
«Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունել է ընկերությունների միջև գործընկերության հաստատումը՝ ընդգծելով, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։
Այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։
«Թալես» — «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։




