Հաջողության նոտա

Վախը՝ որպես մասնագիտական ընտրության շարժառիթ․ «Հաջողության նոտա»

Մանկուց հստակ որոշել էր՝ բժիշկ է դառնալու, գիտեր, որ ընտրելու է ստոմատոլոգիայի ճանապարհը։ Բժշկի նկատմամաբ մանկական վախն է, որ բերել է մասնագիտության ընտրությանը, հույս ուներ, որ կփոխի վախ առաջացնող մոտեցումները։

Ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Մխիթար Կոշտոյանը գնում է իր վախերին ընդառաջ։ Կարծում է, որ վախը պետք է հաղթահարել, ասում է՝ «ոչ մի հոգեբան չի կարող Ձեզ օգնել, եթե դուք չցանկանաք»։

Աճելու և զարգանալու համար կարևորում է նաև խնդիրները, որոնք պետք է հաղթահարել։ Առաջին բժշկական լուրջ միջամտության ժամանակ, որ արել է միայնակ, ունեցել է լարվածություն, բայց ոչ վախ․ վստահ է, որ միայնակ լինելու պարագայում է, երբ սկսում ես հստակ վստահել գիտելիքներիդ պաշարին, քանի որ հույսդ ամբողջությամբ քեզ վրա է։

Կարծում է՝ բուժառու–բժիշկ վտահությունը վերջնական լավ արդյունքի հիմքն է, իսկ վստահության հարցում օգնության են գալիս հոգեբանի հմտությունները։

Հայաստանում իմպլանտոլոգիան ավելի տարածված է՝ պայմանավորված նրանով, որ նախկինում ոչ թե բուժման շնորհիվ երկարացնում էին ատամների կյանքը, այլ հեռացնում էին, և այդ առումով իմպլանտները փրկություն են։ ժամանակակից ատամնաբույժներն ավելի պահպանողական բժշկության կողմնակից են, հնարավորության դեպքում անում են ամեն բան ատամի կյանքը երկարացնելու համար, քանի որ վստահ են, որ ոչ մի ժամանակակից լուծում չի կարող ամբողջությամբ փոխարինել իսկական ատամը։

Ստոմատոլոգիայի բնագավառում փոփոխությունները սրնթաց են, և բժշկությունն այն ոլորտն է, որտեղ անհրաժեշտ է անդադար սովորել։ Մխիթար Կոշտոյանը կարևոր է համարում բազային ամուր գիտելիքները, բայց դրանցով չի բավարարվում, փորձում է տեղյակ լինել վերջին նորամուծություններին և դրանք համադրել կայուն գիտելիքների հետ։ Մասնագիտական գրքեր, հոդվածներ, կոնֆերանսներ տարբեր երկրներում․ ուրախությամբ նշում է, որ մեր երկրում ակտիվ զարգանում է բժշկական տուրիզմը և արդեն շատ են դիմում օտարազգի բուժառուներ Եվրոպական տարբեր երկրներից։

Սոցիալական հարթակներում այնքան էլ ակտիվ չէ ժամանակի սղության պատճառով, բայց որակյալ աշխատանքի շնորհիվ բուժառուների պակաս չունի։ Թեպետ աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, բայց կարողանում է ժամանակ հատկացնել մարզվելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button