ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նորընտիր ԱԺ-ի հին ու նոր դեմքերը․ խորհրդարանը փոխվում է, մթնոլորտը՝ թերևս ոչ

Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովը կունենա երեք խմբակցություն և 105 պատգամավոր։ Թեև խորհրդարանի վերջնական կազմը դեռ չի հաստատվել, արդեն պարզ է՝ նոր խորհրդարանի «կորիզը» կրկին կազմելու են հանրությանը վաղուց հայտնի քաղաքական գործիչները։ Նոր անուններ իհարկե կլինեն, բայց քաղաքական մթնոլորտի էական փոփոխություն առայժմ չի կանխատեսվում։

Նոր խորհրդարանի կազմն այս պահին հնարավոր է պատկերացնել միայն նախընտրական ցուցակների և մանդատների նախնական բաշխման հիման վրա։ Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող խորհրդարանի պատգամավորների  ամբողջական կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հաստատել։ Ընտրությունների վերջնարդյունքների ամփոփումից հետո քաղաքական ուժերը դեռ ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, և մանդատների բաշխումն ու պատգամավորների գրանցումը պաշտոնապես դեռ ընթացքի մեջ չէ։

Սակայն հիմնական պատկերը արդեն հստակ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից պարզ է դառնում, որ պատգամավոր ընտրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ամենայն հավանականությամբ կշարունակեն աշխատել գործադիրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չի նախատեսում։

«Մեծ փոփոխություններ չեն լինի»։

Սա նշանակում է, որ պատգամավորական մանդատները կհասնեն նաև ցուցակի ավելի ցածր համարների թեկնածուներին։ Գործադիրում հավանաբար կմնան նախարարները, մարզպետները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Այդ դեպքում անցողիկ կարող են դառնալ նույնիսկ ցուցակի շուրջ 90-րդ հորիզոնականները։

Թեև գործող խորհրդարանի «կորիզը» պահպանվում է, նոր խորհրդարանում կհայտնվեն նաև ավելի երիտասարդ և լայն հանրությանը մինչև այժմ քիչ հայտնի գործիչներ։ Նրանց թվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, ինչպես նաև կուսակցության աշխատակազմից և տեղական ինքնակառավարման համակարգի մի շարք ներկայացուցիչներ։ Նրանց մանդատ ստանալ-չստանալը, սակայն, կախված կլինի նրանից, թե արդյոք ցուցակում իրենցից առաջ եղած պաշտոնյաները կվերադառնան իրենց նախկին աշխատանքին, թե կընտրեն պատգամավորի գործունեությունը։

Ազգային փոքրամասնությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կներկայացնեն Ռուստամ Բաքոյանը՝ եզդիական, Ալեքսեյ Սանդիկովը՝ ռուսական, և Կնյազ Հասանովը՝ քրդական համայնքից։

Իշխող խմբակցությունն արդեն խոսում է նաև նոր խորհրդարանի առաջնահերթ օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Քննարկվող գաղափարներից մեկը վերաբերում է ընտրական իրավունքի փոփոխությանը՝ հաստատում է Վահագն Ալեքսանյանը․

«Խոսքն ընտրական իրավունքում ռեզիդենտության ցենզը ներմուծելու մասին է։ Բայց կոնկրետ մանրամասները այս պահին դեռ քննարկումների փուլում են։ Գաղափարն այն է, որ ընտրելու իրավունքը որոշ չափով կապվի այն հանգամանքի հետ, թե որքան ժամանակ է քաղաքացին բնակվում Հայաստանում, որպեսզի այստեղ մշտապես բնակվող քաղաքացիներն ունենան որոշիչ ձայն»։

Ընդդիմադիր դաշտում մինչդեռ քննարկում են՝ վերցնեն մանդատները, թե ոչ։ Իշխանությունը պնդում է, որ նույնիսկ երկրորդ դեպքում խորհրդարանը կսկսի բնականոն աշխատանքը։

Եթե ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ վերցնեն մանդատները, խորհրդարանում միասին կունենան 42 մանդատ։ Այս հարաբերակցությունը նրանց չի տա հնարավորություն ազդելու քվեարկությունների արդյունքների վրա, սակայն ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքը սահմանադրական մեծամասնության բացակայությունն է։

Նոր խորհրդարանի գլխավոր նորություններից մեկն ընդդիմադիր դաշտի վերադասավորումն է։ Գործող խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կարգավիճակը «Հայաստան» դաշինքից անցնում է «Ուժեղ Հայաստան»-ին, որը կունենա 29 պատգամավոր։

Այս խմբակցության անցողիկ տեղերում են ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը և հանրությանը հայտնի այլ գործիչներ։ Ազգային փոքրամասնությունների լրացուցիչ մանդատով խորհրդարան կմտնի նաև ասորի համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը։

«Հայաստան» դաշինքի ցուցակում փաստացիորեն նոր անունը միայն «ԱռԱջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն է։

Թեև խորհրդարանի կազմը մասամբ թարմանում է, քաղաքական հարաբերությունների փոփոխություն առայժմ չի նշմարվում։ Ընտրություններից հետո իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են միմյանց մեղադրել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման և ընտրախախտումների համար։ Դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից՝ նույն լարված մթնոլորտը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի նաև 9-րդ գումարման Ազգային ժողով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատների բաշխման պաշտոնական գործընթացը կսկսի միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է՝ փոխվում է պատգամավորների մի մասը, բայց խորհրդարանի քաղաքական «դեմքը» և իշխանություն-ընդդիմություն դիմակայության տրամաբանությունը թերևս մնում են նույնը։

Կարդացեք նաև

Back to top button