Նվիրյալների արահետ

2016 թ-ի սեպտեմբերից Ալեք Մանուկյան փողոցի այս հատվածը «աստղային դարձավ»

Այստեղ այն անվանիների հուշաքարերն են, որոնց ավանդն ու ներդրումը հայկական եթերի պատմության մեջ մեծ է։ Շատերն այսօր էլ շարունակում են ծառայել «Ձերդ գերազանցությանը»` Եթերին։

«Նվիրյալների արահետ»-ը կառուցվել է Հանրային ռադիոյի 90 և հեռուստատեսության 60-ամյակների առթիվ՝ ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի նախաձեռնությամբ։ Սայաթ-Նովա պողոտայից մինչև Ալեք Մանուկյան, 5 հասցե տեղադրվել է 90 տրավերտինե գեղարվեստական սալաքար-հուշաքար, որոնց վրա փորագրվել և ժամանակի ընթացքում դեռ կգրվեն հայոց եթերի պատմությունը կերտողների անունները։

 

Նարա Շլեպչյան

Հեռուստահաղորդավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, արժանացել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմի և ոսկե մեդալի, Երևանի պատվավոր քաղաքացի

1957 թվականին ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության բացման առաջին իսկ օրվանից, աշխատել է հեռուստատեսութունում։ Եղել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարը։ Վարել է բազմաթիվ հարցազրույցներ, հեռուստահաղորդումներ՝ լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, ինչպես նաև՝ մասսայական, կառավարական միջոցառումներ, երեկույթներ, շքերթներ, տոնական հանդեսներ։
Հայկական ծրագրերը ներկայացրել է արտասահմանյան հեռուստաընկերություններով։ 2000-2001 թվականներին վարել է «Մեր էկրանը» հաղորդումը։ 2001-2011 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը։
2011 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, մրցույթի արդյունքների հիման վրա, նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։


Ստեփան Պողոսյան

Պատմական գիտությունների դոկոտոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1970 թ-ից մինչև 1988 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988- 1990 թվականներին՝ Արմենպրեսի տնօրեն, 1990 թվականին՝ Հայաստանի մամուլի և հրատարակչությունների պետկոմի նախագահ։ 1991 թվականին հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն։ Նրա ղեկավարած տարիներին Հեռուստառադիոպետկոմում Հայոց մեծ եղեռնի օրը՝ ապրիլի 24-ը, սկսեցին հատուկ ծրագրով նշել՝ցուցադրելով այդ օրվան համահունչ հաղորդումներ։
Ստեփան Պողոսյանի գիտական աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության և ազգային-ազատագրական շարժումների պատմությանը․ «Հայացք անցյալին, հանուն այսօրվա ու վաղվա», «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն. նահատակներ հավերժության» ժողովածուները հայտնի են ընթերցողների լայն շրջանակի։
2002-2009 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009-2012 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական։


Մարատ Մարինոսյան

Ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

1950 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։ 1956 թվականին աշխատանքի է հրավիրվել Հայկական հեռուստատեսություն և դարձել հիմնադիրներից մեկը։ Եղել է Հայկական հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-1971 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը։
Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում և ռադիոյում։ Ռեժիսորի առավել հայտնի աշխատանքներից են «Լուսաբացը Մոսկվայում», «Պարտիզպանի շունը», «Փոքրիկ ողբերգություններ», «Մարդու ճակատագիրը», «Բոլորն իմ որդիներն են», «Երեք գրոշանոց օպերա», «Իմ չքնաղ լեդի», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ես և նա», «Տաքսի-տաքսի», «Ծուռ հայելիների թագավորություն», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Սկիզբը» բեմադրությունները։


Կիմ Արզումանյան

Ռեժիսոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հեռուստատեսության հիմնադրման տարիներին՝ 1957 -1958 թվականներին, Կիմ Արզումանյանն էկրանի ռեժիսուրայի մասնագետներից մեկն էր։ Սկզբում դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորն էր, այնուհետև՝ 1964-1971 թվականներին, հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսորը։ Հեռուստատեսությունում նա բեմադրել է տասնյակ ներկայացումներ, այդ թվում՝ Վ. Թոթովենցի «Արաբական բալլադը», Գ. Սարյանի «Իրանին», Գր. Զոհրապի «Փոստալը», Շիրվանզադեի «Արտիստը», Կ. Չապեկի «Սպիտակ հիվանդությունը», Վ. Սարոյանի «Ֆրեզնո. սրճարան Արաքսը» , Արտ. Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը», Ռ. Վիվիանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը»։
Կիմ Արզումանյանի լավագույն աշխատանքներից է «Սայաթ-Նովա»-ն՝ հեռուստատեսային առաջին կինոնկարը (սցենարը՝ Հր. Մուրադյանի), որը նվիրված է մեծանուն երգչի ծննդյան 250-ամյակին և նկարահանվել է 1960թ-ին։ Ֆիլմի կերպարներն էլ կերտվել են ժողովրդին հոգեհարազատ դերասանների կողմից․ Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Ավետ Ավետիսյան, Գեղամ Հարությունյան, Հեղինե Հովհաննիսյան, Մամիկոն Մանուկյան և այլք։ Սրտառուչ են նաև երգիչ Նորայր Մնացականյանի կատարումները, ֆիլմում հնչող աշուղական մրցամարտը։ Ֆիլմն այսօր էլ պահպանվում է Հանրային հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։


Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1956 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։
Մոսկվայում ուսանելու տարիներին նա արդեն ծանոթացել էր հեռուստատեսության առանձնահատկություններին և, վերադառնալով Հայաստան, իր կուտակած փորձը ներդրեց Հայկական հեռուստատեսության ստեղծման գործում։
Հեռուստատեսության սկզբնավորման տարիներին նա անփոխարինելի մասնագետ է եղել։ Կատարել է և՛ ռեժիսորի, և՛ օպերատորի, և՛ մոնտաժողի աշխատանքները։
Ժիրայր Ավետիսյանի մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները, այդ թվում՝ Ամանորի առաջին հեռուստահանդեսը՝ 1957 թվականի հունվարի 2-ին։ Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական կարողություններով։ Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից հեռուստադիտողին առավել հայտնի են Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրո»-ն, «Ջրհորի մոտ» կինոնկարը՝ ըստ՝ Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության, «Շրթներկ համար 4»-ը՝ Ժորա Հարությունյանի, «Պոեմ հերոսական» -ը՝ Արշալույս Սարոյանի սցենարներով։
ՀՀ Թալին քաղաքում Ժիրայր Ավետիսյանի անունով փողոց կա։


Արմեն Հովհաննիսյան

Թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

1946 թվականին ընտանիքի հետ Թավրիզից ներգաղթել է Հայաստան։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում հիմնել է «Ծիածան» ռադիոկայանը, ղեկավարել է ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը։ Աշխատել է գրահրատարակչության ոլորտում։
Նրա հրապարակախոսական հոդվածներն առանձնանում էին քաղաքացիական ակտիվ կեցվածքով, խիզախ դիրքորոշումով, մեր երկրի ու մշակույթի նկատմամբ անսահման սիրով ու նվիրվածությամբ։ Տարբեր տարիներին այդ նյութերն ամփոփվել են «Աղետ», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար», «Ուրբաթախոսություն» և այլ ժողովածուներում։
Դեռ 1960-ականներից, Արմեն Հովհաննիսյանի թարգմանությունների շնորհիվ, ընթերցողը ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի լավագույն նմուշների հետ․Ալեքսանդր Պուշկին, Ֆեոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ալեքսանդր Կուպրին, Միխայիլ Բուլգակով, Ալեքսանդր Սոլժենիցին, Վասիլի Շուկշին և այլ հեղինակներ։


Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ, քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1975-1985)

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո ասպիրանտական ուսումնառություն է անցել Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
Վերադառնալով հայրենիք՝ գիտական աշխատանքին զուգահեռ ստանձնել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1966 -1969 թվականներին նա վարել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, իսկ կյանքի վերջին տասնամյակում՝ 1975-1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսել է սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։
Ջոն Կիրակոսյանի ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։


Գրիգորի Խաչատրյան

ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ԽՍՀՄ պատվավոր կապավոր, պարգևատրվել «Աշխատանքի վետերան» և «Աշխատանքային արիության», ԼՂՀ Նախագահից՝ հետմահու «Երախտագիտություն» մեդալներով

Ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտը։
1949-1952 ծառայել է ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմում։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1955 թվականին, աշխատանքի է ընդունվել Ռադիո, ապա՝ Ռադիո- հեռուստակենտրոն՝ որպես ինժեներ, մինչև 1996 թվականը վարել է պատասխանատու պաշտոններ՝ ծառայության պետ, գլխավոր ինժեներ, տնօրեն, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ Հեռուստառադիոպետկոմի կոլեգիայի անդամ։ 1996-2000 թվականներին՝ Հայաստան հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդական, կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի խորհրդական։


