Հասարակություն

Օծվեց սուրբ Աննա եկեղեցին եւ բացվեց կաթողիկոսի երեւանյան նստավայրը

karenghazaryan

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր մասնակցել է Երեւանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Երեւանի Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկին հարակից եկեղեցու օծման արարողությունը կատարվել է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Սուրբ Աննա եկեղեցու զանգերն ազդարարեցին համալիրի օծման արարողության մեկնարկը: Այստեղ էին մեր երկրի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները: Նախագահ Սերժ Սարգսյանը եկեղեցու բացման պատարագն ունկնդրելու եւ համալիրի հնարավորություններին ծանոթանալու էր եկել տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Համալիրի օծումը կատարվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ:

Երկու հիմնական մասնաշենքից բաղկացած սուրբ Աննա եկեղեցական համալիրն իր ափի մեջ ներառել է նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ավելի շատ հայտնի է Կաթոլիկե եկեղեցի անվամբ: Այս եկեղեցու պատմությանն իր հայրապետական խոսքում անդրադարձավ նաեւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ շեշտելով, որ նրա զգալի հատվածը քանդվել էր խորհրդային, ավելի ստույգ՝ ստալինյան բռնատիրության տարիներին։

Սուրբ Աննա եկեղեցական համալիրի մասնաշենքերից մեկն էլ Ամենայն հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրն է լինելու:  Ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը: Վերջինս «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցեց, որ  եկեղեցական համալիրը նախագծվել եւ կառուցվել է ավանդական եկեղեցաշինական մոտիվներով: Կիրառվել են նաեւ որոշակի չափավոր նորամուծություններ: «Փորձել ենք այնպիսի ճարտարապետություն ստանալ, որ խոսի քաղաքի կենտրոնի ամբողջ ճարտարապետության հետ՝ առանց կոնտրաստների եւ առանց որեւիցե ավելորդ նորամուծությունների»:

Սբ. Աննա եկեղեցին եւ Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ: Բարերար Վահագն Հովնանյանը բոլորին աչքալուսանք տվեց. եւս մեկ եկեղեցի կառուցվեց, որը հայության հարատեւման խորհրդանիշն է:  Բարերարն ասաց, որ համալիրը հրաշք կառույց է ստացվել: «Ես կարծում եմ, որ հրաշալի հայկական համալիր է ստացվել: Այն մեր շարունակությունն է: Միաժամանակ՝ այն արդիական է: Ոչ մի փամուշտ ու ոչ մի թշնամի չի կարող դրանք քանդել: Պահենք, պահպանենք մեր արյունով, մեր կյանքով, որ մնա հավիտենական»:

Թող մնա հավիտյան ու խորհրդանշի հայության հավիտենությունը, հավելեց բարերարը: Ասաց, որ դա իր ընտանիքի ուխտն էր, որը կյանքի կոչվեց: «Ի սեր մեր ծնողների, որ մեզ հայ մեծացրեցին, հայ քրիստոնյա դաստիարակեցին ու հայասեր դարձրեցին, որ այստեղ ենք մինչեւ վերջ ու հայապահպան: Եթե ամեն ընտանիք այդ ձեւով մոտենա՝ կունենանք հայության ամենամեծ պաշտպանը»,- ասաց։

Հավելեմ նաեւ, որ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել էր 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել էր 2015թ. ապրիլին:

Back to top button