
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանն անգնահատելի ներդրում է ունեցել հայ ռեալիստական գեղանկարչության մեջ՝ դիմանկարի ժանրի կայացման գործում։ Եվրոպայում ստանալով ակադեմիական կրթություն և արվեստում նախընտրելով ռեալիստական ուղղությունը, նա հոգեբանական դիմանկարը ներդրեց գեղանկարչության մեջ և նոր որակի հասցրեց հայ դիմանկարչական արվեստը։
Նրա թոռնուհին՝ Նունե Աղաջանյանը, Երևանում արդեն 25 տարի գործող «Փերի» գործվածքների խանութ-սրահի հիմնադիր տնօրենն է և մշտապես վառ է պահում իր պապի հիշատակը։
19-րդ դարի վերջին Շուշին համարվում էր Անդրկովկասի 2-րդ քաղաքը՝ Թիֆլիսից հետո։ Շուշիի գեղեցիկ ու գողտրիկ փողոցներից մեկում բնակվում էին Աղաջանյանները։
Մելիքսեթը, Շուշիում դերձակ էր, նա միջահասակ էր, բարի, մարդասեր, անչափ խիստ էր և բացառիկ ճաշակ ուներ։ Ամուսնացած էր Հերիքնազ Քոչարյանի հետ, որը յուրահատուկ նախշերով ձեռագործ աշխատանքների՝ ասեղնագործության ու շյուղերով հյուսքի հիանալի վարպետ էր և 5 երեխաների մայր։

Վաղ մահացավ Հերիքնազը՝ խորը թախիծ թողնելով 6 տարեկան տղայի՝ Ստեփանի հոգում։ Չնայած քիչ էին հիշողությունները, սակայն Ստեփանը միշտ հիշում ու պատմում էր մոր հոգեթով վերաբերմունքի մասին։
Հերիքնազի մահից 3 տարի անց Մելիքսեթն ամուսնանում է Ազիի հետ, որը միջահասակ, համեստ կին էր՝ մուգ գույնի զգեստով, գլխին կրում էր չիկիլա՝ ժանյակե գլխաշոր։
Համբերատար Ազին երբեք չէր տրտնջում երեխաների արարքներից։ Նա իր հետ բերել էր նաև որդուն՝ ծնված առաջին ամուսնուց, որը հաշտ ու համերաշխ մեծացավ Մելիքսեթի 6 երեխաների հետ։
Ստեփանը, հավանաբար ժառանգել էր մոր՝ Հերիքնազի, գունազգացողությունը և մանկությունից սիրում էր նկարել, իսկ երբ ընդունվեց Շուշիի թեմական դպրոցը, տղայի ողջ ուշադրությունն ու հետաքրքրությունն ուղղվեց դեպի նկարչությունը, հատկապես՝ հայրենի բնաշխարհը։
Տասը տարեկանում նա փորձում էր կրկնօրինակել հայտնի նկարիչներին։ Ազին հատուկ ուշադրության էր արժանացնում սևաչյա, գանգրահեր, արտահայտիչ դիմագծերով տղային՝ նրան համարելով փոքրիկ նկարիչ։



1886 թվականն էր, Ստեփանին նկատեց ընտանիքի լավագույն բարեկամ՝ Ասլան Դային, որը խնդրեց Մելիքսեթին՝ շնորհալի տղային իր հետ տանել Եվրոպա։ Ստեփանը մեծ ուրախությամբ ընդունվեց Մարսելի նկարչական ստուդիան․ ապա կրթությունը շարունակեց Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։
Եվրոպայում, ուսումնառության տարիներին, Ստեփանը ծանոթություններ և կապեր ստեղծեց անվանի եվրոպացի արվեստագետների և արվեստաբանների հետ, որոնք մեծ դեր ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման և մասնագիտական հմտության զարգացման վրա։

Ստեփան Աղաջանյանը 1900թ․-ին վերադարձավ Շուշի, աշխատեց Բաքվում, ապա տեղափոխվեց Դոնի Ռոստով։
1921թ․-ին վերադառնալով Հայաստան՝ 1929 թվականին պաշտոնավարեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը։ Այս տարիների նրա մանկավարժական և ստեղծագործական կյանքը բեղուն էր և ուշագրավ: Նրա ներդրումը հայ գեղանկարչության մեջ հոգեբանական դիմանկարի ժանրի զարգացումն էր։
Ստեփան Աղաջանյանի և Վարսենիկի միակ որդու անունն Աղվար էր, կազմված հոր ազգանվան և մոր անվան սկզբնատառերից։ Աղվարն ատամնաբույժ էր և ամուսնացել էր բանաստեղծուհի Հելեն Ավագյանի հետ, որն այսօր բնակվում է ԱՄՆ-ում։
Հավելենք նաև, որ Հելեն Ավագյանը ստեղծել է բազմաթիվ բանաստեղծական շարքեր, որոնք ինքնատիպ երանգավորում ունեն։
«Արևականչ» ժողովածուն իր մեջ կրում է բանաստեղծուհու երևակայական ներուժը՝ հայրենյաց լեռների քարեղեն ամրությունից մինչև անպարփակ քնքշություն։

Նունե Աղաջանյանը, ամուսնացած է Երևանում հայտնի ու շնորհալի դերձակ Վաղարշակ Թորոսյանի հետ։ Նրա հաճախորդներն ոչ միայն սովորական մարդիկ էին, այլև արվեստի հայտնի գործիչներ։ Նրան դիմում էին Սունդուկյան թատրոնի դերասանները, երգիչներ։
Վաղարշակն ու Նունեն միասին հիմնել են «Փերի» գործվածքեղենի խանութ-սրահը։ Այս խանութում ամենագրավիչը՝ կտավների ճիշտ ընտրությունն է, որոնք ներկրվում են տարբեր երկրներից, սակայն նրանց համագործակցությունը հիմնականում Միլանի առևտրական կազմակերպությունների հետ է։
Ամուսինների յուրօրինակ ընտրությունը գրավում է խանութ-սրահի այցելուներին, որոնք հիմնականում արվեստի գործիչներ են։ Սրահում աշխատում են բանիմաց և փորձառու աշխատակիցներ, որոնք այցելուներին առաջարկում են իրենց նախասիրություններին համահունչ տեսականի։
1940թ․-ի դեկտեմբերի 13-ին, հանգեց տաղանդավոր նկարչի սիրտը։ Նրա էտյուդները, դիմանկարներն ու նատյուրմորտները ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Աբովյան 42 հասցեում, «Փերի» խանութ-սրահի հարևանությամբ, անցորդները կարող են նկատել «Ստեփան Աղաջանյան» հուշատախտակը։ Եվ յուրաքանչյուր արվեստագետ թող հիշի նկարչի պատգամը․ «Արվեստին չպետք է դավաճանել, պետք է ամբողջապես նվիրվել նրան, եթե փորձես դավաճանել, ապա նա անպայման, որևէ կերպ վրեժ կլուծի, կխայտառակի քեզ»։




