ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Դեբեդ, ես քեզանից նեղացել եմ»․ ալավերդցիների վերաբերմունքի և «բլոկադայի» մասին պատմում են «Անկյուն+3»-ի լրագրողները

«Դեբեդի կիրճ» խորն ու գեղատեսիլ խզվածքի երկայնքով, գետի 2 ափերին նախկին արդյունաբերական հսկա Ալավերդի քաղաքն է։ Հայաստանի ամենաջրառատ գետի վարարումն այնտեղ վերջին կես դարի կտրվածքով աննախադեպ իրավիճակ է ստեղծել։ Դեբեդի ափերից դուրս գալու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց բարձրադիր հատվածում գործող մարզային հեռուստաընկերությունը։ Բայց, վերևում էլ ամեն ինչ հարթ չի ընթացել։

Գետից «նեղացել են», հետը չեն խոսում

«Ալավերդու ժողովուրդը գիտե՞ք ոնց են՝ մենք ամեն ինչ զգում ենք։

Հիմա ամեն մեկը մի բան գրում է՝ «Դեբեդ, ես քեզանից նեղացել եմ»,  «Կողքով քայլում եմ, էլ հետը չեմ խոսում»։ Իրոք շատերը նեղացել են, որովհետև քո Դեբեդն է, ու մեկ էլ հանկարծ քանդում է քո սիրելի քաղաքը»։

Լոռվա վիշապանման ձորը ձևավորած գետի մեկ գիշերում փոփոխված վարքագծի ու դրանից հետո տեղի ունեցածի մասին լսելու համար Ալավերդի քաղաքում բարձրանում եմ սարն ի վեր։  «Սանահին Սարահարթ» թաղամասում է գործում «Անկյուն+3»-հեռուստաընկերությունը, որի ռեպորտաժներով մայիսի 26-ի առավոտյան տեղեկացանք մարզում տեղի ունեցողի մասին։

Զրուցակիցներս ընկերության աշխատակիցներն են։

Տնօրենը՝ լրագրող և ռեժիսոր Հրաչյա Պապինյանը «ոչ ավանդական չափման միավորով է» ներկայացնում գետի տրամադրության փոփոխությունը։

«Մեր քաղաքի կենտրոնական հատվածում ֆրանսիացիների կառուցած ջրահավաք պատվարն է, գարնանային վարարումների ժամանակ մենք այդ մասում ասում ենք «Դեբեդը մեջքը ուռացրեց»։ Այդ օրն այնքան է վարարել, որ գետը պատվարի հետ հավասարվել է, այլևս ջրվեժ չէր երևում, իսկ մնացած օրերին ընթացքը ջրվեժի է նման»։

Մենք կապի միջոց էինք՝ առանց կապի

Հեռուստաընկերությունը 26 տարեկան է, կազմով փոքր է, եթերայինի փոխարեն՝ համացանցային։ Տեսահեռարձակման YouTube հարթակում բաժանորդների թիվը 3 տարում 3500-ից հասել է 60 հազարի։ Հետևորդները հիմնականում լոռեցիներն են՝ հարազատ տեղանքից ու ամբողջ աշխարհից։ Դեբեդի «խենթանալու» օրը, սակայն, այն ինտերնետի համահայկական տիրույթի թոփ «լրատվություն մատուցողն էր»։

Մենք կապի միջոց էինք առանց կապի՝ կատակում է ընկերության ղեկավարը։

-Ձեր հեռուստաընկերությունը նշենք, որ համեմատաբար վերին թաղամասում է գտնվում։

-Այո, գետից հեռու է, Սանահին-Սարահարթ՝ անունից  պարզ է՝ քարափի վրա։

Ես 2 օրով գնացել էի Երևան: Առավոտը 6։30 մեր լրագրողներից մեկը զանգահարեց, ժամը 7-ին արդեն կապն անջատվել էր: Սկսեցին աշխատել ու կապ չկա, լրագրողներից ում զանգում եմ ՝ կապ չկա, ինտերնետ չկա։ Բարեբախտաբար Սարահարթի մի տիրույթում մեր ցանցային ինժեները կարողացավ կապ գտնել հեռախոսով, և ինտերնետը «ցրելով» համակարգչին տալ։

