Սիսիանի մշակութային կարևոր կենտրոններից մեկն է Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղը՝ այժմ արդեն վերանորոգված, արդիականացված, պրոֆեսիոնալ լուսավորությամբ թարմացված և վերաբացված:
Սիսիանի պատկերասրահը գործում է 1996 թվականից: Այստեղ կարելի է դիտել 20-րդ դարասկզբից մինչև մեր ժամանակների հայ նկարիչների ստեղծագործությունները՝ ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններով:
Այս ինքնատիպ մշակութային հարթակն այցելուներին հնարավորություն է տվել ծանոթանալու այնպիսի անվանի արվեստագետների աշխատանքներին, ինչպիսիք են՝ Եղիշե Թադևոսյանը, Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Մարիամ Ասլամազյանը, Հարություն Կալենցը, Հենրիկ Սիրավյանը, Հակոբ Հակոբյանը և այլք։
Պատկերասրահի վերաբացումը նվիրված է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ, ականավոր գեղանկարիչ, գրաֆիկ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։
Սիսիանի պատկերասրահում բացվել է արվեստագետի տարբեր տարիների ստեղծագործություններն ամփոփող ժամանակավոր ցուցադրություն: Միջոցառումը միավորել է բազմաթիվ արվեստագետների, մշակութային գործիչների ու պարզապես արվեստասերների: «Հատվող եթեր» հաղորդման հյուրը Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանն է։