն է

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող բարեփոխումների և խնդիրների շուրջ այսօր բաց հասարակական քննարկում է տեղի ունեցել Կովկասի ինստիտուտում` Վայոց ձորի մարզպետի, տարածքային կառավարման նախարարության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների  մասնակցությամբ:
Տեղական ինքնակառավարման համակարգը ինստիտուցիոնալ առումով կայացած է, բայց համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրներ կան, օրինակ` որոշ համայնքների կենսունակության հարցը, տեղական ինքնակառավարման խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Շատ համայնքներ, պայմանավորված իրենց սահմանափակ հնարավորություններով, չեն  կարողանում հանրությանը որակյալ ծառայություններ մատուցել: Ահա թե ինչու  կառավարությունը որոշել է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով, քննարկել ու արդեն ընդունել է  համայնքների խոշորացումը խրախուսելու մասին հայեցակարգային փաստաթուղթ: Փորձնական ծրագիրը կիրականացվի  Արագածոտնի, Վայոց ձորի կամ Սյունիքի մարզում: Առաջին ուսումնասիրությունները կատարվել  են հենց այդ մարզերում, ասաց տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը: Ժամկետների մասին կանխատեսումներ անելն իրատեսական չէ, ամեն ինչ կախված է զարգացումներից:

Նպատակային թիվ ունենալ իքս թվով համայնք խոշորացման գործընթացի արդյունքում՝ չկա, ասաց Վայոց ձորի մարզպետը: Հակառակը՝ այդ թիվը ձևավորվում է փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում: Օրինակ`Վայոց ձորի դեպքում առաջարկվել է 44-ի փոխարեն ունենալ 8 համայնք, Սյունքում` 109-ի փոխարեն` 18, ասաց մարզպետը, որը ևս ընդգրկված է եղել համայնքներն ուսումնասիրող փորձագիտական խմբում:
«Գործընթացը տարերային չի լինելու: Կառավարությունում գիտակցում են` այս բարեփոխումներն իրականացվում են մեկ անգամ, ուստի պետք է երկար մտածել դեպքերից յուրաքանչյուրի համար»,- ասաց Էդգար Ղազարյանը: Նա ՏԻՄ-երի կարողությունների հետ կապեց նաև իշխանության ապակենտրոնացման խնդիրը:
Քաղաքակիրթ աշխարհն այսօր գնում է այդ ճանապարհով` այսինքն` իշխանության կենտրոնական մարմնից տեղական ինքնակառավարման մակարդակ են փոխանցվում մի շարք լիազորություններ` հնարավորություն տալով իշխանությանը կենտրոնանալ համապետական նշանակության խնդիրների վրա:
Բայց մենք այս ուղղությամբ գնալ դեռ չենք կարող, քանի որ իրենց լիազորություններն արդյունավետ չիրականացնող համայնքներին նոր լիազորությունները պատվիրակելը մեծ ռիսկեր է պարունակում, ասաց Էդգար Ղազարյանը:

Տեղական ինքնակառավարման համակարգի մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, բնակչության մասնակցությունն է` տեղական ինքնակառավարմանը:  Թեև օրենքը բնակչությանը ավագանու նիստերին մասնակցելու, հարցեր բարձրացնելու և մի շարք այլ հնարավորություններ է տալիս, բայց նրանք չեն օգտվում դրանցից: Ինչո՞ւ։ Էդգար Ղազարյանը չգիտի:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն  Արմեն Գալստյանը բնակչության պասիվությունը բացատրեց տեղական ինքնակառավարմանը մասնակցելու մշակույթի բացակայությամբ:

Նա իր հերթին բարձրացրեց ավագանու ինստիտուտի կայացման հարցը, պետք է ավագանին պրոֆեսիոնալ մարմին լինի, ակտիվորեն մասնակցի գուքային կառավարմանը, ռեալ դերակատարում ունենա, օրինակ` համայնքային բյուջեի կարգավորման ու քառամյա ծրագրերի հաստատման ժամանակ:

Թողնել պատասխան

Back to top button