ԿարևորՀասարակություն

Հաշմանդամ երեխաների 12 տոկոսն ընդհանրապես ընկեր չունի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 6. 000 երեխաների 13 տոկոսը տեղավորված է մանկատանը կամ հատուկ դպրոցում։ Նման երեխաների 23 տոկոսը երբեք դուրս չի եկել հաստատության տարածքից, այսօր հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» թեմայով հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ։

Հետազոտությունն ընդգծել է նաեւ սեռային տարբերությունները. հաշմանդամություն ունեցող աղջիկները մանկատանը կամ հատուկ դպրոցում հայտնվելու ավելի մեծ ռիսկի տակ են, քան՝ տղաները:
Վեր են հանվել նաև տարբերությունները գյուղերի և քաղաքների միջև. քաղաքային համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 23 տոկոսը չի հաճախում դպրոց. քաղաքներում այս ցուցանիշը մոտ 18 տոկոս է:
Հետազոտությունը տխուր դրվագներ էլ է պարունակում: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող երեխաների 12 տոկոսն ընդհանրապես ընկեր չունի, իսկ 33 տոկոսը չի մասնակցում իրենց համայնքում տեղի ունեցող եւ ոչ մի միջոցառման:

Նույն միջոցառման ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը հայտարարել է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն բարելավելու դեռ շատ բան կա ու հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության առումով:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button