Էկոսֆերա

Բնապահպանները մտահոգ են․ էկոլոգիական խնդիրները դուրս են մնացել նախընտրական օրակարգից. «Էկոսֆերա»

Բնապահպանները պնդում են, որ էկոլոգիային վերաբերող խնդիրները դուրս են մնացել նախընտրական քարոզչությունից։ Նախընտրական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները խոսում են ամեն ինչից, բացի բնապահպանությունից. նկատել են բնապահպանները։ Լոռու և Գեղարքունիքի մարզերից, ինչպես նաև Երևանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ամփոփում են նախընտրական շրջանը՝ էկոլոգիայի տեսանկյունից։

«Քաղաքական ուժերն առհասարակ չեն անդրադառնում էկոլոգիական հարցերին։ Չեմ լսել ամեն դեպքում, որ մարզային հանդիպումների ընթացքում որևէ հարցի մասին խոսվի։ Հատկապես կցանկանայի քաղաքական ուժերի ծրագրերում տեսնել Սևանա լճի խնդրի լուծման ճանապարհները։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է։ Կցանկանայինք լսել, թե Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը ո՞նց են վերաբերում, ի՞նչ ծրագրեր կան»,- հեռախոսազրույցում ասաց Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը։

Նրա գնահատմամբ՝ տնտեսական ծրագրերը մշակելիս պետք է «կանաչ» բաղադրիչը հաշվի առնել։ Բադեյանի խոսքով՝ այսօր աշխարհը գնում է շրջանաձև տնտեսության մոդելների, քանի որ հասկացել է՝ երկրագնդի վրա ռեսուրսներն անսահմանափակ չեն։

Լոռու մարզից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ևս նշեց, որ քաղաքական ուժերն այդքան էլ բնապահպանական հարցերին մեծ ուշադրություն չեն դարձնում։ Ըստ նրա՝ որոշ կուսակցություններ ունեն մոտեցումներ, որոնք կապված են կանաչ տնտեսությունների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, կանաչ էներգետիկայի անցման հետ, բայց կոնկրետ բնապահպանական բաղադրիչ շատ քիչ կուսակցություններ ունեն։

Կարդացեք նաև

Back to top button