Ռոբերտ Մավիսակալյան

Լրագրող, հաղորդավար, հրապարակախոս

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։ 1971-1998 թվականներին հայկական հեռուստատեսությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար։
1990 թվականին մեկնել է ԱՄՆ, Ատլանտա քաղաք և վերապատրաստվել «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանում։
Եղել է հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, «Հայաստան 1» և «Նորք» հեռուստաընկերությունների տնօրենը։ Հեղինակել և վարել է «Հինգշաբթի», «15 օր», «Հարցեր», «6-րդ ստուդիա» և այլ հեռուստահաղորդումները։ 1987 թվականին «Հայ ժողովրդի պատմությունը» հեռուստանախագծի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Թղթակցել է «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներին։ 1998 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստատեսությունում, վարել է «Երեկո շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ», «Ժամը» լրատվականի վերլուծական թողարկումը, «Տաք գիծ» քաղաքական հաղորդումը։


Օլգա Մելիք-Վրթանեսյան

Հեռուստառեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1950-1980 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1956 թվականից եղել է Հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր, 1957-1973 թվականներին՝ մանկական, 1973-1978 թվականներին՝ դրամատիկական հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսոր։ Օլգա Մելիք-Վրթանեսյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, հեռուստատեսության երախտավորներից է։


Ներսես Կագրամանով

Թատերագետ և լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

1939 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է 45-րդ բանակի «Մարտական աստղ» և 89-րդ Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի խմբագիրն ու գրական աշխատողը։
Եղել է Երևանի ռուսական թատրոնի տնօրենը (1954-1956), այնուհետև աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Հայկական հեռուստաստուդիայի առաջին տնօրենն է։ 1966 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ «Գեղարվեստական նովել» միջազգային մրցույթի դափնեկիր է։


Գեորգի Տիրոսյան

Կինոօպերատոր, հեռուստատեսության երախտավորներից

Երբ 1956 թվականին բացվում է Երևանի հեռուստատեսային ստուդիան, հավաքվում են մի խումբ էնտուզիաստներ, որոնց համար հեռուստաստուդիան դառնում է երկրորդ տուն։
Խորհրդային Միությունում չկար բուհ, որը կպատրաստեր հեռուստատեսային մասնագետներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ։ Ստուդիայի ղեկավարները հեռուստատեսություն էին հրավիրում արվեստի հետ կապ ունեցող մարդկանց, որոնք հեռուստատեսության աշխատանքների նրբություններին ծանոթանում ու տիրապետում էին աշխատանքին զուգահեռ:
Հեռուստատեսության սկզբնավորման տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայից հեռուստատեսություն եկավ նաև Գեորգի Տիրոսյանը՝ Տիրոսիչը՝ այդպես էին նրան անվանում գործընկերները: Նա քաջ ծանոթ էր տեխնիկային, գիտեր, թե ինչ է «կադր»-ը, ինչպես պետք է աշխատել «լույս»-ի հետ։ Գեորգի Տիրոսյանը Հայկական հեռուստատեսության առաջին օպերատորներից մեկն էր և աշխատել է հիմնականում ուղիղ եթերում։ Այն տարիներին հաղորդումները դեռ չէին տեսագրվում և առաջին հաղորդումները գրեթե չեն պահպանվել։


Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
«Մովսես Խորենացի» մեդալակիր

1956 թ-ից՝ Հայկական հեռուստատեսության սկզբնավորումից ի վեր, աշխատել է   Հայաստանի  Հանրային հեռուստատեսությունում: Սկզբում եղել է հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, այնուհետև` երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր:  Երաժշտական հաղորդումներ է  նվիրել Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Օհան Դուրյանին, Պավել Լիսիցյանին։  Շուրջ 30 տարի ղեկավարելով խմբագրությունը՝ Մարկ Պետրոսյանը հեղինակ  է դարձել մի շարք երաժշտական ծրագրերի, որոնցից առավել սիրված ու հայտնի են «Երգ երգոց»-ը, «10+10»-ը, «22:30» -ը։


Մոնիկա Տեր-Պողոսյան

Հեռուստառեժիսոր, սցենարիստ

Հայկական հեռուստատեություն մուտք է գործել 1960-ականներին։
Նա փայլուն կրթու¬թյուն էր ստացել, սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում՝ Միխայիլ Ռոմի արվեստանոցում: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, անուհետև տեղա¬փոխվել նորաբաց հեռուստատեսություն: Սկզբում Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում եղել է կոլեգիայի անդամ, ապա՝ ստուդիայի տնօրեն։ Մոնիկա Տեր-Պողոսյանի նախաձեռնությամբ ու սցենարներով նկարահանվել են բազմաթիվ հաղորդումներ, երաժշտական ու գեղարվեստական ֆիլմեր։ Նա ղեկավարել է նաև հեռուստաթատրոնը և բեմադրել հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործությունները։
Նրա մտահղացումներից ուշագրավ էին կինոհամերգները՝ ներկայիս տեսահոլովակների նախատիպերը: Ավագ սերնդի գործընկերները հիշում են նրա «Ձեզ սպասում է Երևանը» փայլուն կինոհամերգը: Ֆիլմում նկարահանվել է Երևանի համալ¬սարանի նվագախումբը, որտեղ Մարտին Վարդազարյանն էր, Մելիք Մավիսակալյանը, Լևոն Իգիթյանը, Ակսել Բակունցը, Լևոն Մանուկյանը, Ալեքսանդր Տիտարենկոն:
Մոնիկա Տեր-Պողոսյանի մյուս հաղորդում-ֆիլմը՝ 1964թ. նրա սցենարով նկա¬րահանված «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է», արժանացել է համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակի և Պրահայի մի¬ջազգային կինոփառատոնի դիպլոմին:


