
«Մեր կյանքում շատ աբստրակտ կատեգորիաներ կան, որոնք նյութական չեն․ չես շոշափի, չես տեսնի, համ ու հոտը չես առնի, բայց մենք դրանցով կողմնորոշում ենք ու դրանք մեր կյանքի անբաժանելի մասն են՝ թե կիրառման տեսակետից, թե գաղափարական տեսակետից, թե զգացմունքային տեսակետից»։
Մանկության վաղ տարիներից մենք գիտենք՝ ինչ կլինի, եթե ձեռքը տանենք վարդակի, ունենք աղոտ պատկերացում այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե ցած նետվենք երկրորդ հարկից, ձեռքը մոտեցնենք ոչ այնքան բարեհաճ շան դնչին, զարգացնենք մեր երևակայությունը՝ սուր դանակով էքսպերիմենտներ անելով։ Սրանք «չի կարելի»-ներ են, որոնց «որովհետև»-ը կոնկրետ է։ Բայց նույն ժամանակներից մենք գիտենք, որ կան գործողություններ, որոնց «չի կարելի, որովհետև»-ին հաջորդում է «ամոթ է» արտահայտությունը։
«Ո՞վ ասեց, որ մենք ճիշտ ենք և ի՞նչ իրավունք ունենք դիմացինին մեր պատկերացումների շրջանակներում ամոթանք տալու»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ի՞նչն է ամոթ։
***
Ամոթը դաստիարակության գործիքակազմ է։ Մենք մեծանում ենք իմանալով, որ ինչ-որ բաներ չի կարելի անել, որովհետև ամոթ է։ Բայց դժվար է բառերով նկարագրել՝ ի՞նչ է այդ ամոթը։
Եթե վազենք ու ընկնենք, կցավի։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե բարեկամուհու տանը սեղանից միանգամից երկու կոնֆետ վերցնենք։ Այսպիսի հազարավոր մանրումեծ դրվագներում մենք հիշում ենք ամոթի գոյության մասին՝ ինքներս լավ չհասկանալով, թե ինչու հենց այս երևույթը համարեցինք ամոթալի, իսկ մյուսը՝ ոչ։ Չկա մի ցանկ, որտեղ շարադրված են բոլոր ամոթալի երևույթները, ասենք, ըստ ամոթի աճի սանդղակի։ Բայց երբ մայրիկն ասում է՝ ամոթ է երկու կոնֆետ վերցնելը, ապա ենթադրվում է, որ բարեկամուհու հետ ունի այդ որոշումն ամոթալի համարելու լուռ պայմանավորվածություն։
Իսկ եթե մեկի համար ամոթ է, իսկ մյուսի համար՝ ո՞չ։ Եթե մեկի մոտ այդ երևույթի հետ կապված ամոթի զգացում գոյություն չունի, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ամոթն առհասարակ չկա։ Իսկ եթե չկա, ապա ինչո՞ւ ենք մենք այն համարում դաստիարակության կարևոր գործիքներից մեկը։
Ի՞նչ է ամոթը, ի՞նչն է ամոթ, ո՞ր դեպքերում է այն օգնում և ինչի՞ն՝ խանգարում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցրեի մասին է։

— Իսկ սերը կա՞, ի՞նչ բան է սերը։ Դուք տեսե՞լ եք, ձե՞ռք եք տվել, շոշափե՞լ եք, գիտե՞ք ինչ համ ու հոտի ունի։
— Լավ հարց է։ Կա՞։
— Իհարկե կա։ Հարցն էն է, որ․․․ գիտեք, մի քիչ կոպիտ ասեմ․ եկեք նյութապաշտորեն չմոտենանք։ Մեր կյանքը միայն նյութը չէ, ու այստեղից ես կարող եմ փոքրիկ անցում անել էն թեմային, որով տառապում եմ վերջին մի 15 տարին։ Ու իրոք տառապում եմ։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հոգեոցիալական կարգավորման կենտրոնի գիտական գծով ղեկավար Սամվել Սուքիասյանը 15 տարի մարդու մեջ մարդուն է որոնում։ Ներողություն խնդրելով պրոֆեսորից իր մեծ աշխատանքը երկու բառով նկարագրելու հանդգնության համար փորձենք պարզեցնել․ նա ուզում է հասկանալ՝ ինչն է մարդուն մարդկային դարձնում, որոնք ենք այն որակները, որոնք մարդու մեջ այս կամ այն չափով լինելու դեպքում նրան դարձնում են այսպիսին կամ այնպիսին, օրինակ՝ չար կամ ապրումակցող, դաժան կամ մեղմ, և այլն։ Նա փորձում է չափել մարդու բարոյականության սահամանները։ Այժմ՝ ամոթի մասին․
