Տնտեսական

Միջազգային շուկաներում հացահատիկի գները` «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի ուշադրության կենտրոնում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Տնտեսական լրագրողների ակումբի ուշադրության կենտրոնում այսօր  միջազգային  շուկաներում հացահատիկի գներն ու  հայաստանյան իրականությունում ցորենի էլիտար սերմացուի խնդիրներն են եղել: Միջազգային հարթությունում իրավիճակը հուսադրող չէ, գրեթե նույն՝  անհույս իրավիճակում են հայտնվել նաև  քննարկմանը մասնակից այն ֆերմերները, ովքեր ցորենի  էլիտար սերմացու և շատ բերք ստանալու խոստում են ստացել:  Ամեն ինչ հուսադրող էր մինչև հացահատիկի բերքահավաքը, այժմ պատկերը բոլորովին այլ է: Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր մարզերի գյուղացիներ ամիսներ շարունակ դժգոհում են կառավարության կողմից տրամադրված  ցորենի էլիտար սերմացուի բերքատվությունից:

Միջազգային շուկաներում ցորենի գները շարունակում են բարձրանալ, պատճառներից մեկն ու թերևս հիմնականը ցորենի արտադրության ծավալների նվազումն է: Սա էլ իր հերթին կապված է եղանակային վատ պայմանների հետ: Նման իրավիճկում են ՌԴ-ն, Ուկրաինան ու Ավստրալիան: Գների աճ է նկատվում հատկապես ներքին շուկայում: Forex կազմակերպության վերլուծաբան Միքայել Վերդյանը նկատում է, որ 2011թ դեկտեմբերի համեմատությամբ համաշխարհային շուկաներում ցորենի գները բարձրացել են 29,85 տոկոսով: Մի քանի օր առաջ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տարածած հաշվետվությունների համաձայն, ապրանքատեսակի դեֆիցիտ գոյություն ունի:
«Համաշխարհային շուկայում ցորենի ծավալները նվազել են: Նրանց գնահատականները հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ նվազել են 0,86 տոկոսով, հասնելով մինչև 653 միլիոն տոննա կանխատեսվող ծավալների: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա նույն կազմակերպության գնահատականներով 2012-2013 մարկետինգային տարվա ընթացքում պահանջարկը կկազմի շուրջ 678 մլն տոննա»:

Թողնել պատասխան

Back to top button