
«Եթե ուշադրություն դարձնենք մեր առօրյային, կտեսնենք, որ մի շարք հետաքրքիր բաներ են մեզ հետ տեղի ունենում, որոնք հնարավոր է արձանագրել և շատ հետաքրքիր օրինաչափություններ, ընդհանրացումներ ստանալ»։
Այս էպիզոդը կարող էր չլինել։ Բայց իմ հավաքած բոլոր տվյալները ցույց են տալիս, որ իմ տրամադրությունը շատ ավելի լավն է լինում, երբ այս ֆորմատով ձեզ հետ շփվելու հնարավորություն եմ ունենում։ Ամեն հինգշաբթի երեկոյան՝ հաղորդումից հետո, զբոսանքն ավելի հաճելի է, քունը՝ ավելի խորը։ Այս տվյալների և ձեզնից ստացած մեկնաբանությունների ամփոփումն է ինձ ստիպում ամեն շաբաթ պլանավորել հաջորդ թողարկումը։ Իսկ դուք չափե՞լ եք՝ ինչպես են ձեր գործողություններն ազդում ձեր կյանքի որակի վրա։
«Շատ կարևոր է, որ մեր գրաֆիկում տեղ գտնեն անելիքներ, որոնք գործնականում հնարավոր է սկսել և հնարավոր է ավարտել։ Սա շատ հստակ պայման է, որովհետև շատ հաճախ մենք կարող ենք մի բան ցանկանալ, կամ մտածել, որ պետք է անենք, բայց դրա սկիզբը և վերջը լղոզվի և մնա աբստրակտ, մեզ համար՝ անհասկանալի»։
Բարև։ Արդեն 100-րդ անգամ հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայից ես ձեզ ասում եմ՝ եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Հաղորդման 100-րդ ու 2026-ի առաջին էպիզոդը տարին ու կյանքը վերլուծելու մասին է։
***
Այսօր առավոտյան ձեր տրամադրությունը մեծ հավանականությամբ կախված է ձեր օրգանիզմի ֆունկցիոնալությունից, օրգանիզմի ֆունկցիոնալությունը՝ երեկ ձեր ընդունած սննդի չափից ու որակից, ընդունած սննդի չափն ու որակը՝ տոնի նկատմամբ ձեր վերաբերմունքից, ձեր վերաբերմունքը՝ ձեր ընտանեկան ավանդույթներից, ընտանեկան ավանդույթները՝ հասարակական նորմերից։ Մենք այսպես քայլ առ քայլ կարող ենք հետ գնալ հավերժ՝ վերջում անելով մեկ ընդհանրացում․ եթե մտածենք մեր մեկնարկային գործողությունների, դրանց պատճառների ու հետևանքների մասին, հավանաբար կիմանանք՝ ինչու ենք առավոտյան արթնացել հենց այս տրամադրությամբ։
Կան մարդիկ, ովքեր այսպես իրենք իրենց համար հասկանալի ու կառավարելի են դարձնում իրենց կյանքը։ Տարվա ընթացքում քունը, եկամուտներն ու ծախսերը, լաց լինելն ու ժամադրությունների գնալը, մյուս բոլոր գործողությունները թիվ դարձնելով կարելի է հասկանալ ինչ եք զգացել և ինչու, կարելի է սրել կամ մեղմել զգացողությունները, կարճ ասած՝ կարելի է հասնել ինքնաճանաչման ու ինքնավերահսկման բոլորովին նոր մակարդակի։ Այդ ժամանակ գուցե նոր տարվան ընդառաջ կազմվող պլանները դադարեն երազանքներ լինելուց ու ստանանք խիստ գործնական բնույթ՝ դատապարտվելով կատարվելու։
Ինչպե՞ս պլանավորել կյանքը՝ չբացառելով անակնկալներն ու հրաշքները, ինչո՞ւ ուշադրություն դարձնել այն երևույթներին, որոնք կան, բայց երբեք չեն նկատվում, ի՞նչ անել տարիների անցման կետում, ի՞նչը և ինչո՞ւ պլանավորել, ի՞նչը և ինչպե՞ս ամփոփել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մենք անընդհատ պլանավորում ենք մեր անելիքները, տարբեր հիմքերով դրանք դասավորում ենք, բայց ոնց որ թե շատ բան չի փոխվում մեր առօրյայում։ Էդ սխեման հենց մեր գլխում կա և շատ հաճախ դա ուղղակի թղթին հանձելը կամ արձանագրելը նոր լիցք չի հաղորդում»։
ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Աքելյանը տարվա ընթացքում եղածը ոչ թե հիշում, այլ հաշվում է։ Հասկացել է, որ կյանքը լի է տարբեր օրինաչափություններով ու պատճառահետևանքային կապերով։ Եվ ինքը, լինելով իր կյանքի օրինաչափությունները պայմանավորող տվյալների սեփականատերը, ունենալով դրանք ճանաչելու, վերլուծելու, հասկանալու բացառիկ իրավունք, նախընտրում է հրաժարվել հախուռն անորոշությունից։ Կարճ ասած՝ պատշաճ ամփոփել նախորդ տարին ու նույնքան բծախնդրորեն պլանավորել հաջորդը․
«Հատկապես դրսում կան շատ մարդիկ, որոնք կենտրոնացած են հենց պլանավորման, խելացի սխեմաների նախագծման մեջ, դրանց կիրառման հետաքրքիր փորձառություններ ունեն ու էդտեղ մի քանի հետաքրքիր օրինակներ գտա, որոնք հնարավոր էր տեղայնացնել հենց իմ սեփական փորձառության շրջանակում։ Էդտեղից սկսվեց տարբեր տեսակի սխեմաների կիրառումը, տարբեր մոտեցումների համադրումը, որի արդյունքում մի քանի հետաքրքիր տեխնոլոգիաներ բացահայտեցի ինձ համար»։
Դավիթ Աքելյանը, ում մասնագիտությունը մարդու, կյանքի, աշխարհի մասին հարցեր տալն ու պատասխաններ փնտրելն է, սկսեց փնտրել իր վերաբերյալ հարցերի պատասխանները նաև այս ճանապարհով։ Այսպես պարզվեց, որ, օրինակ, քնի ռեժիմին հետևելով կարելի է հասկանալ՝ ինչու է կոնկրետ շրջանում ընկերների հետ հարաբերություններն ավելի ջերմ կամ լարված։
«Լայն իմաստով սա մի գործընթաց է, որի ընթացքում մենք տարբեր տեսակի մուտքային տվյալներ հավաքագրելով և դա մուտք անելով սխեմայի մեջ, (սխեման կարող է լինել ամենատարբեր՝ թվային, մինչև թղթի վրա որոշակի պատկերազարդումների կամ վիզուալ բորտերի միջոցով) փորձում ենք որոշակի ընդհանրացումներ կամ օրինաչափություններ գտնել, էդտեղ ավելի համակարգված, տեսանելի և հասկանալի դարձնել էդ ողջ պրոցեսը մի սխեմայի շրջանակում։ Նույն պլանավորումն է, ինչը մենք մեր մտքում, առօրյայում տարբեր միջոցներով իրականացնում ենք, բայց մի փոքր ավելի խելացի և ավելի ինտեգրված գործիքակազմով»։

Կարևորն արթնանում ենք․ ի՞նչ իմաստ ունի նշել, թե երբ ենք քնել։ Այս գործողությունը կարող է կյանքը բարդացնելու անիմաստ փորձ դիտարկվել։ Բայց մարդիկ, որոնք ամենօրյա ռեժիմով հետևում են իրենց առողջության, տրամադրության, ֆինանսների տատանումներին, տարվա վերջում հետ նայելիս ունենում են ոչ թե մոտավոր առաջընթացի կամ ձախողման զգացում, այլ կոնկրետ վերլուծություն։ Սա ենթադրություններից ու մոտավորությունից խուսափելու ճանապարհ է, որը բարդ չէ՝ նախապես պլանավորման դեպքում․
«Պլանավորման համար պետք է որոշակի պլանավորում, որովհետև երբ մենք սկսում ենք մեր առօրյան կամ տարին կամ ամիսները կամ որոշակի աշխատանք պլանավորել, դա ենթադրում է, որ մենք գիտենք որոշակի սխեմա, որի շրջանակում մեր էս մուտքային տվյալները փորձելու ենք հավաքել, դրանք ներդնել էդ սխեմայի մեջ և ըստ դրա փորձենք որոշակի գնահատում իրականացնել։ Եթե էս հատվածը մենք կարողանում ենք ապահովել և դրան մի քիչ ավելի լրջորեն մոտենալ, բուն պլանավորման գործընթացը բավականին հեշտ տարբերակով է ընթանում»։
Այսպես, օրինակ, տարեսկզբին կարելի է հատկացնել մի քանի ժամ ու կազմել 12 ամսվա համար նախատեսված մի սխեմա։ Ենթադրենք՝ այն նվիրված է ծախսերին։ Եթե ամեն բան ճիշտ նախապատրաստվի, ամեն օր մի քանի վայրկյան հատկացնելով հնարավոր կլինի լրացնել այդ օրվա համար նախատեսված պատուհանները, տարվա ընթացքում տեսնել՝ ինչ ավելորդ ծախսեր եք անում, տարվա վերջում ձեռքի տակ ունենալ ձեր ֆինանսական հոսքերի ողջ պատկերը։ Կյանքն ավելի վերահսկելի դարձնելու համար շատ ժամանակ պետք չի։