Հենրիկ Հովհաննիսյան

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով

1958-1961 թվականներին Հ. Հովհաննիսյանն աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավար, այնուհետև՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար: 1990-1991 թվականներին նշանակվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992 թվականից Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ է:
Հայտնի են նրա «Արվեստը և իրականությունը», «Մշակույթ և մշակութային գիտակցություն», «Փակ վարագույր», «Արվեստն արվեստի համար» հեռուստանախագծերը։ 2001 թվականին Հ. Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2011 թվականին՝ նախագահի գլխավոր խորհրդական:


Ռուբեն Մաթևոսյան

Երգիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի

1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-ից 1992 թվականներին Ռուբեն Մաթևոսյանը որպես մենակատար երգել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում։ 1996 թվականից՝ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։
Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսներն են։ Շերամի երգերի լավագույն կատարողն է։
Նրա ճանաչված երգերից են՝ «Հորովել»-ը, Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես» ստեղծագործությունները, Ջիվանու «Ձախորդ օրեր»- ը, Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ»- ը, Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» -ը։ Նրա կատարումները մեծ սիրով են լսում Հայաստանում և նրա սահմաններից դուրս ՝ հատկապես Սփյուռքում։ 1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։ 1999 թվականից «Հայ երգարվեստի միության» նախագահն է։ Ռուբեն Մաթևոսյանը նկարահանվել է նաև «Եռանկյունի», «Սայաթ-Նովա», «Մեր բակը» ֆիլմերում։


Հովհաննես Բադալյան

Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր

Միջնակարգ կրթությունն ստացել է Բաղդադի հայկական դպրոցում: 1936թ. վերադարձել է Թեհրան, որտեղ երգել է Նիկոլ Գալանտերյանի երգչախմբում: 1946-49 թվականներին սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1949-54թթ. եղել է Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001թթ.` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական գործիքների անսամբլների մեներգիչ: 1982-2001թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:


Օհան Դուրյան

Դերիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Ֆրանսիայի «Գրականության և արվեստի ասպետ»

Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է ֆլեյտա նվագել: 1939-1945 թթ. սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայում՝ Ջորջ Սինգրի (դիրիժորություն) և Յոզեֆ Գրինտալի ղեկավարությամբ: Ղեկավարել է Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը:
1957-ից 1960 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 1967-1974, ապա՝ 1991-1994 թվականներին նշանակվել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Նրա ստեղծագործություններից են՝ «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա. Իսահակյանի ), «4 պաստորալ»՝ կամերային նվագախմբի համար, «Օրատորիա»՝ Կոմիտասի երկերի թեմաներով և «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ։


Արմեն Ամիրյան

Ռեժիսոր, հաղորդավար, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Դեռ պատանեկան տարիքից՝ 1982 թ-ից, Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։ 1984 թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում որպես ռեժիսորի ասիստենտ։
1985-1997 թվականներին աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
1990-1995 թվականներին հեղինակել և վարել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» հաղորդումները։ 1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը, 2000 թ-ին՝ «Արմենակոբ» հեռուստաընկերությունը և «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ 1997-ից մինչև 2015 թվականը եղել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։ 2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2016-ից 2018 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարար։


Արամ Մերանգուլյան

Կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

1922-1926 թվականներին ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր։ 1926-1928 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում։ 1926 թվականից նրա ղեկավարած «Արևելյան» անսամբլը համերգներով է հանդես եկել ռադիոյի ուղիղ եթերում։ Այս անսամբլի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվել է Ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որը նա ղեկավարել է մինչև 1967 թվականը (1967 թվականից՝ Մերանգուլյանի անվան)։ 1931-1933 թվականներին կոնսերվատորիայում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում։ Հանրածանոթ են նրա «Խաչատուր Աբովյան» (խոսք՝ Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք՝ Վ․ Արամունու), Հովհաննես Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված՝ «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» երգերը։ Ունի նաև գործիքային ստեղծագործություններ՝ «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ»։ Արամ Մերանգուլյանը ժողովրդական երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այժմ տիրապետող ոճի ձևավորմանը։ Գրել է նաև «Սայաթ-Նովա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը։ Մերանգուլյանը թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում։ Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972 թվականին՝ նաև ժողովածուով։