Լրագրողները նկարում էին, բերում էին էստեղ արագ մոնտաժում էին, տաքսիներով շտապ ուղարկում էին այդ տղային, նա հեռախոսի կապի միջոցով արագ տեղադրում էր, որպեսզի դա դառնա հանրամատչելի։ Ժամը 13-ին մոտ հասկացա, որ Երևանում այլևս չեմ կարող մնալ, վերադարձա։

Բարձունքի թաղամասում հեռահաղորդակցային օպերատորը կապը մյուս թաղամասերի համեմատ կարողացել է ավելի շուտ վերականգնել։ Դա փրկել է իրավիճակն ու լուրերը մարզից դուրս գտնվողներին են հասել։

«Շատ կարևոր էր, որ հանրապետությունում բոլորը իմանային ինչ է կատարվում, շատերը հարազատներին էին փորձում փնտրել, զանգում, խնդրում էին։ Տաքսիով օպերատորին ուղարկել ենք դուռը թխկացնի տեսնենք մարդը կա, ու գրել ենք, որ Ձեր բարեկամին ոչ մի բան չի եղել, տունն անվնաս է, նման դեպքեր էլ են եղել»։

Մարզային լրատվամիջոց է, գուցե ստուգված լրատվություն չէ՞

Հեռուստաընկերությունից համեմատաբար հեռու բնակվող Լուսինե Փարսադանյանը առավոտյան 7։30 տանից դուրս գալով գիտակցել է՝ լրագրող է՝ առանց լուր մատուցելու հնարավորության։

«Տանից իջա, կապ չկար, որ ինտերնետում դնես։ Նկարում էի Դեբեդն ինչպես է հոսում մեր զբոսայգով ու ամենահետաքրքիրն այն էր, որ տեսա ինչպես է «Տաշիր» մանկապարտեզը շրջանցել, այն դեպքում, երբ անմիջապես գետաբերանին է։ Դեբեդի ալիքների հարվածներն այնքան ուժեղ են եղել, որ ինչ հանդիպել է՝ տարել է։ Մի հետիոտնային կամուրջ ունենք՝ Էնգելսի կախովի կամուրջը, որն այդ պահին կար, մետաղը թռած կար, բայց մի քանի ժամ հետո դա էլ չկար»։

Մարզային հեռուստաընկերության աշխատակիցները աղետի օրվանից աշխատել են 24/7 ռեժիմով, ռեպորտաժների դիտումները հասել են 250-300 հազարի։

Վարարման լուսաբացին, սակայն, հետևորդները ներկայացվածին այնքան էլ չեն հավատացել՝ անկեղծանում է Հրաչյա Պապինյանը։

«Մարդիկ մի տեսակ թերահավատ էին,  առաջին պահին մտածում էին՝ մարզային փոքր  լրատվամիջոց է, գուցե ոչ այնքան ճիշտ, ոչ այնքան ստուգված լրատվություն է։ Կեսօրից հետո հանրապետական լրատվամիջոցներն անդրադարձան, նոր հասկացան, որ աղետի ծավալներն իսկապես մեծ են»։

Երբ արդեն պարզ էր, որ տեղի ունեցածը Դեբեդի ամենամյա «ավանդական» հեղումները չեն, լրատվամիջոցին են դիմել միջազգային գործընկերները։

«Առաջին օրերին բազմաթիվ խնդրանքներ ստացանք միջազգային լրատվամիջոցներից՝ կադրեր, տեքստեր փոխանցելու համար։ Մեր աշխատակազմը փոքր է, եթե 3 լրագրող դուրս էին գալիս նկարահանման, ես պետք է խոսեի ուղիղ կապով, ու դրանց արանքում մի կերպ հասցնում էինք նաև մեր լրատվությունն ապահովել»։

