
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրմանը, հայտնել է Սպիտակ տունը։
«Ինչպես փոխնախագահը հայտարարել է իր մամուլի ասուլիսում, առաջիկա տեխնիկական բանակցությունների վերաբերյալ ծրագրերը դեռեւս ամբողջությամբ համաձայնեցված չեն, եւ ամերիկյան պատվիրակությունը պատրաստ է մեկնել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Սակայն այս բանակցությունների կազմակերպչական հարցերը երբեք էլ պարզ կամ կանխատեսելի չեն եղել»,- Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունն է մեջբերում CBS News-ը։
ԱՄՆ-ն եւ Իրանը հունիսի 15-ին հայտարարել էին համաձայնության հասնելու մասին։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը պետք է կայանա հունիսի 19-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Դրանից հետո կսկսվեն 60-օրյա տեխնիկական բանակցություններ՝ մնացած հարցերի շուրջ։
Ավելի վաղ Վենսը հայտնել էր, որ Շվեյցարիա բանակցությունների մեկնելու ծրագրերը «կարող են փոխվել», քանի որ Իրանը «այն երկիրը չէ, որի հետ հեշտ է պայմանավորվել մեկնելու հարցում»։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե իրանցիները կոնկրետ երբ կկարողանան հասնել այնտեղ»,- ասել է նա։
Տես նաեւ` Խամենեին խոսել է ԱՄՆ-ի հետ համաձայնության, Նեթանյահուն՝ Լիբանանում զորքերը պահելու մասին




