
Կիրակի օրը Կապանի որոշ փողոցներով հոսող դեղնանարնջագույն ջրերը բազմաթիվ հարցեր առաջացրին։ Սոցցանցերում օգտատերերը ենթադրում էին, թե քաղաքում «դեղին անձրև» է տեղացել։ Կապանցիների համար, սակայն, սա նոր երևույթ չէ։ Նրանք պնդում են՝ հորդառատ անձրևների ժամանակ Կավարտի չշահագործվող հանքավայրի տարածքից հոսող ջրերը արդեն որերորդ անգամ նույն պատկերն են ստեղծում։
Հունիսի 14-ին հորդառատ անձրևի հետևանքով Կապանի փողոցներով դեղնանարջնագույն անձրևաջրեր էին հոսում։ Սոցցանցերի հետևորդները զարմացան՝ արդյոք Կապանում դեղին անձրև՞ է տեղացել։ Կապանցիների համար սա նորություն չէր․ էլի են եղել դեպքեր, երբ դեղին ջրեր են հոսել քաղաքով, լցվել գետը։ Կավարտ բնակավայրի չշահագործող հանքավայրի տարածքից են ջրերը հոսել ու տարածվել քաղաքում՝ բացատրում է «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արմեն Փարամազյանը
«Պղինձ է։ Մի կողմից հարստություն է, մյուս կողմից՝ թույն։ Եթե նույնիսկ հոտ է գալիս, նշանակում է՝ դրա մեջ վտանգավոր նյութեր կան»։

Փարամազյանի խոսքով՝ կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է խնդիրը։ Նա հիշեցնում է, որ կառավարությունը նախկին շահագործողից հետ է վերցրել հանքավայրի շահագործման իրավունքը, սակայն, ըստ նրա, թափոնների անվտանգ կառավարման հարցը մինչ օրս լուծված չէ։
«Եթե պետությունը լիցենզիան վերցրել է տնտեսավարողից, պարտավոր էր նաև ապահովել թափոնների կառավարումը կամ նախկին շահագործողին պարտավորեցնել կատարել այդ աշխատանքները։ Այսօր այդ համակարգը խաթարված է։ Ամեն հորդառատ անձրևից հետո Կավարտում դեղին լճակներ են գոյանում, հետո այդ ջրերը հասնում են քաղաք։ Սրանք պարզապես գունավոր ջրեր չեն, այլ աղտոտված հոսքեր»։
Բնապահպանի խոսքով՝ չվերականգնված և պատշաճ չփակված հանքավայրերը կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ Միաժամանակ նա նշում է, որ առայժմ առողջությանը հասցված վնասների փաստագրված դեպքեր չունեն։
«Իհարկե, վնաս կա։ Եթե որևէ նյութ գերազանցում է թույլատրելի նորմերը, արդեն վտանգավոր է։ Եթե այդ ջրերը լցվում են գետ, կարող են վնասել ջրային էկոհամակարգը, ոչնչացնել ձկներին և այլ կենդանի օրգանիզմներին»։
Դեպքին արձագանքել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Տեսչությունը հայտնել է, որ Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն ջրերի հոսքի փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Իրականացվել են տեղազննում և ջրերի նմուշառում՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մինչ պետական մարմինները սպասում են փորձաքննության արդյունքներին, «Իրավատեր կապանցիներ» հասարակական կազմակերպությունն արդեն քայլեր է ձեռնարկում՝ պատրաստ՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ կառույցների հետ։
«Մեր առաքելությունը խաթարված էկոլոգիական և առողջապահական հավասարակշռության վերականգնումն է։ Տարիներ շարունակ ահազանգում ենք՝ գրավոր ու բանավոր դիմումներով։ Խնդիրը բոլորի աչքի առաջ է. ամբողջ քաղաքն է ողողվում, և դա հնարավոր չէ չնկատել»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, բացի տարածած հաղորդագրությունից, այլ տեղեկատվություն չի տրամադրում։ Սպասում են լաբորատոր հետազոտությունների արդյունքներին։ Իսկ «Իրավատեր կապանցիներ»-ը չեն սպասում, նրանց փորձագետներն ու իրավաբանները գործի են անցել։ Փաստաթղթերն են կազմում։ Հույս ունեն, որ այս անգամ ուսումնասիրությունները չեն ավարտվի միայն արձանագրություններով, և կձեռնարկվեն քայլեր, որպեսզի յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո քաղաքի փողոցները կրկին չողողվեն հնարավոր գունավոր ու գունավեր հեղեղաջրերով։




