Արդեն100 տարի

Ցեղասպանությունը վերապրած ընտանիքից՝ հայ մեծ տենոր Կարպիս Զոբյանի անհավանական ուղին․ «Արդեն 100 տարի»

Վերհիշելով մեր ձայնադարանի գանձերը՝ այսօր կտեղափոխվենք 70 տարի հետ՝ հիշելու Հայաստան հյուրախաղերի եկած հանրաճանաչ օպերային մի երգչի, որի մանկությունը նման է, գրեթե, բոլոր այն հայ երեխաների մանկությանը, որոնք ծնվել են օսմանյան տիրապետության տակ և կրել ցեղասպանության ցավերը. Կարպիս Զոբյան:

Կարպիսի ծննդավայրը Սև ծովին հարող Քասթամոնու շրջանի նույնանուն քաղաքն է՝ իր հունական պատմությամբ, որտեղ նա լույս աշխարհ եկավ սրանից 111 տարի առաջ՝ 1915-ի մայիսի 24-ին:

Բարեբախտաբար, Կարպիսի հայրը՝ Արամը, կարողացավ գաղտնի հեռանալ Քասթամոնից և փրկվել վերահաս մահից: Մայրը՝ Արաքսին, որ Կոստանդնուպոլսում լավ կրթություն էր ստացել, միայնակ մեծացրեց որդուն՝ հաղթահարելով մեծ դժվարություններ, մինչև որ զինադադարից հետո Արամը վերամիավորվեց ընտանիքին:

Կարպիսը 6 տարեկան էր, երբ հայրը մի երկար ճամփորդության մեկնեց Ամերիկա՝ պարսկական գորգեր վաճառելու: Այստեղ էր ապրում նրա քույրերից մեկը: Բավական դրամ շահելով՝ նա որոշում է զբաղվել կերպասի մեծածախ առևտրով: Կերպասը նավով հասցնում է ռումինական Գալաց նավահանգիստ: Այստեղ՝ Գալաց քաղաքում, բնակվում էր նրա մյուս քույրը՝ ընտանիքով: Այս քաղաքում էր զարգանում քիմիական, կահույքի և տեքստիլ արդյունաբերությունը։ Եվ ահա Արամ Զոբյանը՝ մեր հերոսի հայրը, հիմնում է տեքստիլ արտադրանքի ներմուծման և արտահանման մեծ բիզնես: Ընտանիքն էլ Պոլսից տեղափոխում է Դանուբի գետաբերանին գտնվող և Սև ծովի նավահանգստին մոտ այս գողտրիկ քաղաքը:

Կարպիսը 8 տարեկան էր և առողջական խնդիրներ ունեցող հոր օգնականը վաճառականության գործում: Էնրիկո Կարուզոյի ձայնագրությունները, որ նա լսում էր գրամոֆոնով, մի մեծ կախարդանք էին իր համար՝ բառիս իսկական իմաստով:

Նա երգում էր գրամոֆոնից հնչող Կարուզոյին զուգահեռ և մեծ բավականություն ապրում դրանից: Առևտրական գործերով մի գեղեցիկ օր նա Գալացից գալիս է Բուխարեստ և, գործերն ավարտելուց հետո, երեկոյան գնում օպերային թատրոն: Այդ օրը նա կայացնում է իր որոշումը:

Սկսվում են Կարպիսի վոկալ դասերը իտալացի, ռումինացի հայտնի երգիչների և պրոֆեսորների մոտ, նաև՝ համերգային գործունեությունը. Տիմիշուարա, որտեղ հրավիրվում է աշխատանքի նորաբաց օպերային թատրոնում, հետո տեղափոխվում Բուխարեստի օպերային թատրոն։

Նա դառնում է առաջատար երգիչ իր չքնաղ տենորով: Կարպիսը հրաշալի տիրապետում էր ոչ միայն ձայնին, դրա նրբերանգներին, այլև թատերական արվեստի գաղտնիքներին, ինչի շնորհիվ նրա կատարումներն առավել հուզական էին: Արվեստաբանները նրան «երգիչ-դերասան» էին անվանում:

1959 թվականին նա բեմ բարձրացավ իր հզոր Օթելլոյով, որի նմանը, նորից արվեստաբանների կարծիքով, Բուխարեստի օպերային բեմից չէր հնչել: 1956-ին Կարպիս Զոբյանը հյուրաղաղերով Հայաստանում էր: Աշխարհահռչակ տենորը հեռացավ կյանքից 2002-ի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում:

Կարդացեք նաև

Back to top button