Լրագրողների համար առաջին օրերին գլուխկոտրուկ է դառնում ափամերձ հատվածների նախկին տեսքը մտաբերելը։  Անցնում էինք ու ասում՝ էստեղ մի քարի արտադրամաս կար, ո՞ւր է՝ պատմում է աղետի մասին հերթական ռեպորտաժի տեքստը գրող Լուսինեն։

«Քաղաքում ման էինք գալիս, որոշ տեղեր «բլոկադա» էր, պետք է ալտերնատիվ ճանապարհներ ման գայինք։ Օրինակ՝ չէինք կարող հասնել Ձորագետ, Հաղպատ։ Իմ ռեպորտաժի հերոսը, որ նոր պետք է եթեր գնա, ասում է, որ Ձորագետին մոտիկ՝ Թումանյան հատվածում տանը նստած էինք, դե անձրև է-անձրև է, բան չկա, մեկ էլ տեսել են, որ Դեբեդը հասնում է իրենց  տնակ»։

Ընկեր Պապինյանը, ինչպես նրան են դիմում կրտսեր գործընկերները, մտաբերում է՝ տարածաշրջանում նախկին ամենախոշոր հեղեղումը եղել է 54 տարի առաջ՝ օգոստոսի 14 լույս 15-ի գիշերը։  Այն ժամանակ էլ ավերածությունները մեծ էին, բայց բուն աղետի ձևն այլ էր։

«Քաղաքում 2 ուրիշ վտակներ կան, ջրհեղեղ-սելավը նաև Սանահին գյուղից է լցվել՝ քարափով թափվել ներքև։ Էնտեղ շենքեր  կան, տիղմը, քարերը շպրտելով մինչև 3-րդ հարկը բարձրացել է, մարդիկ են զոհվել։ Այն ժամանակ հայտնի գարեջրի գործարան է եղել, դա է քշել-տարել։ Ինձ գրեց մի լրագրող, որը 70 թվականին լուսաբանել է, ասում է՝ ես հիմա տեսնում եմ ձեր կադրերն ու լուսանկարները, ամենևին համեմատելի չէ, ինչ որ եղել է այն ժամանակ»։    

Դեբեդն իր «կադաստրի թուղթն» ունի

Ի՞նչ է ակնկալում Դեբեդը՝ հարցնում եմ Լոռվա գործընկերներիս։  Հարազատ գետին որպես «շունչ ու հոգի ունեցող» էակի վերաբերվելով, պատասխանում են՝  ուզում է ոչ մեկ իր տարածքը չգրավի, ինքն իր հունով գնա։ Դրա համար պետք է թողնեն, որ Դեբեդը հոսի։ Ընկերության տնօրենն իր բազմամյա լրագրողական դիտարկումներից ելնելով նաև շինարարության որակի մասին է շեշտում։

«Եթե դեպի Քարկոփ կամ Ախթալայի ուղղությամբ գնաք, կնկատեք, որ երկաթուղու մասում քարից հենապատ է կառուցված։ Այն կառուցվել է 1890-ականների վերջում  և այդ պատը չի փլվել։ 100 և ավելի տարիք ունեցող պատերը դիմանում են Դեբեդին, իսկ Ալավերդի քաղաքի կենտրոնում հենապատի միչ հատվածը, իմ հիշողության մեջ արդեն 3-րդ անգամ է փլվում»։

Դիտում եմ նախորդ դարի լուսանկարներ, որոնցում Լոռվա «խենթը» տարածքի առումով ավելի ազատ է։  

«Այսպես ասենք՝ Դեբեդն իր «կադաստրի թուղթն »ունի, մենք ենք մտել իր հունի մեջ։ Սանահինում տեսա՞ք, հենց գետի հունի մեջ են շենքերը, ընդամենը մի հատ պատ է դրված մեկուսացնելու համար։ Մենք ենք խառնվել գետի գործերին»։

Զրուցակիցներս հավելում են՝ գուցե 100, 150 տարի առաջ նման բաներ եղել են, բայց գետին ավելի «զուսպ» են նեղը գցել։   

-Հիմա ավելի շատ ենք մտել Դեբեդի մեջ, 70 թվականին այսքան բան չի եղել Դեբեդի ափին կառուցված։

Back to top button