Դիարբեքիրում կրկին ղողանջել են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը
Տասնամյակների լռությունից հետո նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում կրկին ղողանջել են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը: Ժամերգությունը վարել է ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարք Արամ Աթեշյանը, գրում է Armenian Weekly-ն: Պատարագին ներկա են եղել հարյուրավոր հայեր Թուրքիայից և սփյուռքից:
Եկեղեցին սկսել է վերականգնվել 2009-ին Սուրբ Կիրակոս հիմնադրամի և Կոնստանդնուպոլիսի պատրիարքության հովանու ներքո: Առաջին անգամ եկեղեցին բացվել է ժամերգության համար 2011-ին, սակայն զանգակատունն այդ ժամանակ չէր վերականգնվել:
Զանգակատան բացման և օծման արարողության ժամանակ հիմնադրամի ղեկավար Էրգուն Այիլկը նշել է, որ այդ եկեղեցին ամենագեղեցիկ հայկական եկեղեցիներից է և հաստատում է այն, որ հայերն այս քաղաքում մեծամասնություն են եղել: «Մեր նախնիները ժառանգել են այն մեզ, սակայն հայտնի պատճառներից ելնելով մենք չենք կարողացել պահպանել մեր ժառանգությունը: Վերակառուցումը նշանակում է մեր հուշարձանները վերադարձնելու գործընթացի սկիզբ»,- ասել է նա: Նշենք, որ եկեղեցու վերակառուցոմը տեղի է ունեցել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի բարոյական և ֆինանսկան աջակցությամբ: