Հասարակություն

Երեւանի փողոցներում փոս չպետք է լինի, հանձնարարել է քաղաքապետը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեւանում  այս տարվա ընթացքում հիմնանորոգվել է 40 փողոց, մասնակի բարեկարգվել են փողոցներ 1000-ից ավելի բակերում, տարին դեռ չավարտված այս տարվա աշխատանքներն է ամփոփել Երեւանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը:
Քաղաքապետարանի աշխատակիցն այսօր ընդգծեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությունը` մայրաքաղաքի գլխավոր կամ ոչ հիմնական փողոցներում մեծ կամ փոքր որեւէ փոս չպետք է լինի:
Սրան զուգահեռ`  Ֆելիքս Յայլոյանը միաժամանակ համաձայն է այն քննադատությունների հետ, որ մայրաքաղաքում բարեկարգված փողոցները կամ սալիկապատված մայթերը նոր տեսքով երբեմն կարճատեւ կյանք են ունենում։ Որպես խնդրի լուծում` քաղաքապետարանը շինարարական կազմակերպությունների հետ ունի պայմանավորվածություն. աշխատանքների ավարտից հետո 5 տարվա ընթացքում առաջացած խնդիրները պետք է լուծի շինարարական կազմակերպությունը սեփական ծախսերով:
Այս տարի վերասալիկապատման աշխատանքներին կից նաեւ մեծ թվով թեքահարթակներ են կառուցվել փողոցներում: Ֆելիքս Յայլոյանը երկար թվարկեց բարեկարգված փողոցների անունները, տեղեկացրեց, որ 137 շենքերի ճակատային մասերի վերանորոգման եւ պատերի մաքրման համար ծախսվել է շուրջ 600 մլն դրամ, տոնից տոն Երեւանում դրոշներ ամրացնելու համար` 19 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Ի վերջո` Երեւանում շինարարական ծրագրերը նաեւ երթեւեկության թեթեւացում են խոստանում: Այդ հույսերը մասնավորապես կապվում են նաեւ մարզահամերգային համալիրն ամերիկյան դեսպանատանը մոտեցնող կառուցվող ճանապարհի հետ, որի արդյունքում երթեւեկությունը մայրաքաղաքում «ոչ թե մի փոքր, այլ շատ կթեթեւանա»։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button