
Արսեն Համբարյանի նախնիները Կարսից են, որտեղ շատ կար գինու, ցորենի և այլ տեսակի մթերքների պահեստներ՝ ամբարներ, որտեղ Համբարյան գերդաստանից շատերը հաշվապահական աշխատանքներ էին կատարում։ Հնարավոր է, որ նրանց ազգանվան ծագումը կապված է ամբարի` շատ տարածքներում համբար արտասանվող բառի հետ։ Գերդաստանի անդամները սիրում էին նվագել տարբեր երաժշտական գործիքներ և երգել։
Երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանի հիշողություններում միշտ ապրում է մայրական Աշոտ պապը, որին իր ընկերն էր համարում առաջին և ամենակարևոր ուսուցիչը։ Շատ երաժշտական այս մարդն աչքի էր ընկնում նաև իր իմաստուն խորհուրդներով և հետաքրքիր ու ճիշտ ապրելակերպով։ Արսենի հորեղբոր տղաները, հորաքույրը լավ նվագում են և երգում։ Նրանց հետ միաժամանակ սկսեցին երգել Արսենը և քույրը՝ Ռուզաննան։ Ի դեպ երիտասարդ կոմպոզիտոր՝ Անահիտ Մնացականյանը վերջինիս դուստրն էր, որը դժբախտ ճակատագիր ունեցավ։


Արսենի առաջին համերգները տեղի ունեցան հարևանների, ընկերների, գերդաստանի անդամների միջավայրում։ Հարազատներն իրենց ընտանեկան խնջույքների ժամանակ չէին մոռանում Արսենին, քանի որ նրա երգերով խնջույքներն ավելի հետաքրքիր էին դառնում, իսկ փոքրիկ երգչի ծնողները միայն հպարտանում էին նրանով։
2008 թվականին, Արսենը հիմնադրեց «Արատտա» հայ խոսքի և երգի համույթը, իսկ հետո՝ 2009 թվականին, Արևմտյան Հայաստանում նկարահանեց «Տիր» տեսահոլովակը, ծնվեց Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված համերգի տեսաերիզը։
2012 թվականից Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչն է։ Այս ամենին զուգահեռ՝ սկսեց ստեղծագործել՝ գրել գրքեր, դարձավ Հայաստանի գրողների միության անդամ։
2013 թվականին լույս տեսավ Արսեն Համբարյանի «Առակներ» ժողովածուն, գրքի հերոսը՝ Ծերունի խրատն է՝ իմաստունի հորինած կերպարը։ Գիրքը հետաքրքրեց և՛ երիտասարդներին, և՛ մեծահասակներին և այն շատերի գրպանի գիրքը դարձավ։

Այս գերդաստանի շառավիղներից Գրիգոր Համբարյանը ևս երգիչ է։ Նրա նախնիներն Էրզրումից անցել են Կարս, իսկ հետո ցեղասպանության տարիներին, շատ քարավանների հետ մեկնել են Ջավախք՝ Ախալցխա։ Սա գիտնականներով, արվեստի գործիչներով լեցուն մի քաղաք էր։ Դեռ փոքրուց երգիչներից շատերի հետ սկսեց առնչվել Գրիգորը։ Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը հաճախ էին հյուրընկալվում իրենց տանը՝ երբ Երևանից գալիս էին Ախալցխա։ Նրանց կատարումները ոգևորում, դաստիարակում, կրթում էին տղային, հայտնում իսկական երգեցողության հմայքի գաղտնիքները։
Այս ամենից բացի, Գրիգորի պապը տիրացու էր, լավ երգում էր, ջութակ էր նվագում և ուներ 1713 թվականի ջութակ, որը մինչ այսօր, նա պահում, պահպանում է աչքի լույսի պես, երբեմն էլ նվագում՝ հետաքրքրասեր հյուրերի համար։ Աբովյան քաղաքի հանրությունը մշտապես հիշում է «Գանձեր» անսամբլի կատարումները։

Եղբայրներ դարձած՝ Արսենն ու Գրիգորը սկսեցին համերգներով շրջագայել, ստեղծագործել ու կատարել ուժի, հզորության մասին ոգեղեն երգեր, հետաքրքիր իրադարձություններով ու նկարահանումներով լի ճամփորդություններ ունենալ։ Համբարյանների կատարումները ջերմ ընդունելության են արժանացել ոչ միայն հայաստանյան, այլև օտար երկրների հանրության շրջանում։




