
Հունիսի 23-ի ուշ երեկոյան, ամբողջ Գերմանիայում մոտ 2- 2,5 ժամով գրեթե ամբողջությամբ կանգ է առել երկաթուղային երթևեկությունը։ Պատճառը GSM-R (Global System for Mobile Communications–Railways) համակարգի խափանումն էր։
Սա երկաթուղու փակ, պաշտպանված թվային կապի ցանցն է, որով մեքենավարները, դիսպետչերները և կառավարման կենտրոնները մշտապես հաղորդակցվում են միմյանց հետ։ Առանց այդ կապի գնացքների երթևեկությունն անվտանգ չի համարվում։
Խափանման պահին Deutsche Bahn-ը հրահանգել է կանգնեցնել բոլոր հեռագնաց, տարածաշրջանային, S-Bahn և նույնիսկ բեռնատար գնացքները։ Հազարավոր ուղևորներ մնացլ են կայարաններում, տեղեկատվական կետերի մոտ մեծ հերթեր են գոյացել, իսկ որոշ քաղաքներում նույնիսկ հյուրանոցային տեղեր չեն եղել։
Ընկերությունը գիշերվա ընթացքում վերականգնել է համակարգի աշխատանքը՝ գործարկելով նաև արտակարգ պահուստային համակարգը։ Սակայն նույնիսկ դրանից հետո ժամեր շարունակ պահպանվել են ուշացումները և չեղարկումները։