Գրիգոր Չալիկյան

Դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ասմունքող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1941թ-ին ավարտել է Երևանի թատերական ստուդիան, 1948-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946-51 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1951-59 թվականներից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1959-ից եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչն ու գլխավոր ռեժիսորը:
Գրիգոր Չալիկյանը հայկական ռադիոթատրոնի հիմնադիրներից է: Ռադիոյում նա բեմադրել է Հր․ Քոչարի «Նահապետը», Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (նաև` հեռուստաթատրոնը), Շանթի «Հին աստվածները», հեռուստաբեմադրություններից` «Պարտք մեր հանապազօրյա» (ըստ Ա.Արփիարյանի) և այլն: Հայտնի են նաև ռեժիսորի «Սպիտակ կատուն», «Թվացյալ կյանք» պիեսների ժողովածուները, «Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին» հուշագիրքը: Խաղացել է հայկական ֆիլմերում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։


Հրաչուհի Ջինանյան

Դերասանուհի, հաղորդավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի

1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1941 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա խմբագիր և ռեժիսոր։
Ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումներում Ջինանյանի «Երևանն է խոսում» արտահայտությանը մեծ սիրով էին սպասում Սփյուռքում։ Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։ 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։ Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը։


Մարատ Հալաջյան

Հաղորդավար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի հաղորդավար, Հայաստանի թատերական ընկերության անդամ

1940 թվականին ավարտել է Երևանի թատերական ստուդիա-ինստիտուտը, այնուհետև նշանակվել է Արտաշատի դրամատիկական թատրոնի դերասան։
1941 թվականին, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, կամավոր մեկնում է ռազմաճակատ, ծանր վիրավորվում է և 1943 թվականին վերադառնում տուն։
Կինոստուդիայում կարճ ժամանակ աշխատելուց հետո, դերասան Հրաչյա Ներսիսյանի խորհրդով, 1945 թվականին ընդունվում է Հայաստանի ռադիոհաղորդումների կոմիտե, որպես հաղորդավար, խմբագիր։
Մարատ Հալաջյանը եղել է ռադիո- հեռուստատեսության լավագուն հաղորդավարներից մեկը։ Նրան են վստահել ամենաբարդ և պատասխանատու նյութերը, կառավարական կարևորագույն հաղորդագրությունները, տոնական օրերի ռեպորտաժները, գեղարվեստական գործերը։ Նրա կատարմամբ են հնչել փաստավավերագրական և հայերեն կրկնօրինակված մի շարք ֆիլմեր․ «Սայաթ-Նովա», «Շիրակի մեղեդիները», «Պոեմ Հերոսական»։ Նրա նովելներն ու պատմվածքները տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական թերթերում։


Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը: Երկար տարիներ աշխատել է Ռադիոյի մշակութային և Արտասահանի համար տրվող հաղորդումների բաժիններում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագրում:
Հեղինակել է բազմաթիվ գրքեր: Նրա հարցազրույցները հայ մեծերի հետ և ակնարկները հետագայում դարձել են գիրք` «Բույլ մեծաց»: Լրագրողական աշխատանքին զուգահեռ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար: Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, ռադիոպիեսներ, կինոսցենարներ, արձակ բանաստեղծություններ:
Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան մամուլում և արտերկրում` ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա: Հրատարակվել են նրա «Բույլ մեծաց» (հրապարակախոսություն, 2001թ.), «Երբ սերն ի աշխարհս եկավ» (պատմվածքներ, 2002թ.), «Փրկված մասունքներ» (հրապարակախոսական և գեղարվեստական, 2006թ.), «Ծիծաղի հատիկներ» (մանկական, 2007թ.), «Տարիների շուրջպարը» (ընտրանի, 2011թ.) և այլ գրքեր:
2001թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա լավագույն կին» տիտղոսին, 2004թ.` ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականի, 2006թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2008թ.՝ Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի:


Վաչե Հովսեփյան

Երաժիշտ, դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:1945թ-ից աշխատանքի է ընդունվել Հայաստանի ռադիոհաղորդումների կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ, եղել է անսամբլի մենակատար։ Հիմնականում կատարել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ, որոնք առանձնացել են հուզականությամբ, բարձր վարպետությամբ։
Գրել է նաև պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Էստոնական երգ» -ը (խոսք՝ Վ. Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սևակի)։ Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում և սփյուռքի հայաշատ համայնքներում։


Վերա Հակոբյան

Հաղորդավար, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ՀՀ 1-ին աստիճանի մեդալակիր

