ԿարևորՄշակույթ

Նա անում էր¸ ինչ ուզենար. իսկ ամենից շատ ուզում էր նվագել

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Երեւանյան հեռանկարներ 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա մեծ դաշնակահար Եվգենի Կիսսիինի մենահամերգը: Ծրագրում կհնչեն Հայդենի¸ Բեթհովենի¸Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները: Կիսսինին Հայաստան հրավիրելու համար փառատոնի կազմակերպիչները բանակցել են շուրջ 8 տարի: Դաշնակահարն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա ասել է¸ որ Հայաստանի նկատմամաբ հատուկ վերաբերմունք ունի եւ որ համերգի հասույթը `25,000 դոլարը կուղղի Սպիտակ քաղաքի մարդասիրական ծրագրերի իրականացմանը:

«Այս տղան հանճար է»,- այսպես է արտահայտվել 20-րդ դարի խոշորագույն դիրիժոր Հերբերդ ֆոն Կարայանը դաշնակահար Եվգենի Կիսինի մասին¸ երբ առաջին անգամ լսել է նրա յուրօրինակ կատարումը: Եվ քանի որ նման մեծության մարդը Կիսինին հանճար է անվանել¸ ապա ես նույնպես կասեմ դա¸ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր¸ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Ես շատ ուրախ եմ¸ որ 28 տարվա ընդմիջումից հետո նորից Հայաստանում եմ¸ անկեղծորեն ասաց Եվգենի Կիսսինը: Նա պատմեց¸ որ շատ ազդվել է 1988 –ին մեր երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից¸ լուրը լսել է Իտալիայում¸ եւ այդ օրվանից նա պարբերաբար իր համերգների հասույթը տրամադրել է երկրաշարժից տուժածներին: Երկու օր անց Հայաստանում կայանլիք համերգը եւս բացառություն չէ։ Այսօր մեծ դաշնակահարն ասաց¸ որ հոնորարը` 25.000 դոլարը կուղղի Սպիտակ քաղաքին ` մարդասիրական ծրագրերի իրականացման համար:

Ի դեպ՝ Կիսսինի ստացած բազում պարգեւների ու մրցանակների շարքում իր տեղն է զբաղեցնում նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի անվան մրցանակը¸ որը նրան շնորհվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Ինչո՞վ է նրան գրավել Հայաստանը եւ սիրո։վ է արդյոք ընդունել հրավերը, լրագրողի հարցին ի պատասխան Եվգենի Կիսինը հավաստիացրեց¸ որ եթե որեւէ երկիր իր սրտով չլիներ¸ նա երբեք երկրորդ անգամ չէր գնա: Եվ ընդհանրապես¸ նրա խոսքով¸ կան երկրներ¸ որտեղ նա չի գնում` քաղաքական նկատառումների պատճառով: Դա մեծագույն երաժշտի-մարդկային սկբունքն է: Ի դեպ՝ երկրներից մեկը` Թուրքիան է.

«Քանի որ Թուրքիան, ինչպես գիտեք, մինչեւ այժմ չի ընդունում ցեղասպանությունը¸ այդ պատճառով ես չեմ գնում¸ չնայած որ հրավերներ եղել են: Չեմ գնում նաեւ Չինաստան։ Ես ծնվել¸ ապրել ու մեծացել եմ կարմիր դրոշների ներքո ու պարզապես չեմ ուզում գնալ այնտեղ»:

Թերեւս հենց նույն սկզբունքայնությունն էր պատճառը¸ որ 2009 թվականին Երուսաղեմում տեղի ունեցած «Եվրոպական – հրեական երկխոսություն» կոչվող համաշխարհային հրեական կոնգրեսի ժամանակ թուրքամետ զեկուցողի ելույթից անմիջապես հետո Կիսինը խոսք է խնդրում ու հակահարված է տալիս նրա այն պնդումներին¸ որ անհրաժեշտ է Թուրքիային ընդունել Եվրամիություն: Եվգենի Կիսինը հիշեցրել է ներկաներին դարասկզբին Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպան քաղաքականությունը ու, համեմատելով հրեաների հոլոքոստի հետ, ասել՝ եթե Գերմանիան ժխտեր ու չընդուներ Հոլոքոստը¸ ապա չէր ընդգրկվի որեւէ միջազգային կառույցի կազմում:

Ի՞նչ է սիրում անել Եվգենի Կիսինը նվագելուց բացի¸ ի՞նչ գործեր է նա անում¸ ապահովագրվա՞ծ են արդյոք նրա ձեռքերը, հետաքրքրող հարցերը շատ էին¸ նա սիրով պատասխանում էր դրանց:

« Ձեռքերս ապահովագրված չեն¸ որովհետեւ պարզեցի¸ որ եթե, ասենք, լապմը փոխելիս վայր ընկնեմ ու կոտրեմ ձեռքս¸ ինձ միեւնույն է չեն վճարի դրա համար: երկու դեպքում միայն կփոխհատուցեն¸ եթե ես վնասեմ ձեռքս նվագելիս¸ կամ էլ քնած ժամանակ, իսկ նման բան չի կարող լինել: Սպորտով չեմ զբաղվում¸ բայց պարբերաբար առավոտս մարմնամարզությամբ եմ սկսում»:

Կիսինը երկու տարեկանից սկսել է նվագել, 10 տարեկանում արդեն Մոցարտի դաշնամուային կոնցերտն է նվագել: Կա՞ ափսոսանք¸ որ մանկական տարիքում չի խաղացել ու ժամանակի մեծ մասն անցկացրել է դաշնամուրի մոտ¸ հարցրեցինք,

«Ես խաղացել եմ, ընկերներ եմ ունեցել¸ բայց երբեք չեմ մտածել կորցրած մանկության մասին: Ինչ երբեք որեւէ մեկը չի ստիպել նվագել¸ ես արեմ եմ ինչ ուզել եմ¸ իսկ ամենից շատ ուզել եմ նվագել»:

Կինոյում նկարահանվելու առաջարկ նույնպես եղել է¸մերժել է¸ քանի որ հասկացել է¸ որ կյանքը շատ կարճ է¸ եւ տրված ժամանակը պետք է խելամիտ վատնել։

Ի՞նչ է սիրում ամենից շատ, եզրափակիչ հարցին էլ պատասխանեց՝ սիրում եմ զգացողություններ հավաքել: Իսկ բուռն զգացողություններ արդեն հայ հանդիսատեսին Եվգենի Կիսինը կփոխանցի սեպտեմբերի 27-ին` Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

 

Թողնել պատասխան

Back to top button