Գրականությունը, մարդիկ՝ մեծ նշանակություն ունեն անհատի ձևավորման գործում։ Արժեբանական, գիտելիքների, բնավորության հղկման առումով նրա կյանքում կարևոր դեր է ունեցել հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։
Կարծում է, որ արժեհամակարգը գալիս է այն գիտելիքներից ու ազդակներից, որը մենք ստանում ենք մեր կյանքի ընթացքում։ Ցանկացած գործ փորձառություն է և ավելի մոտ է տանում նպատակին, խորշել աշխատանքից չի կարելի։
Այն գիտելիք է ու դեպի վեր տանող աստիճան։ Դեռ դպրոցական էր, երբ Վրաստանից տեղափոխվեց Հայաստան և ուսումը շարունակեց Վանաձորում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեց Ռուաստան աշխատելու, որպեսզի իրագործի նպատակը՝ կարողանա սովորել ինստիտուտում։
Ընդունվեց Կրասնոդարում թատերական ինստիտուտ, բայց թողեց ամեն բան ու վերադարձավ Հայաստան։ Մտադրված էր Հայաստանում ընդունվել թատերական ինստիտուտ, բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին և ընտրեց իրավաբանական ոլորտը, թեպետ ուսանողական տարիների զգալի մասն անցկացրել է թատերական ինստիտուտում։ Վստահ է․ ամեն ինչ կախված է մեր նպատակներից, պետք է սկզբունքներին չդավաճանել, ունենալ արժեքներ և դրանցից բխող նպատակ ու դրան հասնելու համար ճիշտ քայլեր ձեռնարկել։
Կարծում է, երբ կա որևէ արժեքի նկատմամբ հավատամք, դա իրականացվում է քաղաքականության միջոցով։ Պատերազմները լինում են գաղափարների համար․ բիզնեսները նույնպես գաղափարից են ծնվում․ գաղափարներ կան, որ հակամարդկային են․ գաղափարներ կան, որ միտված են մարդկային լինելուն, բայց հակառակ է մարդու բնույթին և դառնում է հակամարդկային։
Գլխավորը՝ այդքան մարդու կյանքի ճանապարհը չէ, որքան այդ կյանքի ճանապարհը մարդկության կյանքի ճանապարհի մեջ։ Կարծում է, որ ամեն մարդու կյանք մի թել է, ու տարբեր մարդկանց կյանքի թելերը միահյուսվելով շարունակում են միմյանց, ազգի թելը դառնում է հյուսվածք, պարան, դրանք էլ փաթաթվում են այլ ազգի հյուսվածքներին ու այդպես շարունակ։
Եթե մեր թելը մրցունակ է, ապա մենք կարողանում ենք մեր տեղը գտնել արևի տակ, եթե ոչ այն ուծվում է այլ թելերի մեջ, համ ու հոտ տալով դրանց, ու մեր թելը որպես այդպիսին վերանում է։
Լինելու է այն, ինչ լինելու է․ այլ հարց է, թե ինչ հանգամանքներ են, որ ստեղծում են այդ իրավիճակը, որ լինում է այդպես։ Երևանի հումանիտար համալսարանի տնօրեն Գարեգին Միսկարյանի հաջողության նոտան։