ՀարցուԳԻՏԱփորձ

Մենք անում ենք այն, ինչ ուզո՞ւմ ենք․«ՀարցուԳԻՏԱփորձ»

«Շատ դեպքերում մարդիկ գիտեն, թե այս բանն են ուզում, բայց իրականում այդ բանը իրանց ամենևին պետք չէր, իրանք ոչ էլ ուզում էին։ Այդ բանն իրանց փոխարեն ուզում է երեկվա իրենց զրուցակիցը կամ հեռուստացույցի միջից խոսող մարդը»։

Պատահե՞լ է, որ շատ ցանկանաք մի բան, գիշերն այն երազում տեսնեք, առավոտյան աչքերի առաջ սկզբում դա հայտնվի, հետո նոր՝ լույսը, բոլոր հույզերը՝ դրա շուրջ, բոլոր մտքերը՝ դրա մասին լինեն։

(Եթե այս բառերը լսելիս կոնկրետ բանի մասին մտածեցիք, մաղթում ենք, որ ձեր երազանքն իրականա)։

Երազանքն իրականացրածներ․ իսկ պատահե՞լ է, որ ցանկալին ունենալուց անմիջապես հետո երջանկության զգացման փոխարեն դատարկության զգացում ունենաք։
Դուք իսկապե՞ս ուզում էիք այն, ինչի մասին երազում էիք։

«Մեր մարմինը մի բան կարող է ուզել, մեր հույզերը այլ բան կարող են ուզել, մեր մտքերը կարող են այդ պահին ուրիշ բաների մասին երազել։ Եվ հիմա ո՞վ պիտի որոշի` սրանցից որը պետք է իրականացնել»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր ուզում ենք հասկանալ, թե ինչ ենք ուզում։

***

Մենք գիտենք, որ առողջ լինելը լավ է, առողջ ապրելակերպը՝ անհրաժեշտ։ Գիտենք, որ աշխարհում անթիվ զարմացնող վայրեր ու մարդիկ կան, որ ճամփորդելը կհարստացնի մեզ։ Մենք չենք կասկածում, որ վնասակար սովորություններից ազատվելը մեր օգտին է։ Բայց ինչ-որ բան խանգարում է մեզ անել այն, ինչն անելու անհրաժեշտության մեջ չենք կասկածում։ Մենք հետաձգում ենք այն, ինչը ցանկալի է, պետք ու հնարավոր․ «Ինչո՞ւ» հարցի փոխարեն հաճախ առաջանում է մեղավորության զգացում։ Իսկ գուցե մենք իրականում չե՞նք ուզում անել դա։

Հնարավո՞ր է, որ երբ ասում ենք՝ ուզում եմ գնալ մարզասրահ, բայց շարունակում ենք անշարժ մնալ տաքուկ անկողնում, իրականում ուզում ենք մնալ անկողնում, ոչ թե գնալ մարզասրահ։ Ինչպե՞ս են առաջանում ցանկությունները, ինչպե՞ս հասկանալ՝ որն է մերը, որը՝ պարտադրված, երբ մարմինը, մտքերը կամ հույզերը ընդդիմանում են որևէ ցանկության կատարման ժամանակ, մենք գործ ենք ունենում հարմարավետության գոտուց դուրս գալու պարզ մարդկային անհարմարությա՞ն հետ, թե՞ ինքներս մեզ հուշում ենք, որ սա չէ ճանապարհը, սա մեզ երջանկություն չի բերի։

