Էկոսֆերա

COP17-ը՝ Հայաստանի համար հնարավորություն. ինչ օրակարգով է քաղաքացիական հասարակությունը պատրաստվում համաժողովին․ «Էկոսֆերա»

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովը տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, համայնքների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նպատակն էր քաղաքացիական հասարակությանը և համայնքների ակտիվ բնակիչներին նախապատրաստել COP17-ին, ձևավորել համաժողովին քաղաքացիական հասարակության մասնակցության օրակարգը, ինչպես նաև իրազեկել «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագրով» սահմանված թիրախների մասին, որոնց կատարմանն ու մշտադիտարկմանը մասնակից պետք է լինի հասարակությունը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Զավեն Պ․ և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս, Յակոբեան բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանն ասում է՝ շահառուներն ունեն տարբեր պատկերացումներ։ COP-ը միայն Հայաստանի մասին չէ, այլ միջազգային՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակների մասնակցությամբ քննարկվում են համաշխարհային խնդիրներ։ Տարբեր երկրների առկա մարտահրավերները շատ դեպքերում նման են, բայց, այդուհանդերձ, հնարավոր չէ, որ ընդհանուր մեկ օրակարգ լինի։

«Երկրները հիմնականում ունենում են նախաձեռնություններ, որոնցով փորձում են ավելի գլոբալ օրակարգերում առաջնորդություն ստանձնել։ Հայաստանը պետք է ունենա այդ առաջնորդությունը և առաջ կտանի, որովհետև սա ունիկալ հնարավորություն է։ Պետք է օբյեկտիվ լինենք և ասենք՝ փոքր երկիր ենք, ունենք սահմանափակ ռեսուրսներ և շատ մեծ պարտավորություններ չենք կարող վերցնել, բայց, ինձ թվում է, հնարավորությունից պետք է օգտվել, որովհետև նման հնարավորություն դժվար թե էլի տրվի։ Խնդիրն այն է, թե որքանով մենք կկարողանանք մեր դերը այստեղ ստանձնել, փորձել ինչ-որ բաներ մեր օրինակով առաջ տանել, փոխել մոտեցումը և դրանով ցույց տալ աշխարհին, որ կարող ենք։ Կկարողանանք անել, թե ոչ՝ այս հարցում պետությունն ունի առանցքային դեր՝ համախմբելու, ոչ թե տարանջատելու գիտական, քաղհասարակության բոլոր սեկտորները»։

Կարդացեք նաև

Back to top button