Արդեն100 տարի

Ծիծաղի և տաղանդի խորհրդանիշը՝ Սվետլանա Գրիգորյանի կյանքն ու բեմական ճանապարհը․ «Արդեն 100 տարի»

Մեկդարյա հայկական ձայնասփյուռի գանձարանում պահվում է ռադիոյի հնաբնակներից Օֆելյա Ասատրյանի խմբագրությամբ և արվեստաբան Էմանվել Մանուկյանի հեղինակությամբ պատրաստված «Ռադիոբեմի լույսերը» հաղորդաշարի մի թողարկում, որը պատմում է Սվետլանա Գրիգորյանի մասին՝ տաղանդավոր դերասանուհու, որի բեմական կյանքն ի սկզբանե կապված էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ: Բայց մինչ թատրոն մուտք գործելը, նա արդեն դերասանուհի էր իր էությամբ:

13 տարեկան էր. իր վտվտիկ մարմնով մագլցում էր իրենց բակի ընկուզենու ճյուղերն ու դերասանություն անում: Սվետլանան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի վերջին օրը՝ Երևանում, մշեցիների ընտանիքում:

Տանը վեց երեխա էին՝ չորս աղջիկ և երկու տղա: Սպայի տանը հաճախ դիտած ներկայացումներն ամրապնդում են բեմ բարձրանալու նրա երազանքը: Ծածուկ ընդունվում է թատերական ուսումնարան: Բարեբախտաբար, մեկ տարի անց բացվում է թատերական ինստիտուտը, և Սվետլանան արդեն այնտեղ էր՝ մեծ ռեժիսոր և մանկավարժ Վարդան Աճեմյանի լսարանում: 

Ավարտելուն պես նա աշխատանքի է անցնում Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ դառնալով մի աննման, կոլորիտային դերասանուհի:

Փոքր ժամանակ առած բալետի դասերն օգնում են նրան բեմում ճկուն, շարժուն ու թեթև լինել՝ իր գիրուկ մարմինը վերածելով հմայիչ առավելության: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջատար դերասաններից Բորիս Պեպանյանը, որը երջանկություն է ունեցել բեմում կանգնելու տաղանդաշատ Կարպ Խաչվանքյանի և Սվետլանա Գրիգորյանի կողքին, վերհիշում է նրանց հետ անցկացրած տարիները:

Կարդացեք նաև

Back to top button