
8-րդ գումարման խորհրդարանի վերջին հերթական լիագումար նիստն այս շաբաթ է։ Գործադիրի անդամները վերջին անգամ ներկայացնում են 5 տարվա աշխատանքը։ Հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է անվտանգությունից, տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից, հայտարարել, թե ձևավորվող նոր խորհրդարանի ընդդիմությունը ապօրինի ճանապարհով է մանդատ ստացել և քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի։ Վարչապետին նիստերի դահլիճում լսել են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի վերջին հերթական լիագումարը։
8-րդ գումարման խորհրդարանի վերջին նիստն ընթանում է առանց ընդդիմության։ Գործադիրի անդամները գլխադասային հանձնաժողովներում մեկուկես շաբաթ քննարկած բյուջեի կատարողականը ներկայացնում են լիագումար նիստում։ Գործող և հաջորդ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տնտեսական ու ֆինանսական ցուցանիշները թվարկելուց առաջ 2025 թվականը համարում է հեղափոխական կառավարման լավագույն տարին․
«Կարող ենք արձանագրել, որ սրանից հետո մեզ սպասում է այն, որ ամեն տարի պետք է լինի հետհեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում, օրինակ, բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ»։
Լավագույն բնորոշման ամենահիմնավոր պատճառը, ըստ վարչապետի, խաղաղությունն է։ 2025-ին են Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականացրել խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը, սկսել տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Փաշինյանի խոսքով՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից մի քանիսն արդեն կոնկրետ բովանդակություն են ստացել ոչ միայն տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա սահմանին, այլև երկրում։ Մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին մտադրությունների հուշագրի ստորագրումից տասը ամիս անց Հայաստանն ունի արհեստական բանականության երկու գործարան․ սուպերհամակարգիչ և ԵՊՀ-ում ԱԲ կենտրոն։
«Այստեղ էլ գալիս է այն հարցը, որի մասին ես խոսել եմ, որովհետև սրանով մեր խնդիրները ոչ թե պակասում են, այլ ՝ ավելանում, որովհետև արհեստական բանականության գործարաններն էլեկտրական էներգիայի սպառումը, կարելի է ասել, երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում են»։
Կառավարությունն այս խնդիրը լուծում է բառացիորեն այս օրերին՝ ասում է Փաշինյանը։ Այսպես, արգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանին կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությունը՝ մանրամասնում է Փաշինյանը․
«Սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվում ենք, շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն և ավելի հուսալի անվտանգություն»։
2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացվել են 135 տոկոսով, իսկ 2018-ից մինչև օրս տնտեսական աճը կազմել է 53 տոկոս։ Սա, Փաշինյանի ձևակերպմամբ, ահռելի թիվ է մեկ անձի հաշվով, բայց գլխավոր խնդիրն այն է, որ քաղաքացին հաճախ իր առօրյայում չի զգում երկրի բարձր ամբիոններից ներկայացվող տպավորիչ թվերի ազդեցությունը՝ նկատում է վարչապետը․
«Այստեղ է, որ խզումը առաջանում է, և մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից Հայաստանի պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը»։
Ութ տարվա կառավարման գլխավոր մարտահրավերները ձևակերպելիս Նիկոլ Փաշինյանը չի շրջանցում նաև, այսպես ասենք, քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու շարունակական հանձնառությունը․
«Ես չեմ ուզում թաքցնել սա այլևս․ եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով, և սա մի բան է, որը ես պարտավոր եմ ասել և արձանագրել Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքները ամփոփելիս»։
Այդ բոլոր ռիսկերը հավասարեցված են նվազագույնի, և ըստ էության, այլևս գոյություն չունեն՝ պնդում է Փաշինյանը։
«Չի եղել մի րոպե, մի վայրկյան, երբ մենք կոմպրոմիս ունենանք քրեաօլիգարխիկ համակարգի հետ, չի եղել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհուպ դանդաղկոտություն է հարկավոր, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրենք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին մենք ունեցանք, օրինակ, 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»։
Փաշինյանն արդյունավետ է գնահատում վերջին հինգ տարիներին կառավարություն-ԱԺ գործակցությունը, շնորհակալություն է հայտնում այդ աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է ձևավորվող 9-րդ գումարմանը, ապա վարչապետը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունն ապօրինի է ձևավորվել․
«Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր կամ նույնիսկ չի կարելի ասել` քաղաքական միավոր է և Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից, և դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի միջոցներ, և մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև այդ պարտավորությունը ստանձնել ենք և վերաստանձնել ենք»։
Այս ամբիոնից վերջին անգամ կառավարության կատարողականը լսող 8-րդ գումարման պատգամավորները վարչապետին հարցեր չուղղեցին։ Ծափահարությունների ներքո Փաշինյանը հեռացավ, օրենսդիրն անցավ օրակարգի մյուս նախագծերի քննարկմանը։
Կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջնահաշվարկից հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»–ը 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան»–ը՝ 29 մանդատով, և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:




