
Հունիսի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Անապատացման դեմ պայքարի և երաշտի միջազգային օր։ Մասնագետների գնահատմամբ՝ երկրագնդի ցամաքային տարածքի արդեն մոտ 40%-ը համարվում է դեգրադացված։ Սա ուղղակիորեն ազդում է աշխարհի բնակչության գրեթե կեսի՝ շուրջ 3.2 միլիարդ մարդու կյանքի որակի վրա։
Հայաստանում կան համայնքներ, որտեղ խնդիրները սուր են, չմշակվող հողերի քանակը՝ զգալի։ Պատճառները տարբեր են՝ թե՛ անտրոպոգեն՝ մարդածին գործոնով, և թե՛ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, ասում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը։



Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակներում գիտական մարմինների օժանդակությամբ մշակվել և կոնվենցիայի կողմ երկրների կողմից ընդունվել է դեգրադացիայի գնահատման ընդհանուր մեթոդաբանություն և սահմանվել են չափորոշիչներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս համադրել առանձին երկրների հաշվետվություններն ու իրականացնել տարածաշրջանային և գլոբալ գնահատումներ ու վերլուծություններ։ Այս մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության արդյունքները Հայաստանում ներկայացնում է Հակոբյանը․
«Վերջին հաշվետվությունն իրականացվել է 2022 թվականին, ըստ որի՝ Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման, առավել ինտենսիվ դեգրադացված է մոտ 19,4 տոկոսը, և թեժ կետերը գնահատվել են Տավուշի ու Շիրակի մարզերում»։
Կոնվենցիայի մասին
1970-ական թվականներին աֆրիկյան մի շարք երկրներում սաստիկ երաշտներն ունեցան շատ ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ, որով պայմանավորված 80-ականներից 90-ական թվականներին միջազգային բնապահպանական օրակարգում հողերի անապատացման և երաշտի դեմ պայքարն ավելի մեծ ուշադրության արժանացավ։
«Արդեն 1992 թվականին Ռիոյի գագաթնաժողովում որոշվեց, որ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար կձևավորվեն 3 բնապահպանական կոնվենցիաներ՝ Կլիմայի, Կենսաբազմազանության պահպանման և հողերի անապատացման ու դեգրադացիայի դեմ պայքարի։ Կոնվենցիան իրենից ներկայացնում է համապարփակ համաձայնագիր, որով երկրները համախմբվում են միացյալ գործողություններով դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին՝ հողերի անապատացմանը և դեգրադացմանը։ Կոնվենցիան ընդունվեց 1994 թվականի հունիսի 17-ին, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց, որ այդ օրը միջազգայնորեն կնշվի որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի օր»։



Այսօր 196 երկիր և ԵՄ-ն հանդիսանում են համաձայնագրի կողմ և միասին սահմանել են կամավոր նպատակներ՝ մինչև 2030 թվականը հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքության։
Նարինե Հակոբյանի փոխանցմամբ՝ դեգրադացիայի կանխման և հողերի վերականգնման ծրագրեր իրականացվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հողերի դեգրադացիան կանխելու գործում կարող են մեծ դեր ունենալ նաև մեր համաքաղաքացիները, օրինակ՝ դաշտերում չայրելով խոզանները:



Հասարակության պատասխանատվության և գիտակցության արդյունքում է հնարավոր հասնել գործնականում շոշափելի արդյունքի։ Հայաստանը համարվում է աշխարհի կենսաբանական բազմազանության 30 թեժ կետերից մեկը։ Հետևապես, հողերի պահպանությունը կարևոր է ոչ միայն մարդկանց սոցիալական բարեկեցության, այլև կենսաբազմազանության պահպանության դիտանկյունից։




