Էկոսֆերա

COP17-ին ընդառաջ՝ WWF Հայաստանը մարզերի երիտասարդներին վերապատրաստում է կենսաբազմազանության պահպանության թեմաներով. «Էկոսֆերա»

WWF Հայաստանը գործընկերների հետ միասին սկսել է մարզային այցելությունների շարք՝ COP17-ին ընդառաջ երիտասարդների գիտելիքներն ու մասնակցությունը կենսաբազմազանության պահպանության թեմաների շուրջ զարգացնելու նպատակով։

«Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության. դեպի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17» նախաձեռնության շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում գործող 20 երիտասարդական կենտրոնների ավելի քան 400 երիտասարդ հնարավորություն է ստացել մասնակցելու կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական մարտահրավերների, երիտասարդների դերի և միջազգային բնապահպանական գործընթացների վերաբերյալ դասընթացների։

Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագաշոտնի, Շիրակի և այլ մարզերի երիտասարդները հնարավորություն են ստացել COP17-ին ընդառաջ վերապատրաստվելու։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համագործակցությունների, հասարակության հետ կապերի և ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը մանրամասնում է՝ նախաձեռնությունը բնությամբ հետաքրքրվող երիտասարդների համար է։

Տարածքները պատահաբար չեն ընտրվել. այս համայնքներն առնչվում են Բնության հատուկ պահպանվող տարածքների հետ, բացի դրանից՝ այդ տարածքներում առկա են երիտասարդական կենտրոններ։ Ժակ Նիազյանն ընդգծում է՝ համայնքներում երիտասարդները բավականին ակտիվ են։

Շուրջ 500 երիտասարդներից, որոնք այս ընթացքում վերապատրաստվելու են մարզերում, 150-ը հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին։ Ժակ Նիազյանի խոսքով՝ ծրագրի ընթացքում առավել ակտիվ և ներգրավված մասնակիցներին հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային գործընկերների հետ կազմակերպվող ավելի մեծամասշտաբ սեմինարի, որը տեղի կունենա Աղվերանում՝ հուլիսի 22-ին և 23-ին։

Ծրագիրն իրականացվում է WWF Հայաստանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներքո գործող համայնքային երիտասարդական կենտրոններում։

Կարդացեք նաև

Back to top button