
G7-ի երկրները սատարում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ դրանք կյանքի կոչելու գործում, ասվում է Ֆրանսիայի Էվիան լե Բեն քաղաքում ընթացող գագաթնաժողովի շրջանակում «Մեծ յոթնյակի» առաջնորդների տարածված համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է բանակցությունները շարունակելու կարևորությունը, որպեսզի բացառվի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Այս գործընթացին պետք է ներգրավվեն նաև միջազգային գործընկերները, հատկապես՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։
G7-ը կողմ է արտահայտվել երկարաժամկետ, կայուն և համապարփակ պայմանագրի մշակմանը:
Առաջնորդներն ընդգծել են, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անարգել ու անվճար անցումը համաշխարհային առևտրի կարևորագույն նախապայմանն է:
Մեծ յոթնյակի երկրները պարտավորվել են արագացնել էներգակիրների մատակարարման երթուղիների բազմազանեցումը՝ նվազեցնելու համար համաշխարհային կախվածությունը այդ նեղուցից։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես կստորագրեն Շվեյցարիայում։ Դրանից հետո կողմերին կտրվի 60 օր՝ վերջնական բանակցություններ անցկացնելու համար։