Ինչպե՞ս գլուխ հանել սեփական ցանկություններից ու երկար ջանքերի գնով դրանք իրականանցելիս չբախվել դատարկության։ Մենք անում ենք այն, ինչ ուզո՞ւմ ենք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Եթե մարդն ունի իր համար հստակացրած նպատակ, ունի իր համար հստակացրած առաքելություն, գիտի՝ ինքը ի՞նչ է ուզում էս կյանքի, ապա ցանկությունները սկսում են կշռվել այսպես՝ սա ինձ մոտեցնո՞ւմ է էդ նպատակին, թե՞ չի մոտեցնում։ Իսկ եթե չկա նման նպատակ, նման (թեկուզ կարճաժամկետ) ձգտում, էդ պահին ինչ հավես է, դա էլ անում ես․ ո՞վ պիտի քեզ ասի` ի՞նչ ես անում, ինչի՞ չես անում»։

Բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ Արմեն Սողոյանը ցանկությունների մասին հարցերիս պատասխանելուց առաջ ինքն է հարցնում․ իսկ դուք ո՞ր ցանկությունը նկատի ունեք։ Ի սկզբանե արձանագրում ենք՝ այն մեկը, որը պարտադրված է ուրիշի կողմից, ձեզ երջանկություն չի բերելու․

«Կարող է մեր գլուխը մտնել, որ այս բանն ինձ պետք է, ամբողջ ժամանակը ծախսենք, որ դա ունենանք։ Ունենալուց հետո ենք հասկանում, որ դա պետք էր, որպեսզի ասեին` վայ, ապրես, ուսիս թփթփացնեն։ Հետո, երբ էդ թփթփացնողները չլինեն կհասկանանք, որ անիմաստ ժամանակ ծախսեցինք։ Էդ նպատակին հասնելը արդյո՞ք բխում էր իմ իրական ցանկություններից, շահից, իմ իսկակա՞ն «ես»-ի, թե՞ վիրավորված «ես-»ի ցանկությունից էր բխում․ինձ մի անգամ ասեցին` էս ի՜նչ չաղ ես դու ու ես որոշեցի, որ պետք է նիհարեմ, սկսեցի ինձ մարզել, տանջել, էս անել-էն անել ու լավ նիհարեցի։ Գնացի, ասեցի` տեսեք, նիհար եմ, ասեցին` հետո՞ ինչ, լավ ես արել՝ նիհարել ես, մենք ի՞նչ կապ ունենք քո նիհարելու հետ»։

Այսպես կարող է պարզվել, որ ձեր օրգանիզմը համառորեն մերժում է ձեր՝ երանելի մկանների հետևից գնալու որոշումը, քանի որ դուք դա չեք ուզում։ Դուք պարզապես գիտեք, որ ուրիշների կարծիքով լավ կլիներ, եթե դա լիներ։ Արմեն Սողոյանի հետ առանձնացնում ենք ցանկությունների մեկ այլ կատեգորիա ևս․ դուք կարող եք ցանկանալ մի բան ենթադրելով, որ դա ունենալու դեպքում կլուծվի ձեր այս կամ այն խնդիրը, իսկ իրականում խնդրի հիմքերը բոլորովին այլ տեղ լինեն։

«Մենք դասընթացների ժամանակ հաճախ կիրառում ենք երազանքների իրականացման տեխնիկան և բոլորի երազանքները տեղում իրականացնում ենք․ոչ թե ինքը թռչնում է Լուսին, այլ օգնում ենք, որ հասկանա` ինչի՞ էր ուզում գնալ Լուսին կամ Տիեզերքում թռչել․․․կամ նիհարել։ Երբ սկսում ենք հասկանալ՝ էդ ցանկությունը ինչին է ուղղված, հասկանում ենք իսկական մոտիվացիան, պարզվում է, որ հեչ էլ դա պետք չէր։ Ուղղակի ունի ինչ֊որ խնդիր, որի լուծումը կապում է դրա հետ, բայց ի՛նքն է կապում։ Իրականում հեչ էլ կապված չեն։ Ու ամբողջ էներգիան, ռեսուրսը ծախսում է ինչ֊որ բանի համար, որը հետո իրան օգուտ չի տալիս»։