1946-1951 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոհաղորդումների կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ՝ զբաղվել է ասմունքով։
1972 թվականից, Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո, պարբերաբար համերգներով հանդես է եկել Սփյուռքի հայաշատ համայնքներում։ Պատահական չէ, որ «Երևանն է խոսում» արտահայտությունը, որով սկսվում էին Հայաստանի ռադիոյի Սփյուռքի համար տրվող հաղորդումները, զուգակցվում է նաև նրա անվան հետ: Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ Վերա Հակոբյանը կապված է եղել իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում, իր երկրորդ տունն է եղել։ Այսօր էլ ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվել են տասնյակ հաղորդումներ, որտեղ հնչում է Վերա Հակոբյանի ձայնը։


Տիգրան Նաղդալյան

Լրագրող, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առաջին նախագահ

Դեռ պատանեկան տարիներից մասնակցել է Հայկական հեռուստատեսության տարբեր հաղորդումների։
Համալսարանն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է միջնակարգ դպրոցում։
Հեռուստաեթերը Տիգրանի տարերքն էր և 1991 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նա դարձավ առաջին այլընտրանքային լրատվական թողարկման մեկնաբան։ 1998 թվականին վերադարձավ Հայաստանի ազգային հեռուստատեսություն՝ որպես գործադիր տնօրեն՝ միաժամանակ դառնալով «Օրակարգ» վերլուծական ծրագրի մեկնաբան։ Տիգրան Նաղդալյանը տարբեր տարիների ղեկավարել է «Հայլուր» և «Փաստ» լրատվական գործակալությունները, «Կայմ» հեռուստաընկերությունը, աշխատել է նաև «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես երևանյան գրասենյակի թղթակից։ Նա անկախ Հայաստանի լրագրության ամենավառ ու ազդեցիկ դեմքերից էր՝ խոսքի կատարյալ մշակույթով ու վերլուծական սուր մտքով։


Ստեփան Մարտիրոսյան

Կինոօպերատոր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

1940-ականներին Թբիլիսիից տեղափոխվում է Երևան և որպես կինոմեխանիկ աշխատանքի է անցնում «Մոսկվա» կինոթատրոնում։ 1956 թվականից՝ Հայկական հեռուստատեսության հիմնադրման առաջին իսկ օրվանից, միանում է առաջին նվիրյալներին, որոնք բազմաթիվ մասնագիտական դժվարություններ հաղթահարելով պատրաստում էին առաջին հեռուստածրագրերը։ Ինքն անձամբ ստանձնում է օպերատորի աշխատանքը։
1962թ. Մոսկվայում ավարտում է կինեմատոգրաֆիական դասընթացները։ Որպես օպերատոր և ռեժիսոր աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում և նկարահանել է շուրջ 30 խաղարկային, 50 վավերագրական ֆիլմեր, նաև՝ 100-ից ավելի հեռուստահաղորդումներ։Ստեփան Մարտիրոսյանի օպերատորական աշխատանքներից առավել հայտնի են «Խաչատուր Աբովյան», «Սայաթ-Նովա», «Հույսի խրճիթներ», «Հարսնացուն հյուսիսից», «Վերջին նետում», «Համեստ մարդը», «Երևանյան երազողներ», «Արշակ Երկրորդ» ֆիլմերը։ Նրա բոլոր ֆիլմերը մոնտաժել է կինը՝ «Երևան» ստուդիայի գլխավոր մոնտաժող Աելիտա Սիմոնյանը։
Ստեփան Մարտիրոսյանը Հայկական հեռուստատեսության երախտավորներից մեկն է։


Լևոն Պարոնյան

Հեռուստահաղորդավար

Լևոն Պարոնյանը Հայկական հեռուստատեսության ամենավառ կերպարներից էր։ Դեռ դպրոցական տարիներից, որպես պատանի լրագրող, նա մասնակցել է դպրոցականներին ուղղված մի շարք հաղորդումների նկարահանումների։
Ավելի ուշ՝ 1960-ականներին, Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո, նա վերադառնում է հեռուստատեսություն և արդեն որպես կայացած հաղորդավար ու մեկնաբան վարում է տարբեր հաղորդումներ՝ հասարակական-քաղաքական, լրատվական, մշակութային ծրագրեր։
Լևոն Պարոնյանն ունեցել է բացառիկ եթերային հմայք և մասնագիտական կարողություններ։
«Հեռուստատեսությունը ճանաչում է բերում, ռադիոն` հոգու թռիչք»,- ասում էր նա։


Արտաշես Քալանթարյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան, ԽՍՀՄ գրողների միության անդամ

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ արդեն 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը։ Նրա «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարը ժամանակի ամենաճանաչված հաղորդումներից էր։
Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Իբրև գրող Արտաշես Քալանթարյանին մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» վեպը։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն», «Բացեք Ձեր աչքերը» վեպերն ու ժողովածուները։ Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Հեղինակի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն։


