ԿարևորՔաղաքական

Մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից

«Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված ֆինանսական պահանջներին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ է իրագործել, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծել, որը բերել է բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման  և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային:

«Եվ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից:

Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի պետի տեղական Նատիգ Հասանովը երեկ հայտարարել էր, թե հաշվարկվել է այն վնասը, որը հանրապետությունը կրել է Հայաստանի կողմից իր տարածքների «օկուպացիայի» արդյունքում: Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների, տնտեսական զարգացման նախարարությունների և փախստականների հարցերով պետական հանձնաժողովի հաշվարկներով «վնասը» կազմել է 431,5 մլրդ դոլար:

Թողնել պատասխան

Back to top button