Մեր կյանքում աղմուկը շատ է ու սեփական ցանկությունները լսելն ամենահեշտ բանը չէ․ ձեզ մեղադրելու կարիք չկա։ Բայց դա անելու փորձի բացակայությունն արդեն հարցեր է առաջացնում։ Որպեսզի ունենաք այն, ինչ ուզում եք, առնվազն պիտի իմանաք՝ ինչ եք ուզում։ Դուք, ձեր մարմինը, ձեր մտքերը, ձեր հույզերը այդ որոշման հետ կապած ընդհանուր համաձայնություն պիտի ունենաք։

«Ո՞նց է մարդը որոշում՝ ինչ պիտի անի։ Տարբերակ 1․Պրիմիտիվ մակարդակը․էդ պահին մի բան տեսավ, վերցրեց, կերավ։ Տարբերակ 2․ինչ֊որ բան տեսավ, ուզում էր ուտեր, բայց հիշեց, որ իրեն բժիշկները դա արգելել են և չկերավ: Տարբերակ 3․տեսավ ինչ֊որ բան, ուզեց ուտի, արգելք չկար ուտելու, ուղղակի էդ պահին իրավիճակը էնպիսին էր, որ սնվելը նպատակահարմար չէր»։

Այսպես ձեզ առաջնորդողը կարող է լինել մարմնական-բնազդային ցանկությունը․ ուզում էի ինչ-որ բան, վերցրի այն ու կերա՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Կարող է լինել զգացմունքայինը․ մեկն ինձ վիրավորեց ու ես բռնություն գործադրեցի՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Ցանկացած ցանկություն ունի մեկ դոմինանտ աղբյուր։ Մենք ուզում ենք դա, և անում ենք դա։ Իսկ լավագույն դեպքում մենք ցանկանալուց առաջ մի քիչ երկար կմտածենք, կհասկանանք՝ իսկ մեր ո՞ր կարիքն է հոգում այս ցանկությունը, կհամադրենք այդ ցանկությունն ու մեր իրական նպատակը․

«Ուժերի գերլարում միայն սկզբից է պետք լինում, երբ մարդը սկսում է վարժեցնել, սովորացնել իրեն։ Պատկերացրեք՝ Դուք հոգնած, քաղցած, երեկոյան գնում եք տուն ու մտածում եք` գնամ, հաց ուտեմ, պառկեմ, քնեմ, որովհետև մարմինը արդեն SOS է գոռում․ և՛ հոգնած է, և՛ սննդի կարիք ունի։ Գնում եք տուն, նստում եք, ուզում եք մի բան ուտել և հանկարծ պարզվում է, որ հենց հիմա դուք դա պիտի թողեք և գնաք ինչ-որ մեկին օգնելու»։

Եվ հենց սա է իրական ցանկությունը հասկանալու պահը․ ի՞նչ եք ուզում դուք ավելի շատ։ Եթե դուք ընտրեք ինչ-որ մեկին օգնելը, չի նշանակի, որ սնվել չեք ուզում։ Կնշանակի, օրինակ, որ ավելի շատ ուզում եք հետո չտանջվել մեղքի զգացումից։ Բայց փաստ է, որ այդ պահին դուք կայացնում եք ձեր որոշումը ձեր արժեհամակարգի, ձեր աշխարհընկալման, ձեր մտքերի ու հույզերի մասշտաբներին, ձեր հիմնական նպատակներին ու առաջնահերթություններին համապատասխան։

Կարճ ձևակերպմամբ՝ եկեք անկեղծ լինենք, եթե դուք չեք լինում այդ մարդու կողքին, ապա պետք չէ ասել, որ շատ էիք ուզում դա անել։ Դուք, առնվազ, դա բավականաչափ չէիք ուզում։