«Ամոթը բարոյական կատեգորիա է, ամոթը մարդուն դաստիարակելու, մարդուն հասարակայնացնելու, սոցիալական խմբի նորմերին, պահանջներին համապատասխանելու չափանիշներից մեկն է։ Ես ընտանիքում մի մարդ եմ, իմ աշխատանքային կոլեկտվում՝ մեկ այլ մարդ եմ, հասարակության մեջ լրիվ այլ մարդ եմ, և էդ ամեն տեղ կա փոքրիկ ամոթի զգացողությունը։ Իսկ ավելի ճիշտ ասեմ՝ կան որոշակի բարոյական նորմեր։ Ես ինձ ազատ կարող եմ զգալ Ա խմբում, բայց Բ խմբում ամոթ կլինի, եթե ես լինեմ ոնց որ Ա խմբում եմ»։
Այսպիսով, ըստ հոգեբույժի, ամոթ կա։ Բայց այն տարբերվում է խմբից՝ խումբ, մարդուց՝ մարդ։ Սամվել Սուքիասյանի հետ «ամոթ» բառի շատ կարճ «թարգմանություն» ենք մտածում․ այն ազատությունների սահմանն է
«Փոքրուց տալիս էր մի սահման, որի մեջ որ ես պիտի տեղավորվեմ։ Իհարկե մեծանալով, սեփական փորձ ձեռք բերելով, գիտելիքներդ հարստացնելով կամ ընդհակառակը` պակասացնելով, Էդ սահմանները փոխվում են։ Դրանք կայուն չեն, բնական է, դրանք կարող են փոխվել։ Ինչ֊որ բան ես ինձ մի հասակում թույլ չեմ տա, բայց մի քիչ ավելի հասուն հասակում թույլ կտամ, մի քիչ ավելի հասուն ժամանակ՝ կպահանջեմ, որ այդպես լինի, մեկ այլ տեղ ես կարգելեմ, որ այդպես լինի։ Իհարկե, դա դոգմա չէ, կայուն չէ, առավել ևս մեր ժամանակներում»։
Եթե չլինի ամոթ, մենք կանենք այն, ինչ ուզում ենք։ Ձևակերպումն առաջին հայացքից շատ լավն է։ Միակ հարցն այն է, որ մենք միշտ չէ, որ լավ բաներ ենք ուզում, մեր ուզածն ու դիմացինի իրավունքները, դրական հույզերը, գոյությունն այնգամ կարող են համատեղելի չլինել։
Ուստի կարող ենք ասել, որ ամոթը բնազդները սանձող շղթան է։
Ամեն ինչ հուշում է, որ ամոթը ներքին գործընթացները կարգավորող մեխանիզմ է։ Այդ դեպքում ինչո՞ւ է ամոթանքը մի բան, որը տալիս է ով ում ասես։

«Երբ խոսում ենք ամոթի մասին․․․ինքը մի տեսակ մարդու ներսում հնչող մի ձայն է, որը առաջնորդվում է էն արժեքներով, որի կրողը հենց ինքը՝ մարդն է։ Դրա համար տարբեր կարող է լինել։ Այսինքն` ամեն մարդ տարբեր արժեքների կրող կարող է լինել և ըստ էդ արժեքների՝ ամոթի զգացումը կամ պատկերացումը կամ ընկալումը մարդուց մարդ կարող է տարբեր լինել»։
Բայց դա պիտի մարդունը լինի՝ ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Դա սահման է, զսպաշապիկ է, կաղապար է․․տվեք ինչ անուն ուզում եք։ Բայց ամեն մարդ պիտի զբաղվի բացառապես իր համար և իր հագով զսպաշապիկ կարելով՝ առանց ուրիշի ունեցածը կամ չունեցածը դատելու։
«Եթե մարդուն ընդունում ենք էնպիսին, ինչպիսին ինքը կա, էդքանով պետք է բավարարվել, մնացածը մեզ չի վերաբերում։ Մենք չենք մարդկանց դատողը։ Ոչ մեկ իրավունք չունի մյուսին պիտակավորելու, ամոթանք տալու։ Ամեն մարդ ունի իր պատկերացումը, և մենք դա կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել, բայց դա մեր գործն է, ոչ թե դիմացինի։ Եթե դիմացինը մեզ համար սիրելի մեկն է, կարևոր մարդ է, և մենք իր համար ցավում ենք, մենք կարող ենք ընդամենը իրեն խորհուրդ տալ, բայց դա էլ․․․ինչքանո՞վ ճիշտ է ասել, որ բացարձակ ճշմարտություն է մեր խորհուրդը կամ մեր մոտեցումը, մեր պատկերացումը։ Հետևաբար ամեն մարդ թող ապրի էնպես, ինչպես որ ինքը պատկերացնում է և ինքը ընկալում է կյանքը։ Էստեղ ամենակարևորը էն չի, որ ես դա ընդունում եմ, թե չէ, կարևորն է, որ էդ մարդը իր ընկալումների շրջանակներում պատասխանություն կրում է, թե ոչ։ Էս ամենակարևոր բանն է»։

