Հասարակություն

Հաշմանդամությունը եւ դրա հասարակական ընկալումը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները:
Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, մեր երկրում կա շուրջ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ Վերապատրաստումների և աշխատանքի բացակայության պայմաններում այս խմբի մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը կառավարության կողմից սահմանված կենսաթոշակն է, որի չափը կազմում է 13000-18200 դրամ, փաստում է Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարկիսովան:
Ծրագրի նպատակն էր պարզել հանրության կարծիքը և վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց առջև ծառացած խնդիրների, մասնավորապես` նրանց զբաղվածության վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամության տեսակների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին:
Պետական իրավասու մարմնի տեսակետը ներկայացնելիս՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ այս ոլորտում այսօր իրականացվում են բարեփոխումներ: Ըստ նրա՝ 2014 թվականից գործարկվելու է հաշմանդամության որոշման նոր մոդելը:
Հաշմանդամների իրավունքների պահպանության առումով առկա է լուրջ օրենսդրական դաշտ, նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Ըստ նրա՝ այս օրենքների կիրառման համար անհրաժեշտ է ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք։
Հավելենք, որ հարցումը իրակականացվել է Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռվա և Շիրակի մարզերում ` 1005 հարցվողների շրջանում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button