«Ուժերի գերլարումը պետք է, բայց միայն սկզբնական շրջանում, երբ մարդը սկսում է իրան սովորացնել՝ ինչպես վարվել որոշակի իրավիճակներում, ինչպես թույլ չտալ, որ միանգամից հույզերը գերակշռեն և էն տեսակի քայլեր կատարի, որ հետո ամբողջ կյանքում փոշմանի, ինչպես կարողանա իր մարմնի ցանկությունները կառավարել, որպեսզի այսուհետ մարմինը հասկանա, որ ամեն ինչը անելուց առաջ պիտի մի հատ դուռը ծեծի, հարցնի` կարելի՞ է էս բանը անեմ, նա որոշի` կթողի, թե չէ։ Այսինքն` ներքին բյուրոկրատիա պիտի լինի»։

Կյանքն ինքնահոսի թողնելը ևս որոշում է․ հոգեբույժը չի բացառում դրա գոյություն ունենալու իրավունքը։ Խոսքը միայն այդ որոշմանը գիտակցված մոտենալու, այն ճանաչելու մասին է։ Այդ դեպքում կյանքն ավելի հեշտ կլինի ու կլուծվեն՝ աշխատե՞մ, թե՞ գնամ ընկերներիս հետ զբոսնելու, սովորե՞մ, թե՞ գնամ պարելու և այլ դիլեմաներ։

«Մի բան հստակ է, որ միշտ գործողություն կատարելուց առաջ, որոշելուց առաջ, որևէ ցանկություն բավարարելուց առաջ պետք է հաշիվ տալ՝ արդյո՞ք այս ցանկության բավարարումը իրոք օգտակար է ինձ համար։ Օգտակարությունը պարտադիր չի ինչ֊որ նյութական բան լինի, միայն հոգեկան բավարարվածություն ստանալը կամ միայն իմ մարմինը խնամելը, հաճույքը պատճառելը կարող է բավարար լինել»։

Մարդը նստած է հեռախոսը ձեռքին ու սքրոլ է անում՝ առանց ուզելու։ Նա հոգնել է, բայց կանգ չի առնում։ Գիտի, որ պետք է քնի, բայց բացում է հերթական տեսանյութը, հետո հարց է տալիս ինքն իրեն՝ ինչո՞ւ եմ սա անում, եթե չեմ ուզում։ Հոգեբանության մեջ սա հաճախ կապվում է կամքի և ինքնակարգավորման մեխանիզմների հետ։ Ուղեղը կայացնում է որոշում՝ արագ-ավտոմատ կամ դանդաղ-գիտակցված։ Մենք ավելի հաճախ ընտրում ենք առաջին տարբերակը, և բողոքելուց առաջ պիտի հասկանանք՝ դա ևս ընտրություն է։ Մեր սեփականը։

Ստացվում է՝ ինչ-որ բան ուզելը բարդ բան է։ Նախ դու պիտի հասկանաս՝ ուզողը դու ես, թե ուրիշի կարծիքը, հետո ինքդ քեզ համար պարզաբանես՝ ինչու ես դա ուզում, ինչ խնդիր ես լուծելու դրանով, հետո մտածես՝ իսկ քո այդ ցանկությունը համապատասխանեցվա՞ծ է մտքիդ, զգացմունքիդ, մարմնիդ հետ, նպաստո՞ւմ է մեծ նպատակիդ, թե ոչ։ Մի խոսքով՝ մտածված ուզելը էներգատար գործընթաց է։ Մեր ցանկությունները, կամքը, վարքը ուսումնասիրող մասնագետները հիշեցնում են՝ այս գործընթացը շրջանցելու դեպքում նույնպես դուք մշտապես ունենում եք ցանկություններ, որոնք, սակայն, գուցե ձեզ այդպես էլ չերջանկացնեն։

Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք։ Ուստի արժե ավելի երկար մտածել «ինչ ենք ուզում» հարցի մասին, քանի որ հենց դա է պայմանավորելու այն կյանքը, որն ապրում ենք՝ երբեմն առանց նկատելու։

Մեր կյանքի հաճախ աննկատ, բայց խիստ հաճախադեպ այլ հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button