ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը հետեւել է արցախյան զորավարժությունների գլխավոր փուլին (ֆոտոշարք)

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ  «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին:
Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը զինծառայողների առջև հանդես է եկել ելույթով: Նախագահը շնորհավորել է նրանց՝ հաջող զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ և գոհունակությամբ ընդգծել, որ այն, ինչ այսօր ցուցադրեցին հայկական բանակի մարտիկները, հպարտությամբ ու հրճվանքով է լցնում իր սիրտն ու հոգին և արժանի է գնահատանքի ու շնորհակալության:
«Ես մտովի պատկերացնում եմ ձեր ծնողների, ձեր քույրերի ու եղբայրների, ձեր կանանց ու նաև ձեզ սպասող աղջիկների հպարտության աստիճանը: Դուք մարդիկ եք, ովքեր բարձր են պահում մեր Հայրենիքի պատիվը, իրենց ուսուցիչների պատիվը, ովքեր, միգուցե, առաջին հերթին բարձր են պահում իրենց ծնողների պատիվը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ զինվորների կամքն ու ոգին, վարպետությունը, մարտական մակարդակի աճն անձամբ իրեն պարտավորեցնում են, որպեսզի երբեք և որևէ պարագայում հայկական բանակը և մասնավորապես, պաշտպանության բանակը որևէ նյութական ռեսուրսի կարիք չունենա: «Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը ևս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք: Բնականաբար, ունենալով դաշնակիցներ, բարեկամներ, բոլորդ պետք է իմանաք, որ օգնում են նրանց, ովքեր կարող են իրենց պատիվը պաշտպանել: Իմ սերունդը կատարել է իր պարտքը, երբ դրա անհրաժեշտությունը կար: Վստահ եմ, որ դուք մեզնից ավելի լավ եք դա անելու: Վստահ եմ, որովհետև դա տեսնում եմ: Տեսնում եմ, որ ձեր հրամանատարները ավելի գրագետ են, քան մենք էինք: Տեսնում եմ, դուք շատ ավելի պատրաստված եք, քան ժամանակին մեր զինվորներն էին: Դուք ձեր գործը փայլուն կատարեցիք այսօր: Տեսնում եմ զգալի աճ, ինչը շատ կարևոր է, և այն պետք է լինի շարունակական: Ես դրանում չեմ կասկածում: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր ապրած տարիներին ինքնադրսևորվելու: Եվ այդ ինքնադրսևորումը պետք է գնահատվի Հայրենիքի կողմից, պարզ մարդկանց կողմից, պետք է գնահատվի պաշտոնյաների կողմից: Ես վստահ եմ, որ ձեր առաջին և ամենամեծ գնահատողը ժողովուրդն է: Դուք ելել եք ժողովրդի ծոցից և ունեք այդ ժողովրդի և՛ շնորհակալության, և՛ գնահատանքի կարիքը: Այն, ինչ այսօր դուք ցուցադրեցիք, իրոք, արժանի է շնորհակալության: Դուք գնալով հզորանում եք, պաշտպանության բանակը ձեռք է բերում ոչ միայն փորձ, ոչ միայն ժամանակակից սպառազինություն, այլ նաև վերակառուցվում է: Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել»,-ասել է ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանվել և այսուհետ էլ պաշտպանվելու են այնպես, ինչպես զինվորներն են այսօր կատարում իրենց գործը:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:

Երեկոյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունում երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցության, որտեղ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները:

Թողնել պատասխան

Back to top button