Կառլեն Վարժապետյան

Ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

1946 թվականին ընտանիքի հետ Հալեպից ներգաղթել է Հայաստան։
1961 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1965 թվականին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի 20-ամյակի» հուշամեդալով։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։Աշխատել է ռադիոթատրոնում 1977 թվականից, եղել է ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր։
Հեռուստատեսությունում բեմադրել է Անտոն Չեխովի «Քեռի Վանյա», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» , Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» ու «Չեզոք գոտի», Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Գրիգոր Զոհրապի «Փոստալ» ստեղծագործությունները, սփյուռքահայ հեղինակներից՝ Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ» ու Վիլյամ Սարոյանի «Խեղճուկրակ արաբը» հեռուստաներկայացումները
Նաև ռադիոբեմադրությունների հեղինակ է՝ «Էգլեթիերների ընտանիքը», «Պանը», «Սիզիփոսի քարը», «Անձրև վաճառողը» «Դոն Կիխոտ», «Դինգո վայրի շունը»։ Հեռուստատեսագրման ժապավենների սղության և սակավության պատճառով մեզ չեն հասել այդ տարիներին բեմադրած դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ աշխատանքներ։


Ռաֆայել Մանգասարյան

Դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը, 1963-ին՝ դիրիժորականը։ 1966-85 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1972 թ-ից` գեղարվեստական ղեկավարը: Նրա կատարողական արվեստին հատուկ է եղել երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը: Ելույթներով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթյան հանրապետություններում և Չեխոսլովակիայում: 1970թ. արժանացել է Պոդեբադի պատվավոր քաղաքացու կոչման:
1951թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը (1977թ-ից` պրոֆեսոր): Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ Երևանի և Մոսկվայի ստուդիաներում: «Ջրհորի մոտ» ֆիլմի երաժշտության հեղինակն է: 1985-86թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1983 թվականին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:


Մելիք Մավիսակալյան

Դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ

1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1967թ-ին՝ ստեղծագործական բաժինը։ 1957-60 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական գործիքային կվինտետի մենակատար,1964-65 թվականներին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի տնօրենը, 1972-86 թվականներին Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1991-97թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում․ 4 կանտատ, օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Հայոց Ցեղասպանության (1915թ.) գոհերի հիշատակին, կոնցերտներ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր։ Երաժշտություն է գրել նաև ֆիլմերի համար` «Ախթամար», «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ. Առնո Բաբաջանյանի հետ), «Համեստ մարդը» և այլն: 2015-ին արժանացել է Երևանի քաղաքապետարանի Ոսկե մեդալի:


Ռաիսա Մկրտչյան

Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ուսմանը զուգահեռ` երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում` «Յուննոստ», «Կռունկ»: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում:
1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում: 2008թ.արժանացել է Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2009թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի:


Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին նվագել է բաս-կիթառ ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում, 1967թ-ից` «Պատանեկություն» համույթում:
1972թ-ից աշխատում է Հայաստանի հեռուստա-ռադիոպետկոմի էստրադային և սիմֆոնիկ նվագախմբում, 1986թ-ից` գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:1983թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործությունների, որոնց զգալի մասը ընդգրկված են Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում:
Մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների երաժշտության հեղինակն է, բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր: 2003թ. «Սայաթ-Նովա» երգի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին, 2011թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի:


Սարգիս Նաջարյան

Հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող

Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության բաժինը։ Ուսանողական տարիներին մասնակցել է Հեռուստառադիոպետկոմի հաղորդավարների մրցույթին և ընդունվել աշխատանքի որպես հաղորդավար։
Կարճ ժամանակ անց Սարգիս Նաջարյանը հրավիրվել է հեռուստատեսություն՝ վարելու «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է չի լինում», «Մարդը և օրենքը», «Երևանը և երևանցիները», «Գրական կամուրջներ» հաղորդաշարերը։
Շուրջ հինգ տարի եղել է արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների խմբագրության մշտական հաղորդավարն ու խմբագիրը։ Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի Երևան կինոմիավորման բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներին, թարգմանական և խմբագրական աշխատանքներին։ Խոսքարվեստի ուսուցիչներն են եղել հանրապետության վաստակավոր արտիստներ Մարատ Հալաջյանը, Ջոն Հակոբյանը, Լիա Կարապետյանը, Վերա Հակոբյանը, Հայկուհի Գարագաշը, ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը։ Խոսքարվեստի երեքամյա հատուկ դասընթացներ է անցել Մոսկվայի ռադիոհեռուստատեսությանը կից խոսքարվեստի ստուդիայում։ 2017 թվականին պատրաստել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի ձայներիզն ամբողջությամբ։