Այսպիսով, եթե դուք ունեք առաջին հայացքից միշտ աշխատող մի արդարացում ի դեմս «Ես քո մասին եմ մտածում, ուզում եմ՝ լավ լինես, դրա համար եմ ասում»-ի, ապա պիտի նոր մի բան մտածեք։ Մարդու համար անհանգստանալը ձեզ թույլ չի տալիս մարդուն դատելու կամ ամոթանք տալու։
Այստեղ, սակայն, առաջանում է մեկ այլ հարց։ Ամոթն է հաճախ մարդկանց խմբին պահում նույն հարթության վրա, ստիպում պահպանել այն ավանդույթները, սովորություններն ու ծեսերը, որոնք գոյություն են ունեցել այդ խմբում ու մի տեսակ դարձել են դրա այցեքարտը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլորս առաջնորդվենք մեր առանձին ամոթի սանդղակով, չի՞ փլվի արդյոք միասնությունը․
«Ես չեմ կարծում, որ կփլվի, որովհետև ցանկացած խմբային միավորում՝ ազգ կլինի, հասարակություն կլինի, աշխատանքային կոլեկտիվ կլինի, համախմբում է հենց անհատներով և տարբերություններով։ Եթե բոլորը միանման են, էդտեղ հասարակություն չկա, էդտեղ չի կարող լինել առողջ հարաբերություններ, եթե բոլորը միանման են, նույն արժեքներով, նույն սկզբունքներով, էդտեղ խմբային որևէ միավորում հնարավոր չի պատկերացնել, դա ընդամենը անդեմ մարդկանց հավաքածու կարող է լինել։ Հասարակության մեջ կարան նման խտրական վերաբերմունքներ լինել և կան․ ոչ միայն չադրաներով կանանց հասարակությունը, այլ ցանկացած նույնիսկ եվրոպական հասարակության մեջ միշտ էլ կա էդ խտրական վերաբերմունքը։ Միշտ էլ մարդիկ տարբերվող մարդկանց չեն ընկալում կամ չեն ընդունում։ Բայց էդ չի նշանակում, որ մարդը տարբերվող չպիտի լինի։ Դա մարդու ամենամեծ ուժն է, մարդու գեղեցկություն է, մարդու ամենամեծ հնարավորությունն է հրաշքներ գործելու և իր կյանքը հրաշքի վերածելու»։
Այս ամենը ամենաթողության մասին չէ։ Քննադատությունը լավ է, եթե քննում ես բացառապես ինքդ քո արածները։ Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել, ինչպե՞ս ընտրել այն չափանիշները, որոնցով չափվելիս կխուսափենք և՛ ամենաթողությունից, և՛ անհարկի ինքնախարազանումից։ Տեր Եսայի քահանա Արթենյանը պատասխանում է՝ հստակ հղում տալով․
«Աստվածաշնչում՝ հին կտակարում կան օրենքներ, կան բարոյական արժեքներ, որոնք հավիտենական են։ Օրինակ` 10 պատվիրանները։ Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ․ եթե սկզբում կար 600-ից ավելի պատվիրան, օրենքներ, հետո դա դարձավ 10։ Էդ 600-ը ամփոփեց 10 պատվիրանների մեջ։ էդ 10-ը նոր կտակարանում դարձավ 1 պատվիրան։ Ընդամենը սիրիր քո Տեր Աստծուն և սիրիր քո նմանին։ Սա հավիտենական արժեք է, սա երբեք չի փոխվում»։
Այսպես՝ գուցե այնքան էլ բարդ չէ գտնել «ամոթ է, որովհետև» արտահայտության շարունակությունը։ Օրինակ՝ ամոթ է, որովհետև այս գործողությունը կատարելիս ես վնասում եմ իմ նմանին։ Այսպես իրավիճակը շարունակում է մնալ լիարժեքորեն չչափվող, բայց գոնե ցրվում է այն ցանկը, որում ներառված են ամոթալի համարվող հազարավոր մանրումեծ գործողություններ և որը երբեք էլ գրված չի եղել։ Մենք հանկարծ իմանում ենք, որ սեղանից 2 կոնֆետ վերցնելով Աստծո և մեր նմանի նկատմամբ սերը կասկածի տակ չենք դնում, ուստի կարող ենք խախտել մայրիկի ու բարեկամուհու՝ այդ գործողությունը ամոթալի համարելու լուռ պայմանավորվածությունը։ Իսկ ամոթը, այնուամենայնիվ, կշարունակի գոյություն ունենալ մեր կյանքում՝ պարզապես արդեն որպես ինքնազսպման, ոչ թե ուրիշներին սահմանափակելու գործիք։




