
Արջերի ընտանիքը՝ Նաիրին, Արամը և դուստր Լոլան, փրկվել են 2025 թվականի մարտ ամսին։ Այս արջերը տասնյակ տարիներ փակի տակ են պահվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Չնայած մարդաշատ թաղամասում են ապրել, բայց բնակիչները նրանց գոյության մասին իմացել և ահազանգել են, երբ նրանք դուրս են եկել և քայլել պարիսպի վրայով։
Անազատության մեջ պահվող երեք գորշ արջերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջամտությամբ տեղափոխվել են վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ նրանք այժմ ապրում են փրկված մյուս արջերի հետ, պատմում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կենդանիների խնամքի համակարգող Նարինե Փիլոյանը։
Նարինեի հետ զրույցում նկատեցինք, թե ինչպիսի սրտացավությամբ է պատմում յուրաքանչյուր կենդանու դաժան դեպքի մասին և ինչպիսի ոգևորություն ապրում, երբ փրկված կենդանու մոտ նկատվում է դրական փոփոխություն։



Կենտրոնի ամենահին բնակիչը Մաքսն է, որն ամենայն հավանականությամբ 28 տարեկան է։ Ահա այսպես յուրաքանչյուր փրկված արջի պատմությունից ու խնդիրներից խոսելով՝ մասնագետը միևնույն ժամանակ մանրամասնում է, թե ինչու չի կարելի վայրի կենդանուն պահել փակի տակ կամ այլ պայմաններում։ Ըստ նրա՝ կենդանիների մոտ արձանագրվում են ֆիզիոլոգիական և հոգեկան փոփոխություններ, որոնք տեսանելի են անզեն աչքով։
Փաստ է, որ այս հասուն արջերն այլևս զրկվել են բնություն վերադառնալու հնարավորությունից։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ բնություն վերադառնում են միայն քոթոթները։
Արարատի մարզում գործող վայրի կենդանիների փրկարար կենտրոնում արդեն նոր կենդանի ընդունելու համար տարածք չկա. անհրաժեշտություն է առաջացել հիմնել նման երկրորդ կենտրոնը, որն, ինչպես նշեց Ռուբեն Խաչատրյանը, տարածքով ավելի մեծ է։
Լրագրողների այցն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) կողմից՝ COP-17 մեդիա դպրոցի շրջանակում։ COP-17 մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ։