Մարտին Վարդազարյան

Ջազային երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի

1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ Գրել է 140-ից ավելի ներկայացումների (այդ թվում՝ 5 մյուզիքլների), 40-ից ավելի ֆիլմերի երաժշտություն՝ համագործակցելով Վ. Աճեմյանի, Հ. Ղափլանյանի, Ա. Գրիգորյանի, Ֆ. Դովլաթյանի և այլ ռեժիսորների հետ:


Մարատ Օրդյան

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր

Ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, 1984-ից աշխատանքի է անցել հայկական հեռուստատեսության գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումներ գլխավոր խմբագրությունում որպես ռեժիսորի ասիստենտ: 1987-ին դարձել է խմբագիր, 1991-ից՝ ծրագրերի փոխտնօրեն, 1993 -ից ,,Մշակույթ,, միավորման տնօրեն, 1997-ից մինչև 2016-ը՝ Ազգային, ապա՝ Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն-ծրագրերի տնօրեն:
Աշխատանքային այդ տարիների ընթացքում եղել է բազմաթիվ հաղորդաշարերի խմբագիր, հեղինակ և վարող՝ «Հեռուստաօրագիր 1/12», «15 օր», «Շաբաթ երեկո», «Ինչու է աղմկում անցյալը», «Վերնատուն», «Առավոտ լուսո», «Մեր արխիվը»:


Սուսաննա Շահինյան

Հեռուստահաղորդավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալակիր` մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար

1968-74 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ 1972 թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում`որպես հաղորդավար: Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ` «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն:
Հայկական հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում: Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի` մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար։


Քարիմ Չոլոյան

Հաղորդավար, խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր

1961 թ-ից աշխատանքի է անցել Ռադիոկոմիտեում՝ արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների քրդերեն բաժնում՝ սկզբում որպես հաղորդավար, ապա թղթակից և խմբագիր։ 1991-ից մինչև 2016 թ. ղեկավարել է բաժինը, հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ․ «Մշակութային օրագիր», «Քո մայրենի լեզուն», «Փնտրում են հարազատներին», «Գրական հինգշաբթի», «Կարծիք», «Երաժշտական փոստարկղ»: Քարիմ Չոլոյանը մասնակցել է նաև 40-ից ավելի քրդերեն ռադիոբեմադրությունների ստեղծմանը, որոնք այսօր պահպանվում են Հանրային ռադիոյի արխիվում:
Ռադիոհաղորդավար Քարիմ Չոլոյանը տասնամյակներ շարունակ սպասված հյուր է եղել աշխարհասփյուռ քուրդ ժողովրդի համար: Այսօր էլ լայն ճանաչում ու հարգանք է վայելում Թուրքիայի, Սիրայի, Իրանի և Իրաքի քրդերի շրջանում: Նրա վաստակը նշանակալի է նաև նրանով, որ Հայկական ռադիոյի քրդերեն հաղորդումները հընթացս ավելի ճանաչելի են դարձրել Հայաստանն արտասահմանյան քրդերի համար: Այդ են վկայում մեր երկիր այցելող քրդական պատվիրակությունների երախտագիտության խոսքերն այն մասին, որ Թուրքիայում ապրող քրդերն իրենց լեզուն պահպանել են հենց Երևանից հնչող քրդերեն ռադիոհաղորդումների շնորհիվ: Քարիմ Չոլոյանն իր ոգեշունչ ձայնով վաղուց դարձել է արտասահմանում ապրող քուրդ ժողովրդի պայքարի խորհրդանիշը՝ հանուն ազգային ինքնության պահպանման։


Վիլեն Զաքարյան

Ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958 թվականից աշխատել է «Երևան» կինոստուդիայում և Հայկական հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր։ Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։ Առավել սիրված ու հայտնի են «Շիրակի մեղեդիներ», «Հայկական հուշանվերներ», «Առնո Բաբաջանյան», «Բոլոր տոմսերը վաճառված են», «Հովհաննես Թումանյան», «Ո՞վ է կոտրել ձայնապնակը», «Հույսի խրճիթներ», «Խոնարհվիր վաղվա օրվան» կինոնկարները։ Իսկ նրա «Վերջին նետում» ֆիլմը, որն արժանացել է Կիևի հեռուստատեսային ֆիլմերի առաջին կինոփառատոնի գլխավոր մրցանակին, կոտրեց շատ կարծրատիպեր և նոր խոսք էր խորհրդային կինարվեստում։ Այնտեղ օգտագործված ռեժիսորական հնարքներն ու անակնկալ լուծումները մինչև այսօր էլ ուսումնասիրվում են կինեմատոգրաֆիստների կողմից։

Back to top button