Աշխարհում հազարավոր մարդիկ այսպիսի սխեմաներ են պատրաստում՝ ինչի համար ասեք։ Դավիթ Աքելյանն, օրինակ, երկար ժամանակ չափում էր իր օրվա տրամադրությունը և տարեվերջին «սա ուրախ տարի էր» ասելիս հստակ գիտեր՝ ինչ նկատի ունի․
«Ես նման գրաֆիկի ինտեգրման պարագայում գնահատումը անում էի շատ ինտուիտիվ կերպով, այսինքն` օրվա հետ կապված առաջին զգացողությունը ո՞րն է։ Երեսուն վայրկյանի ընթացքում, որ զգացողությունը դոմինանտ էր, դա էլ արձանագրում էի։ Շատ հաճախ լինում է, երբ նայում ենք՝ օրվա ընթացքում ինչեր ենք արել, կարող ենք գտնել իրադարձություններ, որոնք մի փոքր մտահոգիչ էին, խանգարող էինք, չգիտեմ՝ խցանումների մեջ էինք, աշխատանքում որոշակի լարվածություն կար, հոգնածություն կար և այլն, բայց, այնուամենայնիվ, էդ պահին ետ նայելով կարող է զգանք, որ ամեն դեպքում էս օրն էլ ավարտվեց ու վատ չէր, գուցե ավելի վատ կարող էր լինել, սա էլ էր հետաքրքիր փորձառություն, շատ բաներ սովորեցի կամ սովորեցի որոշ բաներ, որ չպետք է անել և այլն»։

Նոր տարվա առաջին օրերը, թերևս, լավագույն հնարավորությունն են տալիս մտածելու՝ ինչը կարելի է վավերագրել հենց ձեր կյանքում։ Այս գործողությունը չի կարող լինել ինքնանպատակ, քանի որ եթե չգիտեք՝ ձեր ինչին է պետք այս տվայլները, դժվար թե 365 օր թեկուզ մի քանի րոպե հատկացնեք դրան։ Սա, իրականում, պլանավորուման հմտությունները զարգացնելուն, կյանքն ավելի կառավարելի դարձնելուն, ինքնաճանաչման բարձրացման և այլ գործառույթներից բացի հետևողականությունը կոփելու հատկություն ունի։ Բոլոր մարդիկ չէ, որ դրան պատրաստ են։
«Կարևորն այն է, որ եթե մենք փորձենք որոշակի վարքի մոդել մեզ համար ընդօրինակել և դրա հետ, որոշակի ջանք գործադրելու պարագայում, մեզ շատ հետաքրքիր բաներ է վերադարձնելու, շատ հետաքրքիր տվյալներ, օրինաչափություններ, ինքներս մեզ ճանաչելու հետաքրքիր գործիքներ, միջոցներ, որոնց արդյունքում հնարավոր է շատ-շատ հետաքրքիր բաներ պարզել հենց ինքներս մեր մասին, մեր առօրյայի մասին և այն ամենի մասին, ինչի հետ մենք սովորաբար ապրում ենք»։
Ի՞նչն եք ուզում դուք վավերագրել․ ընկերների հետ հանդիպումների հաճախականություն, զրույցների որակ ու դրանցից հետո ունեցած տրամադրության փոփոխություննե՞ր, նոր ծանոթությունների քանակ ու դրանց երկարակեցությո՞ւն, ավտոճանապարհային խախտումների քանակ ու դրանց պատճառնե՞ր, թե՞ այլ բան։ Ամեն ինչ հնարավոր է թիվ ու վերլուծության առարկա դարձնել։
Ինչպես սա՝ այս հաղորդման էպիզոդների քանակը, դրանք թեմատիկան, հեռարձակվելուց հետո ունեցած զգացողությունները, ձեր՝ ռադիոլսողի արձագանքը և այլն։ Դրանք կարող էին անցնել աննկատ ու լիներ միայն մոտավոր զգացողությունը՝ ամեն ինչ լավ է։ Բայց կարող էին դառնալ գրաֆիկ ու դրդել այսօր ասելուն՝ սա «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի 100-րդ էպիզոդն էր, մենք եթերում կլինենք նաև 2026-ին՝ մեր կյանքը պայմանավորող այլ պարզ-աննկատ հարցերի գիտական ու մասնագիտական հիմքերը բացահայտելու ակնկալիքով։




